HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21 700-ը

Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 21 700-ը։ Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 18 342-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով կա առնվազն 3377 զոհ։

Ավելի վաղ, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ միայն Թուրքիայում երկրաշարժից տուժել է 72 879 մարդ։ «Ցավոք պետք է հայտնենք զոհերի թվի աճի մասին։ Հիմա այն կազմում է 17 674: 72 879 մարդ էլ տուժել է։ Փլատակների տակից վերջին մեկ օրվա ընթացքում հնարավոր է եղել ողջ հանել 121 մարդու»,- փետրվարի 9-ի երեկոյան ասել էր Օքթայը։

Թուրքիայի փոխնախագահը նշել էր, որ Քիլիս և Շանլըուրֆա նահանգներում ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները։ «Դիարբեքիր, Ադանա և Օսմանիե նահանգներում այդ գործողությունները հիմնականում ավարտված են։ Մնացած նահանգներում, որոնք տուժել են երկրաշարժից, շարունակվում են փլատակների տակից մարդկանց դուրսբերման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ աշխատանքներում ներառված է ավելի քան 120 հազար մարդ։ Փլատակների մոտ անմիջապես աշխատում է 29,6 հազար մասնագետ»,- հայտնել էր Թուրքիայի փոխնախագահը։

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ, որպես օգնություն, 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիային։

Թուրքիայի ընդդիմությունը և աղետի գոտուց բազմաթիվ քաղաքացիներ Էրդողանին ու նրա կառավարությանը մեղադրում են անհրաժեշտ ջանքեր չգործադրելու մեջ։ Դրա ֆոնին այդ երկրում արգելափակվել է Twitter-ին և Instagram-ին հասանելիությունը՝ քննադատության ալիքը արհեստականորեն թուլացնելու և տեղեկատվության տարածմանը խոչընդոտելու նպատակով։

Աշխարհի երկրները շարունակում են հումանիտար և փրկարարական օգնություն ցուցաբերել այդ երկու երկրներին և առավելապես Թուրքիային։ Դեռ երկու օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ։ Փաշինյանը երկու երկրների նախագահներին ու ժողովուրդներին ցավակցություն ու զորակցություն էր հայտնել։ Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ փրկարական խմբեր են ուղարկվել Սիրիա և Թուրքիա, որոնք տեղում արդեն մասնակցում են փրկարարական աշխատանքներին։ Հայաստանը Սիրիա նաև սնունդ է ուղարկել։

Ըստ Anadolu գործակալության հրապարակած տվյալների՝ Թուրքիայում այս պահին աշխատում է հայկական փրկարարական խմբի 57 ներկայացուցիչ։

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին, տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

Լուսանկարը՝ Khalil Hamra / AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter