HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 36 000-ը

Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 36 143-ի։ Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների` միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 31 643-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով՝ կա առնվազն 4500 զոհ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Սիրիայի մասով այլ տվյալներ է նշում։ Այսպես, ըստ ԱՀԿ-ի, սիրիական կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 4800 մարդ, իսկ վիրավորվել` շուրջ 2500-ը։ Փոխարենը, այն շրջաններում, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ, գրանցվել է մոտ 4500 զոհ և 7,5 հազար վիրավոր։

Զուգահեռաբար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, որը փետրվարի 11-ին ժամանել էր երկրաշարժից ամենաշատը տուժած Քահրամանմարաշի նահանգ, կարծիք է հայտնել, որ զոհերի թիվը «կկրկնապատկվի կամ նույնիսկ ավելի շատ կլինի»։ Գրիֆիթսի խոսքով՝ այս փուլում դժվար որևէ գնահատական տալ, քանի որ պետք է մաքրել փլատակները, որոնք առաջացրել են աղետի հետևանքով։ Այդուհանդերձ, նա կարծում է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել արդեն 50 000-ը։

Ռուսական TACC գործակալությունը հրապարակել է «Ռոսկոսմոսի» կողմից տիեզերական լուսանկարը, որտեղ երևում է տեկտոնական բեկվածքը, որը Թուրքիայում առաջացել է երկրաշարժի հետևանքով։

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին, տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

Լուսանկարը՝ Tolga Ildun/ZUMA Press Wire/REX/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter