HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երաժշտական քոլեջներում ու դպրոցներում մի շարք մասնագիտությունների հանդեպ նվազում է հետաքրքրությունը

Մարիամ Աբրահամյանը Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի «Երաժշտության տեսություն» բաժնում է սովորում։ Յոթ տարի երաժշտական դպրոց հաճախելուց հետո քոլեջի նախապատրաստական կուրսում է սովորել, դասախոսների խորհրդով տեսական բաժին է ընդունվել։ 3-րդ կուրսում միայն ինքն է սովորում, 2-րդ կուրսում ուսանող չկա.

«Հիմնականում չեն դիմում այն պատճառով, որ ընդունվելը ոմանց համար հնարավոր է՝ հեշտ լինի, բայց սովորելը շատ դժվար է։ Քոլեջում քեզնից ամեն ինչ պահանջում են, ես պետք է խորացված հարմոնիա, սոլֆեջիո իմանամ, շատ լավ լսողություն ունենամ, իմանամ հայ երաժշտության գրականություն, դաշնամուր։ Տարբերությունը մնացած բաժիններից այն է, որ, օրինակ, դաշնակահարի խորացվածը դաշնամուրն է, մյուս առարկաները սովորում են, բայց ոչ այդ աստիճան խորացված»,- ասում է նա։

Ավարտելուց հետո տեսաբանը կարող է սոլֆեջիո, հարմոնիա, տեսություն, պոլիֆոնիա և իր ուսումնասիրած ցանկացած մասնագիտություն դասավանդել, բացի այդ՝ զբաղվել երաժշտական լրագրությամբ և քննադատությամբ։

«Քննադատներից շատ բան է կախված. բացում են թերթը, կարդում, միանգամից հասկանում՝ արժի՞ գնալ տվյալ համերգին, թե՞ չէ, որովհետև լավագույնն արդեն գրել է։ Դա էլ ենք մենք անում, դա էլ է մեր մասնագիտության մի մասը»,- ասում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժշտության տեսություն» բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Աննա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ կոնսերվատորիայում տեսաբան-ուսանողները ևս քիչ են. «Ամենաբարդ ֆակուլտետն է։ Եվ՛ընդունելության շեմը հաղթահարելը, և՛ սովորելը՝ թե՛ քոլեջում, թե՛ կոնսերվատորիայում բավականին դժվար է։ Առաջին կուրսում մեկ ուսանող է, երկրորդ կուրս չկա, երրորդ կուրսում՝ չորս, չորրորդ կուրսում երեք ուսանող է, եթե չեմ սխալվում։ Քոլեջներից են դիմում»,-ասում է դասախոսը։

Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի գործավար, քննությունների պատասխանատու քարտուղար Աննա Ունանյանի խոսքով՝ դաշնամուրային, լարային բաժիններում, խմբավար և տեսաբան մասնագիտությունների համար անվճար տեղերը շատ են, սակայն դիմորդներ չկան։ «Այս տարի փողային բաժինը թափուր մնաց»,- ասում է նա։

Դիմորդների բացակայությունը որոշ ուսանողներ բացատրում են բարձր վարձավճարներով։ Ուսման վարձը տարբեր է հայ և արտասահմանցի դիմորդների համար։ Աննա Ունանյանի խոսքով՝ նշված բաժիններում արտասահմանցի դիմորդներ ևս չկան։

Հետաքրքրությունը նվազել է նաև որոշ երաժշտական գործիքների հանդեպ, ինչպիսիք են՝ հոբոյ, տրոմբոն, ազգային գործիքներից՝ սանթուր։ Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսումնադաստիարակության գծով կազմակերպիչ Անահիտ Մարտիրոսյանն ասում է՝ դպրոցում գործում է տրոմբոնի և հոբոյի մասնագիտացված դասարան, որտեղ ուսուցումն անվճար է։

Այս գործիքների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով կառավարությունը խրախուսման ծրագիր է իրականացնում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախարարության աջակցությամբ իրականացվում են «Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» և «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրերը, որոնց շրջանակում հանրապետության բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին ամեն տարի անվճար տրամադրվում են հոբոյ, տրոմբոն, սանթուր երաժշտական գործիքները և դրանց ուսուցումն անվճար է։

Ըստ տեսաբան Խաչատրյանի՝ սովորաբար նրանք, ովքեր ընդունվում են տեսական բաժին, շարունակում են կրթությունը կոնսերվատորիայում։ Մարիամը, սակայն, չի շարունակելու։ «Ես միաժամանակ գրաֆիկ դիզայն եմ սովորել, արդեն ավարտել եմ, գրաֆիկ դիզայնով էլ կշարունակեմ»,- ասում է նա։

Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանին հարցրել էինք՝ որ մասնագիտությունների գծով թափուր տեղեր կան, և ինչ է անում բուհը դիմորդների շրջանում հետաքրքրությունը մեծացնելու համար։ Ռեկտորը նշել է՝ կոնսերվատորիայում չկան մասնագիտություններ, որոնք քիչ դիմորդներ ունեն և այդ բաժիններ ընդունվողների թափուր տեղեր չկան։ «Մշակութային դաշտն ինքնըստինքյան կարգավորվում է, իսկ կոնսերվատորիան իր հերթին ապահովում է համապատասխան մասնագիտությունների կրթական ծրագրերի ուսուցումը, ուսանողակենտրոն միջավայրի ստեղծումը, երաժիշտ-ուսանողի մասնագիտական կայացման համար գրավիչ նախաձեռնությունների իրականացումը՝ համերգների, մրցույթների, փառատոնների, գիտաժողովների, վարպետության դասընթացների և այլնի տեսքով»,-նշել է նա։

ԵՊԿ-ում ուսման վարձը 700.000 դրամ է բոլոր գործիքային կատարողականության մասնագիտացումների համար և 800.000 դրամ՝ «Վոկալ արվեստ» մասնագիտացման համար։ 

Երաժշտության ոլորտում աշխատաշուկա չկա, կամ վարձատրությունն է ցածր։

Դիմորդների սակավությունը կամ բացակայությունը մեր զրուցակիցները պայմանավորում են նաև աշխատաշուկայով։ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի կարիերայի պատասխանատու Աբիսողոմոնյանի խոսքով՝ իրենց ոլորտում աշխատաշուկա չկա. «Ոլորտային կառույցներն աշխատաշուկայում չեն կարողանում շրջանավարտներին ապահովել աշխատանքով։ Նույնիսկ այս պահի դրությամբ ՄԱԿ-ի ֆինանսավորմանմբ Edu2Work հարթակ կա, նայե՞լ եք մշակույթ-արվեստ ոլորտի համար ինչքան թափուր աշխատատեղ է ներկայացված՝ զրո, իսկ իրենք որտեղի՞ց են հավաքագրում կատարում, բոլոր հայտնի կայքերից, որտեղ առկա են թափուր աշխատատեղեր»։

Աբիսողոմոնյանը հետևում է բոլոր կայքերին, մշակում ծրագրեր՝ հեշտացնելու կարիերայի պատասխանատուների աշխատանքը, բայց այս պահին միայն ներքին լծակներով են ուսանողներին աշխատանքով ապահովում։ 

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում աշխատանքի են ընդունում Հայկական պետական մանկավարժական համալսարանից կամ մասնագետների՝ կոնսերվատորիայից։ Դպրոցի տնօրեն Կատրին Ղազարյանի խոսքով՝ լավ մասնագետները երբեք առանց աշխատանք չեն մնում. «Ինչքան լավ երեխա լինում է, մենք ամեն ինչ անում ենք, որ շարունակեն, գնան կոնսերվատորիա կամ երկու երաժշտական քոլեջ ունենք՝ Ռոմանոս Մելիքյանի և Առնո Բաբաջանյանի, գնան այնտեղ կամ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում շարունակեն։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ 25 երաժշտական և արվեստի դպրոցներ ունենք, որոշ համայնքներում ավելի շատ են դպրոցները և լավ դասատուի կարիք բոլորն էլ ունենում են»։

Միևնույն ժամանակ, Աբիսողոմոնյանն ասում է՝ թափուր աշխատատեղեր առկա են մարզերում, բայց ուսանողները չեն ուզում գնալ մարզերում աշխատել, մարզերից հիմնականում արտահոսք կա Երևան, նույնիսկ մարզի բնակիչն է ուզում անպայման աշխատանք գտնել Երևանում։

Աշխատաշուկան բաժանված է փոխկապակցված ոլորտների՝  

  • Երաժշտակատարողական-նվագախմբեր, անսամբլներ, գործիքային տարբեր կազմերի համույթներ, օպերային թատրոն, երաժշտաթատերական հաստատություններ, երգչախմբեր, վոկալ անսամբլներ, մենակատար արտիստի գործունեություն և այլն։
  • Երաժշտամանկավարժական- կոնսերվատորիա, երաժշտական և արվեստի քոլեջներ, դպրոցներ, կրթական տարբեր հաստատություններ, ուսումնական կենտրոններ և այլն։
  • Երաժշտահասարակական- ԶԼՄ-ներ, հեռուստատեսություն, ռադիո, մեդիա ոլորտ։

«Բոլոր ոլորտներում էլ աշխատող երաժիշտների գերակշիռ մասը կոնսերվատորիայի շրջանավարտներն են, ովքեր մասնագիտական առումով այս կամ այն չափով մշտապես կապի մեջ են իրենց բուհի հետ։ Բուհն էլ իր հերթին մշտապես կապի մեջ է հանրապետության գրեթե բոլոր մշակութային հաստատությունների հետ, հաջողությամբ համագործակցում է նաև արտերկրի զանազան կրթական հաստատությունների հետ»,-նշում է կոնսերվատորիայի ռեկտորը։

Կոնսերվատորիայի մագիստրատուրայի «Ակադեմիական երգեցողություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհիներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում ասաց. «Հայաստանում «մաֆիա» է տիրում, եթե մեկը գործից դուրս գալու լինի, հաստատ իր տեղը արդեն գիտեն՝ ով պիտի գա։ Մի քիչ դժվար է, իհարկե, այդ առումով, բայց այնպես չէ՝ անհնար է։ Կա հնարավորություն օնլայն դասավանդելու, որը շատ մեծ առավելություն է։ Հիմնականում դա իմ հեռանկարը չէ, ես միշտ մտածում էի, որ չեմ դասավանդելու, որովհետև իմ նպատակները մի քիչ այլ են, ոչ թե միայն դասավանդել, գնալ դպրոցում մինչև 65 տարեկան դասավանդել»։ 

Շատ ուսանողներ, ովքեր չցանկացան ներկայանալ, ասացին, որ իրենք ևս օնլայն են աշխատում, որն ավելի արդյունավետ է, ոմանք էլ մտադիր են արտերկիր տեղափոխվել։ 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի PR մենեջեր Աստղիկ Դալլաքյանն ասում է՝ Հայաստանում կան նվագախմբեր, անսամբլներ, որտեղ կարող են աշխատել շրջանավարտները, ուղղակի վարձատրությունը բավարար չէ. «Պետք է սկսել այդտեղից։ Մարդը, ով գնում է ջութակի, ֆլեյտայի, կլառնետի ֆակուլտետ, հետո նվագախումբ է ընդունվում, իրեն հերի՞ք է այդ աշխատավարձը ապրելու համար, իհարկե՝ ոչ։ Դրա համար ծնողը մտածում է՝ իմ երեխան գնաց ջութակի, հետո չդարձավ աշխարհահռչակ ջութակահար, ով դրսում պիտի ստանա իր հոնորարները, որով բարեկեցիկ կյանք  կապահովի, բա մնա Հայաստանում ու նվագի որևէ նվագախմբում, ինքը կկարողանա՞ապահովել իր և իր ընտանիքի բարեկեցիկ կյանքը»։

Նվագախումբ ընդունվելու համար պարտադիր է բարձրագույն կրթությունը։ Երբ թափուր աշխատատեղ է լինում, հայտարարվում է մրցույթ։ Կան հատուկ չափանիշներ՝ ինչ ստեղծագործություններ պետք է նվագել։ Մրցութային հանձնաժողովը լսում է մրցույթի մասնակիցներին և ընդունում աշխատանքի։ 

«Երիտասարդական նվագախմբում էլ ուսանողներ են նվագում կոնսերվատորիայից, կա մանկական նվագախումբ, որտեղ նվագում են արդեն քոլեջի կամ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտները»,-ասում է Աստղիկ Դալլաքյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականին մշակել է «Հայաստանի Հանրապետությունում միջին մասնագիտական կրթության կարիքների գնահատում՝ ըստ ոլորտների և հեռանկարային միտումների» և «Ըստ մարզերի և առանձին վարչատարածքային միավորների՝ մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների ցանկի վերանայում» հայեցակարգային փաստաթղթերը, որոնք հետագայում հիմք կհանդիսանան ուսումնական հաստատություններում ընդունելության տեղերի բաշխման համար:

Նախարարարությունը մշակել է նաև ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ), որում նախատեսում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների(ՄՈՒՀ) ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը, ինչպես նաև՝ մանկավարժների տարակարգերի շնորհումը, ինչը ֆինանսական առավելություններ կտա մանկավարժական աշխատողին՝ հավելավճարի ձևով։

Օրենքում կատարվելիք փոփոխությունն ու նշյալ փաստաթղթերը, գուցե, լուծեն միջին մասնագիտական կրթական հաստատություններում ընդունելության տեղերի բաշխվածության հարցը, իսկ ուսանողների ու մանկավարժների համար որոշակի դրական ազդակ լինեն՝ ոլորտում մնալու համար, բայց չեն լուծի հիմնական խնդիրները, օրինակ՝ մշակույթ-արվեստ ոլորտի նշյալ մասնագիտությունների հանդեպ հետաքրքրության աճի, մարզերում թափուր տեղերը համալրելու կամ ուսանողի՝ ավարտելուց հետո աշխատանք գտնելու հարցերը։ 

Քնարիկ Վարդանյան, Սիլվի Պետրոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter