Անհատական զրույցներ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը միգրանտների խմբում
Հունիսի 7-ին Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Լոռու մարզի երիտասարդական կենտրոնն իրականացրեց «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում» ծրագրի հերթական դասընթացը, որին մասնակցում էին միգրանտների ընտանիքների շուրջ 30 անդամներ։
Ինչպես նշեց ՀԵՀ-ի Լոռու մարզի երիտասարդական կենտրոնի համակարգող Վահե Դոխոյանը, նման դասընթացներ իրականացվում են ոչ միայն մարզկենտրոն Վանաձորում, այլև գյուղական համայնքներում։ Դասընթացներին ներգրավվում են ինչպես միգրանտներ, այնպես էլ՝ նրանց ընտանիքի անդամներ։ Տեղեկատվական-կրթական սեմինարների նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը և կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը բնակչության միգրանտների խմբում:
ՀԵՀ-ի Լոռու մարզային երիտասարդական կենտրոնում անցկացվում են նաև անհատական զրույցներ։ Կենտրոնի աշխատակից Օֆելյա Ստեփանյանը նշում է, որ անհատական զրույցների ընթացքում այցելուներին հետաքրքրում են ՄԻԱՎ-ի կանխարգելման ուղիները, վարակման դեպքում՝ հետևանքները։ «Այցելուները ցանկանում են իմանալ, թե որտեղ կարող են հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ, արդյոք այդ հետազոտությունն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։ Մենք խորհրդատվության ընթացքում տեղեկացնում ենք, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն անվճար է, կարող է կատարվել անանուն, և հետազոտության, ինչպես նաև արդյունքների գաղտնիությունը լիովին երաշխավորվում է»:
Օֆելյա Ստեփանյանը նշում է, որ անհատական զրույցների հաճախող մարդիկ հիմնականում որոշակի տեղեկություններ ունենում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, սակայն շատ անգամ այդ գիտելիքները մակերեսային են ու չճշտված, և իրենց նպատակն է առավել ստույգ ինֆորմացիա հաղորդել ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, ախտորոշման, կանխարգելման վերաբերյալ։
Օֆելյա Ստեփանյանը նկատում է, որ այս թեմայով անհատական խորհրդատվության հիմնականում գալիս են կանայք՝ 18-ից մինչև 50 տարեկան։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է, որ «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում» ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, «ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել