
Խաչատուր Սուքիասյանն առաջարկում է հին շենքերը քանդել, կառուցել նորերը
Ազգային ժողովում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Հարցեր տալու համար հերթագրվել է 14 պատգամավոր: Ընդդիմադիրները հարցեր տալու համար չեն հերթագրվել և չեն մասնակցում նիստին:
Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտահոգություն հայտնեց, որ տարածաշրջանը գտնվում է սեյսմիկ ակտիվ շրջանում: Պատգամավորը հարցրեց, թե այն շենքերը, որ խորհրդային տարիներին են կառուցվել և «օգտագործման ժամկետը լրանում է», ինչ ծրագրեր կան «հին շենքերը նոր շենքերով փոխարինելու» համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով, նշեց, որ պատգամավորը կարևոր հարց է բարձրացնում: Գլխավոր խնդիրն այն է, որ նախկինում կառուցված շենքերի հետ կապված սեյսմիկ անվտանգության խնդիր կա: Շատ շենքեր կառուցվել են մինչև 7 բալանոց երկրաշարժերի հաշվարկով և չեն համապատասխանում նորմերին:
Գնել Սանոսյանն ասաց, որ այսօր ընդհանուր շինարարական ծրագրերում այդ նորմատիվները հաշվի են առնում:
Պատգամավորն առաջարկեց, օրինակ՝ բարձրահարկ հին շենքերի դեպքում 10 տարի ժամանակ սահմանել նորերով փոխարինելու համար:
Գնել Սանոսյանը նշեց, որ այդ շենքերի հիմնական մասը Երևան քաղաքում են գտնվում, թեև հանրապետության այլ համայնքներում էլ կան:
Նախարարն ասաց, որ Երևանի քաղաքապետարանը մասնավոր հատվածի հետ տարբեր ծրագրեր է իրականացնում հին շենքերը քանդելու, նույն տեղում նոր շենքեր կառուցելու և բնակիչներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ:
Մեկնաբանել