
Ատեստավորման նոր համակարգ ԱԱԾ-ում. սահմանապահ զորքերը ստանձնելու են հայ-ադրբեջանական սահմանի պահպանությունը
Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ատեստավորման նոր համակարգ կներդրվի։ Պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորում կանցնեն, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 9-ի նիստում։ Ինչպես հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն առաջին ատեստավորմանը կմասնակցեն կամավոր։
Ատեստավորման կարգը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: Ատեստավորման արդյունքում հավելավճար ստացած ծառայողներին այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում: Ատեստավորումը չհաղթահարած ծառայողը նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ։
«Մեր նպատակը աշխատավարձերի առնվազն կրկնապատկումն է։ Նման փոփոխություն նախատեսվում է նաև պետական պահպանության ծառայությունում»,- հարցի քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՊՆ-ից ընդունելու են հայ-ադրբեջանական սահմանի պահպանությունը։
Կառավարությունը նման որոշումը պայմանավորում է ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ:
«Հաշվի առնելով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները, այդ թվում՝ այն հանգամանքը, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՊՆ-ից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը՝ հրամայական է ԱԱԾ-ն համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես, իսկ հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ու սահմանապահ զորքերում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից՝ վերը նշված ստորաբաժանումներում ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ»,- նշված է նախագծի հինավորման մեջ։
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվեց անհետաձգելի։ Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Մեկնաբանել