
«Ոսկու շուկայի» աշխատանքները կդադարեցվեն
Երևանի Մ․ Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու շուկա»-ն («Վաղարշ և Որդիներ կոնցեռն») կդադարեցնի աշխատանքները՝ հրդեհային անվտանգության նորմերը խախտելու համար։ Նման որոշում է ընդունել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։
Ըստ ՔՏՀԱ մամուլի ծառայության, Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում։
«Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, և վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել