HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու տարբեր մամլո հաղորդագրություններ՝ միևնույն հանդիպման վերաբերյալ

Օրեր առաջ՝ 2023 թ․ փետրվարի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպումը տևել է մոտ 2,5 ժամ։ Նայելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԳԱԱ-ի տարածած մամլո հաղորդագրությունները, դժվար է հավատալ, որ խոսքը նույն հանդիպման մասին է։ Տպավորություն է, որ առաջինում մեծամասամբ խոսել է տիկին նախարարը, երկրորդում՝ նախարարը խոսել է ընդամենը մի քանի րոպե, իսկ գիտնականները ծավալել են մեծ քննարկում։ Որոշեցի խոսել  Գիտությունների ազգային Ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար, դոկտոր պրոֆեսոր Արթուր Իշխանյանի հետ։

Պարո՛ն Իշխանյան, օրերս տեղի ունեցավ հանդիպում՝ նորանշանակ ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան հետ։ Հանդիպումը բավական քննարկումներ է հարուցել գիտական հանրության շրջանում, շատ կրքեր են բորբոքվել․ ո՞րն է, ըստ Ձեզ, պտճառն ու ի՞նչով է առանձնահատուկ այս հանդիպումը։

Ըստ երևույթին, դա պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները մարդկանց դարձրել են խիստ զգայուն՝ ռազմավարական նշանակության խնդիրների հանդեպ։ Այդպիսի ոլորտների ցանկում նաև գիտությունն է, որի կարևորության գիտակցումը հասունացել է և ակնկալիքներն այդ ոլորտից՝ էապես աճել։ Շատ ավելի խորությամբ է գիտակցվում գիտության և տեխնոլոգիաների դերն ազգերի մրցակցության ասպարեզում։

Այնուամենայնիվ, այս հանդիպումն ինչո՞վ էր առանձնահատուկ, որ այդքան քննարկումների առիթ հանդիսացավ։

Առաջնային պատճառը տիկ․ Անդրեասյանի հայտնած այն տեղեկությունն էր, որ, վարչապետի կարգադրությամբ, ստեղծվել է աշխատանքային խումբ, որն զբաղված է գիտության և կրթության արդի վիճակի վերլուծությամբ, և պետք է համապատասխան տեղեկանք ներկայացվի վարչապետին՝ նշված բնագավառների ռազմավարական զարգացման սցենարների վերաբերյալ։ Այդ աշխատանքային խմբի գոյությունը բուռն արձագանք առաջ բերեց տնօրենների շրջանում։ Նրանց ելույթներում տարակուսանք էր հայտնվում, որ այդ քննարկումներում իրենք չեն մասնակցել, մինչդեռ սպասվող փոփոխությունների ենթատեքստում հենց նրանց դերն է կենտրոնականներից մեկը։ Դիտարկվող սցենարներից մեկով ենթադրվում է ակադեմիական ինստիտուտների միացումը բուհերին, մինչդեռ այդ աշխատանքային խմբերում ո՛չ բուհերի ռեկտորներ են ընդգրկված, ո՛չ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ կամ այլ առաջատար գիտաշխատողներ։ Սա, բնական է, առաջ բերեց դժգոհությունների ալիք։ Չ՞է որ օպերացիոն մակարդակով հենց նշված անձինք են, որ պետք է իրականացնեն նման պրոցեսներ․ բեռն իրե՛նց ուսերին է ընկնելու։

Ո՞ր պրոցեսների կամ ավելի ճիշտ՝ ի՞նչ սցենարի մասին է խոսքը։

Ընդհանրապես դիտարկվում են երեք հնարավոր սցենարներ, որոնք առաջադրված են Եվրամիության 2020 թ․ մի պարփակ զեկույցում, որտեղ կատարված է հայաստանյան գիտակրթական համակարգի լայն վերլուծություն և տարված են բազմակողմանի համեմատություններ՝ Արևելյան Եվրոպայի և նախկին խորհրդային այն հանրապետությունների հետ, որտեղ վերջին տասնամյակներում կատարվել կամ չեն կատարվել գիտակրթական ոլորտի ռազմավարական փոփոխություններ։ Կան և՛ հաջողված (Էստոնիա, Լիտվիա), և՛ տապալված (Վրաստան, Մոլդովա), ինչպես նաև երկրներ, որոնք չեն կատարել արմատական փոփոխություններ, սակայն նախկին համակարգը գործում է մեծ հաջողությամբ (օրինակ, Չեխիա)։ Փաստացի, զեկույցով առաջարկվում է դիտարկել երեք տարբերակ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նշված երկրների փորձին։

Կոնկրետ ի՞նչ տարբերակներ կամ սցենարներ են նշում։

Առաջին սցենարով ենթադրվում է ներկա գիտական և կրթական համակարգերի դանդաղ էվոլյուցիա՝ տարբեր փոքր քայլերով նրանց ինտեգրման աստիճանի բարձրացմամբ։ Երկրորդ սցենարով ենթադրվում է  ակադեմիական ինստիտուտների կցում բուհերին։ Երրորդ սցենարով՝ մի քանի գիտահետազոտական և կրթական ինտեգրված ցանցի ձևավորում՝ զարգացած գիտակրթական մակարդակ ունեցող եվրոպական երկրների օրինակով (Ֆրանսիա, Գերմանիա)։

Ո՞ր տարբերակին է հակված կառավարության աշխատանքային խումբը։

Ըստ ամենայնի, երկրորդ՝ ինստիտուտների բուհերին կցելու տարբերակին, ինչն էլ հենց առաջ է բերել այս ռեզոնանսը։ Անհավատալի կհնչի, բայց այդ տարբերակի հիմնական օպերացիոն պատասխանատուները՝ ինստիտուտների տնօրեններն ու համալսարանների ռեկտորներն ընդհանրապես տեղյակ չեն այս քննարկումներից։ Ընդ որում, տնօրեններն արտահայտեցին իրենց անհամաձանությունը, իսկ մասնավոր զրույցներից հայտնի է նաև, որ համաձայն չեն նաև ռեկտորները։

Իսկ ի՞նչ կարծիքի է Ակադեմիան՝ որպես ընդհանուր կառույց։

Ակադեմիայում տարվել են մի շարք քննարկումներ։ Արդյունքում ձևավորվել է հստակ պատկերացում առ այն, որ առավել նպատակահարմար ուղին երրորդն է՝ գիտաուսումնական, գիտաարտադրական, ուսումնագիտաարտադրական մի քանի ցանցերի ձևավորումը ակադեմիական ինստիտուտների և բուհական ֆակուլտետների կամ ամբիոնների, ինչպես նաև, կարևոր է, այլ՝ անգամ մասնավոր շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ։ Այդօրինակ ցանցերը հնարավորություն կտան մեկտեղել ջանքերը՝ գիտական արդյունքի որակի և քանակի բարձրացման, կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև՝ նախադրյալներ կստեղծեն գիտական արդյունքների առևտրայնացման և մեր տնտեսության մեջ ներգրավման համար։ Դրանից կշահեն և՛ գիտությունը, և՛ կրթությունը, և՛ իհարկե տնտեսությունը։ Ակադեմիան իր առաջարկները պատշաճ կերպով ներկայացրել է կառավարությանը։

Եվ ի՞նչ կարծիք է հայտնվել աշխատանքային խմբի կողմից։

Ըստ ամենայնի, ակադեմիայի տեսակետի շուրջ լուրջ քննարկում չի իրականացվել։ Ինչ-որ իմաստով շրջանցվել է այս նախագիծը։

Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում։ Եվ ի՞նչ պետք է անել։

Դժվարանում եմ մեկնաբանել, բայց, ըստ երևույթին, աշխատանքային խմբում շահագրգիռ մասնագետների բացակայության պատճառով։ Ինչպես ասացի՝ խմբում ներգրավված չեն ինստիտուտների տնօրեններ և համալսարանների ռեկտորներ։ Ստացվում է՝ արմատական հարցերը քննարկվում են մասնակցայնության ամենացածր աստիճանով։

Բայց չասացիք՝ ի՞նչ է պետք անել։

Հասկանում եմ, որ Դուք ակնկալում եք ամբողջական դեղատոմս, բայց այդպես չի լինում։ Առավել կարևորը՝ մասնակցայնության բարձր աստիճանի հասնելն է, ինչպես նաև՝ բոլոր շահագրգիռ մասնագիտական կարծիքները մանրակրկիտ քննարկելը, օրինակ՝ նախարարի հետ հանդիպման ժամանակ ես ևս հանդես եմ եկել մի առաջարկով՝ հայաստանյան և արտասահմանյան գիտնականների մի մեծ խմբի անունից։

Նախարարի հետ հանդիպման վերաբերյալ նախարարության մամլո հաղորդագրությունում ոչիչ չկա ասված այդ մասին։

Ցավալի է։ Ակադեմիայի մամլո հաղորդագրությունում այդ պահը հստակ նշված է։

Շնորհակալություն, պարոն Իշխանյան։ Հուսով եմ՝ առաջիկայում մենք էլի կունենանք հանդիպումներ, և կրկին՝ հուսով եմ՝ կխոսենք Ձեր առաջարկի մասին։

Բարի, ես ևս շնորհակալ եմ։

Անուշ Գևորգյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter