HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Բացարձակապես անընդունելի է նման հետընթացը». Փաշինյանը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» զեկույցի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության փետրվարի 9-ի նիստի մեկնարկին անդրադարձավ օրեր առաջ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ» 2022 թ. զեկույցին, որի համաձայն՝ Հայաստանը այս վարկանիշում որոշակի նահանջ է գրանցել։

«Այսօր Կառավարության նիստին հրավիրել ենք «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, որպեսզի փորձենք հասկանալ, ինչն է նման հետընթացի պատճառը»,- ասաց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ սա շատ կարևոր ցուցիչ է, և հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարության մեջ Կառավարությունն այս ցուցիչում առաջընթաց արձանագրելու շատ հստակ նպատակ ունի, մինչև 2026թ. որոշակի գործողությունների պլան է մշակված։

«Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ և ոչ նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,- նշեց Փաշինյանն ու խնդրեց Վարուժան Հոկտանյանին ներկայացնել՝ ի՞նչ է նշանակում զեկույցի այդ ցուցիչը, և որո՞նք են պատճառները, որ հանգեցրել են նման արդյունքի։

Ըստ Հոկտանյանի՝ 2012-2018 թթ. այդ ցուցիչը տատանվել է 33-35-ի միջև։

«Երբ ասվում է տվյալ տարվա ցուցիչ, վերցվում է այդ և նախորդ տարիների ուսումնասիրությունը։ Այնպես չէ, որ մի տարին է ուղղակի վերցվում։ Եթե ասում ենք 2022 թ., նաև 2021-ի ուսումնասիրություններն են ներառվում»,- նշեց նա։

Հոկտանյանի խոսքով՝ 2012-2018 մեծ առաջընթաց չէր գրանցվում։ Դրանից հետո եղավ բավական կտրուկ առաջընթաց երկու տարիների ընթացքում։

«2019-ին ցուցիչը միանգամից բարձրացավ 42, 2020-ին ևս 7 միավոր ավելացավ։ 2012-2020թթ․ Հայաստանն այդ տարբերությամբ առաջին տեղում էր ամբողջ աշխարհում, աճը շատ տպավորիչ էր։ Հաջորդ տարի կանգնեց աճը, և այս տարի նահանջեց։ Այն վիճակագրորեն զգալի չէ։ Լուրջ խնդիր չէ, բայց 3 միավոր նահանջը քիչ չէ»,- ասաց Հոկտանյանը։

Ըստ նրա՝ այն վեց աղբյուրները, որոնք Հայաստանի ցուցիչը հաշվելուց օգտագործվել են, առավել մեծ նահանջ այդ 3 միավորից մոտավորապես 75 %-ը տրվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրությունից։

Հոկտանյանի խոսքով՝ առաջին հարցն այն է, թե բիզնեսները որքան են ապօրինի վճարումներ կատարում պետական տարբեր ծառայություններին, օրինակ՝ հարկային, մաքսային ծառայություններին։ Երկրորդ հարցը՝ որքանով են հանրային միջոցներն ոչ օրինական ձևով ուղղվում մասնավորին, սովորաբար՝ գնումների կամ այլ գործընթացների միջոցով։

Ըստ Փաշինյանի՝ այս ցուցիչը մարդկանց ընկալումն է ցույց տալիս, որոնք շփվում են տարբեր պետական մարմինների հետ։

«Ինձ համար և մեզ համար բացարձակապես անընդունելի է նման հետընթացը, ավելին՝ առաջընթացի բացակայությունը։ Վերջին շրջանում շատ աղմկոտ կոռուպցիոն գործեր ենք բացահայտել՝ սննդի անվտանգության տեսչությունում, մաքսային ծառայությունում, Երևանի քաղաքապետարանի վարչական շրջաններից մեկում, Կառավարությունում և այդպես շարունակ։ Մեր խնդիրն այն է, որ կանխարգելենք կոռուպցիան, դրա համար էլ Հայաստանում ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»,- նշեց վարչապետը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ նշեց, որ մինչև 2018թ. Հայաստանի վերաբերյալ համաթիվը երբևէ ընդգծումներ չի ունեցել և չի ներկայացրել, թե որ ոլորտներով պայմանավորված է աճ կամ նվազում արձանագրվում։

«Սա նշանակում է, որ մինչև 40 համաթվի միավոր ունեցող երկրներն առհասարակ գնահատվում են այնքան թույլ ինստիտուցիոնալ և կառավարման համակարգի տեսանկյունից, որ նույնիսկ շեշտադրումներն այլևս իրականացնելու անհրաժեշտություն չկա։

2018-ից սկսած հակառակը տեղի է ունեցել այդ համաթվի փոփոխություն՝ էական գնահատելով այն հանգամանքը, որ քաղաքացիական ընդվզումը Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման նոր հուսադրում է իրականացրել։ Սա նշանակում է, որ արդեն որպես պետություն ՀՀ-ն գնահատվում է այն երկրների համախմբում, որտեղ ոչ միայն կոռուպցիայի ավելի ավանդական կաշառակերության և այլ դրսևորումներն են գնահատվում, այլ հենց կառավարման որակը»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter