HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Հարազատներ

Կիրակի առավոտյան կինը երկար ճմլկոտաց անկողնում՝ աշխատանքային շաբաթը հոգնեցնում էր, ու նա հանգստյան օրերին չէր հագենում քնից: Վերջապես իրեն ստիպեց նստել ու մի քիչ էլ այդպես մնաց անշարժ: Փոփոլավոր հողաթափերը փոքրիկ գորգի վրայից աչքով էին անում: Հագավ ու մտավ բաղնիք: Նայեց հայելու մեջ, տեսավ միջին տարիքի դեռեւս հետաքրքիր կնոջ դեմք՝ հոգնած աչքերով, ժպտաց ինքն իրեն եւ սահեց ջրի տակ:

Դուրս եկավ սպիտակ խավոտ խալաթը վրան գցած ու նստեց ննջասենյակի հայելու դիմաց՝ հարդարվելու:

Մոր մահից հետո մենակ էր ապրում: Ամուսնացած եղել էր մի քանի տարի, բայց մի օր ամուսինը լուռ հավաքեց իրերը, համբուրեց այտն ու ասաց.

-Գնամ, ես ուզում եմ շարունակություն թողնել, մի տխրիր:

Ու հետեւից փակեց դուռը: Այդ օրվանից նրան չէր տեսել, ու ոչ էլ փնտրել էր: Երեխա չէին ունենում, նրան էլ կարելի էր հասկանալ: Ու այդպես շատ տարիներ կինը մոր հետ էր ապրում, երկու տեղ աշխատում, ամռանը ընկերուհիների հետ հանգստանալու գնում: Մայրն իրեն միայնակ էր մեծացրել, նա մի մեծ հիմնարկի հաշվապահ էր շատ տարիներ, ու բավական լավ վաստակում էր: Այնպես որ՝ երբ բանկերը սկսեցին բաժնետոմսեր վաճառել, կինը մոր խնայողություններով բաժնետոմսեր գնեց մի երկու բանկում, որոնք տարիներ անց սկսեցին շահույթներ բերել: Այդ մասին ոչ մեկին չէր ասում, անգամ ընկերուհիներից ոչ ոք չգիտեր դա: Նա չէր փոխել կենցաղը, շարունակեց ապրել մոր երկու սենյականոց բնակարանում, չնայած կուտակած շահույթով կարողացել էր քաղաքի կենտրոնում լավ բնակարան գնել: Մեքենա էլ նորերս էր գնել, թեեւ քաղաքում կանայք վաղուց էին մեքենա վարում՝ չէր ուզում աչքի ընկնել: Նրա մեջ մնացել էր բարդույթը, որ մոր չդասավորված կյանքից էր իր մեջ սողոսկել՝ հայրն աշխատել չէր սիրում եւ մոր վաստակած գումարներն էր վատնում: Անգամ երբ նրանք բաժանվեցին` հայրը գալիս ու ամեն անգամ հերթական ողբագին պատմությունը պատմելով՝ գումար էր պոկում մորից: Այն գումարները, որ մայրը վաստակում էր գիշերները հաշվապահական թղթերի վրա աչք կուրացնելով: Հայրը խմում էր, մոր տված գումարները վատնում այլ կանանց վրա, մինչեւ մի օր էլ հարբած վթարի ենթարկվեց ու մահացավ: Այդ ամենը խորը նստել-մնացել էր նրա մեջ, ու իրեն ալֆոնս տղամարդկանցից հեռու պահելու միակ ձեւը կինը համարում էր իր ապահովված լինելը թաքցնելը: Ընդհանրապես՝ նա հարյուր մետրից ճանաչում էր կնոջ հաշվին ապրող տղամարդու տեսակը:

Ամուսնուց հետո մի անհաջող ընկերություն էր արել՝ արագ ընդհատելով դա: Մի քանի տարի բաժնետոմսերը շատ քիչ շահույթ էին բերում, բայց մայրը հորդորում էր համբերությամբ զինվել, դրանք հետո իրեն կհարստացնեն: Մայրը ճիշտ դուրս եկավ: Մի անգամ, երբ բաժնետոմսերն արդեն շահաբեր էին դարձել, զանգահարեցին բանկերից մեկից, որտեղ ամենաշատ բաժնետոմսերն ուներ, առաջարկեցին վաճառել, քանի որ բաժնետերերից մեկը որոշել էր գնել փոքր բաժնեմաս ունեցողների շահաբաժինները: Կինը բարկացավ եւ մերժեց: Անցավ որոշ ժամանակ, մի օր էլ, երբ հաշվեհամարն էր ստուգում՝ զարմանքով բավական մեծ գումար տեսավ իր հաշվին: Պարզվեց՝ իր բաժին բաժնեմասերն այդ բանկում առքուվաճառք էին ձեւակերպել՝ առանց իրեն տեղյակ պահելու եւ ինչ-որ ձեւով իր էլեկտրոնային ստորագրությունն օգտագործելով: Կինը փաստաբան վարձեց եւ երկար դատական քաշքշուկներից հետո վերականգնեց իր բաժնեմասերը: Փաստաբանն իր տարիքի մարդ էր, կարգին չարչարվեց, ինքն էլ բավական վճարեց նրա ծառայությունների համար: Բանկում շատ էին զարմացել նրա համառությունից, սակայն դա անգամ օգնեց, որ նա նոր բաժնետոմսեր գնի նույն բանկում:

Դրանից որոշ ժամանակ անց իր կյանքում հայտնվեց Սարմենը: Կենցաղային ինչ-որ խնդիր լուծելու առիթով ծանոթացան, կամաց-կամաց մտերմացան: Կինը երկար փորձարկում էր նրան, ինքն իր մեջ ամաչելով դրանից: Իրեն հետապնդում էր հին սինդրոմը, եւ նա բազմիցս ստուգում էր՝ հո Սարմենը չգիտի՞ իր ունեցվածքի մասին: Կարծես թե ՝ չէ: Իրեն պետք էր նա, ով իր ունեցվածքով չէր չափի իր կին լինելը:

Մի քանի ամիս հանդիպում էին արդեն, այդ ընթացքում ոչ մի բան առիթ չէր տվել կնոջը մտածելու Սարմենի այլ նպատակների մասին: «Ինձ մոտ մի բան այն չէ, ամենուր դավադրություններ եմ փնտրում» ,-կշտամբում էր Նարեն ինքն իրեն, այդպես էր նրա անունը:

Սարմենն ինչ-որ գրասենյակում էր աշխատում, քաղաքի մյուս ծայրում, կորոնավիրուսի պատճառով կինը մի հիմնարկում անցել էր հեռավար աշխատանքի, մյուս հիմնարկ էլ երեկոյան էր գնում, ու Սարմենի հետ միայն հանգստյան օրերին էին հանդիպում: Վերջինս միշտ խոսում էր այն մասին, որ լավ կլինի՝ իրենք պաշտոնապես ամուսնանան, իսկ Նարեն մի տեսակ դեռ չէր սովորում այդ մտքին: Մայրը տարիուկես առաջ էր մահացել, նա սովորել էր իր ազատ կենցաղին, ու դեռ ոչինչ չէր պատասխանում այդ խոսակցություններին:

Մի ուրբաթ օր ընկերուհին զանգեց՝ ասաց ծնունդն է, ու ոչ մեկին չի ուզում տեսնի, առաջարկեց միասին մի տեղ նստել: Նարեն մոռացել էր ընկերուհու ծննդյան օրվա մասին, մի բան, որ երբեք չէր եղել: Պայմանավորվեցին «Կակտուս» սրճարանում հանդիպել երեկոյան, բայց երբ նա մոտեցավ այդ սրճարանին՝ ընկերուհին դրսում էր սպասում իրեն:

-Փաստաբանդ է ներսում, -ասաց,- մի տղամարդու հետ, զարմանալի է, բայց նրանց խոսքի մեջ քո անունը լսեցի, փաստաբանդ հարցնում էր տղամարդուն, թե երբ է պաշտոնապես ամուսնանալու: Դուրս եկա, որ չմտնես, կարող է ՝ ուրիշ Նարեի մասին են խոսում, ստուգել է պետք:

Ընկերուհին գիտեր փաստաբանի մասին, բայց չգիտեր՝ ինչ դատական գործ էր, նրան ասել էր, թե ժառանգության խնդիր է: Նարեն բժշկական դիմակով էր, սեւ ակնոց հագավ ու կամաց սահեց սրճարանից ներս՝ տեսնելու, թե ում հետ է խոսում իր փաստաբանը: Սարմենն էր: Նրանք տարված խոսում էին ու չտեսան իրեն: Նարեն անսպասելիությունից մի քանի գույն փոխեց, դուրս եկավ ու ընկերուհուն խնդրեց, որ գոնե մի տասնհինգ րոպե սուրճ խմի այն սեղանին մոտիկ, որի շուրջ փաստաբանն ու Սարմենն էին, մի քիչ ականջ կախի, թե ինչ են խոսում, քանի որ այդ երկուսից ոչ մեկն ընկերուհուն չէր ճանաչում: Իսկ ինքը օպերայի մոտի սրճարանում կսպասի ընկերուհուն:

Կինը քայլեց օպերայի մոտ, այնտեղի սրճարանները լեփ- լեցուն էին, կորոնավիրուսն ու անցած սեպտեմբերի պատերազմը ասես այնտեղ նստած ծիծաղող մարդկանց կողքից էին անցել, ասես նրանք այլ մոլորակում էին ապրում: Նարեի մի աչքի ծայրից արցունք ընկավ, ինքն իրեն նախատեց՝ այդ մարդկանցից ի՞նչ է ուզում, նրանք ապրում են, այդ ի՛նքն ապրել չգիտե:

Հին բարդույթն արթնացել ու սեղմում էր սիրտը:

Ընկերուհու լսած մի քանի բառերը հետո իրար կպցնելով՝ Նարեն հասկացավ, որ Սարմենին փաստաբանն է ուղարկել իրեն սիրահետելու, դա նոկաուտ էր նրա համար.«Երեւի որոշել էին կողոպտել միայնակ, ապահովված կնոջն ու կողոպտածը կիսել, այ դուք սրիկաներ» : Այս բովանդակությամբ Նարեն մենախոսում էր ամեն անգամ, երբ հեռախոսին գրվում էր Սարմենի հեռախոսահամարը: Նա Սարմենին գրողի ծոցն ուղարկեց ու փակվեց իր մեջ:

Աշխատամոլ դարձավ մի ուրիշ կարգի, աշխատանքը չէր փոխում, որ ոչ ոք չիմանա իր փոքրիկ հարստության մասին, քաղաքի կենտրոնի բնակարան չէր գնում, որ այնտեղ չճանաչեին բնակարանի տիրուհուն: Լրիվ բարդույթախեղդ էր եղել, անգամ ընկերուհիների հետ շատ քիչ էր հանդիպում:

Այդ կիրակնօրյա առավոտ նա ինքն իրեն ասաց. .«Մի բան պետք է փոխել , սա ինձ մոտ արդեն խորացած հիվանդություն է»:

Խմեց դառը սուրճը՝ մի փոքրիկ կտոր փախլավայով, որ մանկությունից էր սիրում ու այդ պահին հանկարծ հիշեց երազի մեջ հնչած խոսքը, որը չգիտես թե ով էր ասում. .«Նալբանդյանի արձանի մոտ»: Զարմանալի է, դա այն տեղն էր, որտեղ վաղ երիտասարդության տարիներին հանդիպում էր այն տղայի՝ Վարուժի հետ հետ, որ հետո ամուսինը դարձավ: Նույնիսկ զգաց այգու հին ծառերի խշշոցը, որոնց տակ այն ժամանակ նստարաններ կային:

Նարեն ավարտեց սուրճը, հագավ բրենդային բաճկոնը, վերցրեց նույն բրենդի պայուսակը եւ դուռը փակելով՝ դուրս եկավ: Վերելակում արդեն որոշել էր՝ իր մեքենան չի նստի, փոխադրականով կգնա Նալբանդյանի արձանի մոտի այգին, մի քիչ կնստի, կհիշի անցյալն ու կմտածի, թե ոնց ապրի հետագա կյանքը:

Իր երիտասարդության այգում աշունը խշշում էր այնպես, ինչպես խշշացել է քսանհինգ տարի առաջ, դեղին ու կարմիր տերեւները ծառուղին պատել էին կյանքի գույներով, արեւը տաքացնում էր մոր նման, ագռավները միակ ընկույզի ծառի մոտ իրենց թափած ընկույզներն էին կտցահարում ու անպատեհ հայտնված կնոջ վրա մի երկու կռռոց արձակեցին: Նարեն ծիծաղեց փնթփնթացող պառավների նման ծառուղում լնգլնգացող ու իրենց ընկույզները փախցնող ագռավների վրա, ապա քայլեց ծառուղով, որտեղ համարյա մարդ չկար: Մի շուն՝ վզին փոկ, վազվզում էր, երեւի ծառուղու վերջում նրա տերերն էին երկուսով նստած: Նարեն զբոսնեց, չգտավ հին նստարանները, երեւի այդ մեկն էր մնացել, որ զբաղված էր: Նա քայլեց դեպի նստարանը՝ տեսնելու համար գուցե մի ազատ նստարան էլ լինի դրանից հետո: Երկու տղամարդ նստած էին կողք -կողքի, երկուսն էլ գլուխները կախ եւ դեպի իրենց ներսը խորացած: Անխնամ տեսքով մարդիկ էին, երկուսն էլ մորուքով, մեկը երիտասարդ, մեկը միջին տարիքի: Կինն արդեն ուզում էր անցնել, երբ տղամարդը գլուխը բարձրացրեց, ու երկուսն էլ անսպասելիությունից քար կտրեցին: Վարուժն էր: Մի պահ անց նա վեր կացավ, մի թեթեւ գրկեց կնոջը, առաջարկելով նստել: Կինը նստեց նրա ու երիտասարդի միջեւ՝ հանկարծ նկատելով, որ տղայի հագուստի մի թեւը դատարկ է: Նստեց նաեւ Վարուժը: Մի քանի րոպե լուռ էին: Շունը նկատեց, որ տերերի մոտ ուրիշն էլ կա ու մոտ գալով՝ սկսեց պոչը շարժել: Կինը ձեռքը մեկնեց ու շոյեց շանը:

-Ի՞նչ է պատահել,- հարցրեց կինը:

-Արենը պատերազմում կորցրել է ձեռքը, բայց փառք Աստծո, էլի գոհ ենք, գոնե չզոհվեց, իր ընկերներից շատերը զոհվեցին,-ասաց Վարուժը:

Հետո խոսքուզրույցն ինքն իրեն գնաց: Նարեն իմացավ, որ Արենը տասնիննը տարեկան է, նրա մայրը հենց սկզբից լքել է հորը եւ մեկնել երկրից, Վարուժի մայրն է մեծացրել Արենին, բայց հիմա նա էլ չկա: Վարուժի աշխատավարձը հազիվ երկուսին հերիքում է՝ Արենն ուսանող է, բայց չեն բողոքում, կարեւորը՝ Աստված խնայեց նրա կյանքը:

-Ինչո՞ւ ոչ մի անգամ չեկար,- հարցրեց կինը:

-Չգիտեմ:Ավելի շուտ՝ գիտեմ, չէի ուզում նորից քո կյանքը խառնշտել:

Նարեն ոտքից գլուխ չափեց երկուսին էլ ու մի ձեռքով վճռական գրկեց տղայի ուսը, մյուսով մտավ Վարուժի թեւը.

-Հարազատներս, գնանք տուն,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter