
Ներքաղաքական զարգացումները կամ նույնն է թե` ԲՀԿ-ն իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն
Արդեն կարծես թե «բարի ավանդույթ» է դարձել, երբ հետընտրական շրջանում ներքաղաքական գործընթացների վերաբերյալ ասուլիսների ժամանակ բանախոսները խոսում են ԲՀԿ կուսակցության կոալիցիայի և իշխանության մաս լինել-չլինելու մասին:
Քաղաքական գործիչների և փորձագետների կողմից հաճախակի արտահայտվող այն քաղաքագիտական կանխատեսումը, թե «Բարգավաճ Հայաստանը» չի կարող դառնալ ռադիկալ ընդդիմություն, քանի որ ի սկզբանե եղել է իշխանության մաս կազմող քաղաքական ուժ, ոչ ոքի համար այլևս մեծ բացահայտում չէ, բայց այս թեմայով ասուլիսները դեռ մեծ լսարանով են անցկացվում:
Ներքաղաքական զարգացումների, կամ նույնն է թե կոալիցիայի էության շուրջ այսօր հերթական ասուլիսը տվեցին 1992 թթ. պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը և ՀՀԿ կուսակցությունից ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Շիրխանյանն ասաց, որ ինքը որպես քաղաքացի ավելի բավարարված կլիներ, եթե գործադիր իշխանության ողջ պատասխանատվությունն իր վրա վերցներ Հանրապետական կուսակցությունը, թե չէ երբ որևէ ոլորտում կոալիցիայի մաս կազմող և նախարարական պորտֆելներ ունեցող որևէ քաղաքական ուժ ձախողում է իր գործը, ապա դրա համար ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Ի պատասխան այդ հայտարարության` Աճեմյանը նշեց, որ ՀՀԿ-ն, որպես իշխանական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ, ամեն դեպքում պահանջատիրական թիրախի դերում է հանդես գալիս, իսկ կոալիցիայով աշխատելն ուղղակի ավելի հարմար է և արդյունավետ, երբ գործառույթները բախշվում են նաև ժողովրդի քվեն ստացած այլ քաղաքական կուսակցությունները:
Շիրխանյանը հավելեց, որ ԲՀԿ-ին այդքան շատ ձայն տվողների մեծամասնությունը ոչ թե այդ կուսակցության համակիրներն են, այլ մարդիկ են, ովքեր ուղղակի այլ կերպ չեն կարող «ոչ» ասել ՀՀԿ-ին:
Մեկնաբանել