HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 15 000-ը

Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 15 380-ը։ Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 12 391-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով կա առնվազն 2992 զոհ։

Anadolu գործակալությունը, հղում անելով AFAD-ին, գրում է, որ Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 62 914-ի։ Ավելի վաղ նշվում էր 52 979 վիրավորի մասին։ Թուրքական կողմը նշում է, որ երկրաշարժից մեծապես տուժել են Գազիանթեփի, Հաթայի, Օսմանիյեի, Ադըյամանի, Մալաթիայի, Շանլըուրֆայի, Ադանայի, Դիարբեքիրի և Քիլիսի նահանգները։ Սիրիայում էլ երկրաշարժից առավելապես տուժել են Հալեպը, Լաթաքիան, Համան, Իդլիբը և Տարտուսը։

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է 6000-ից ավելի շինություն։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսները։ Պետությունն աշխատում է համայնքների հետ, հատկապես AFAD-ը՝ իր ողջ միջոցներով»,- Քահրամանմարաշ նահանգում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա յոթօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ երկրում իջեցվել են բոլոր դրոշները։

Թուրքիայի ընդդիմությունը և աղետի գոտուց բազմաթիվ քաղաքացիներ Էրդողանին ու նրա կառավարությանը մեղադրում են անհրաժեշտ ջանքեր չգործադրելու մեջ։ Դրա ֆոնին այդ երկրում արգելափակվել է Twitter-ին և Instagram-ին հասանելիությունը՝ քննադատության ալիքը արհեստականորեն թուլացնելու և տեղեկատվության տարածմանը խոչընդոտելու նպատակով։

Աշխարհի երկրները շարունակում են հումանիտար և փրկարարական օգնություն ցուցաբերել այդ երկու երկրներին և առավելապես Թուրքիային։ Դեռ երկու օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ։ Փաշինյանը երկու երկրների նախագահներին ու ժողովուրդներին ցավակցություն ու զորակցություն էր հայտնել։ Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ փրկարական խմբեր են ուղարկվել Սիրիա և Թուրքիա, որոնք տեղում արդեն մասնակցում են փրկարարական աշխատանքներին։ Հայաստանը Սիրիա նաև սնունդ է ուղարկել։

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին, տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

Լուսանկարը՝ Burak Kara/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter