Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են լեհերին
Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին Վարշավայի «Ազգային» մարզադաշտ դուրս կգան Լեհաստանի եւ Հունաստանի ազգային հավաքականները, որոնց հանդիպումով էլ կմեկնարկի «Եվրո-2012»-ի մրցաշարը:
Առաջնության տանտերերից մեկը հանդիսացող լեհերի գլխավոր մարզիչ Ֆրանցիշեկ Սմուդան նախօրեին կայացած մամուլի ասուլիսում ասել է, թե հույս ունի, որ փողոցներում տիրող փայլուն մթնոլորտը կպահպանվի մինչեւ մրցաշարի ավարտը: «Վերջին երկու տարում ես հասկացել եմ, որ տղաների համար կարող եմ հանգիստ լինել բոլոր առումներով: Հույս ունեմ՝ մենք կանենք այնպես, որ մեր ցանկությունները իրականան»,- հայտնել է Սմուդան:
Մարզիչը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս կբերի այն խաղացողներին, որոնք հանդես են եկել Սլովակիայի եւ Անդորրայի հետ ընկերական վերջին խաղերում: Ընդ որում՝ վերջին 6 խաղում լեհերը չեն պարտվել եւ 5 հաղթանակ են տարել: Սմուդան, սակայն, ասել է, որ Եվրոպայի առաջնության բացման խաղերում տանտերերի պարտվելու ավանդույթը կարող է շարունակվել: 2004-ին Պարտուգալիան զիջեց հենց Հունաստանին, ում հետ այսօր պետք է խաղան լեհերը, ընդ որում՝ հույները այդ տարի հասան մինչեւ եզրափակիչ ու կրկին հաղթեցին տանտերերին: 2008-ին էլ մրցաշարը պարտությամբ սկսեց տանտերերից Շվեյցարիան: Հատկանշական է, որ 1984-ից այս կողմ տանտերերը իրենց մեկնարկային հանդիպումներում հաղթել են միայն երկու անգամ:
Վիճակագրությունը հուշում է նաեւ, որ հնարավոր է՝ հանդիսատեսը փակ խաղ տեսնի: Լեհերը վերջին հինգ խաղում ոչ մի գոլ բաց չեն թողել, հույներն էլ ընտրական 10 խաղում ընդամենը 5-ն են ընդունել սեփական դարպասը: Սա խոսում է թիմերի ամուր պաշտպանության մասին, ինչը նշել է նաեւ Սմուդան. «Հույները պաշտպանությունում իդեալական են: Այդպիսի պաշտպանությունը ճեղքելը հիանալի փորձութուն է»:
Սակայն հույների գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ֆեռնանդու Սանտուշը շեշտել է, որ իր թիմն ամուր է ոչ միայն հետին գծում: «Հուսալի պաշտպանությունը տվյալ թիմի հաջողության գաղտնիքն է, սակայն հարձակումը կարեւոր է նմանապես: Եթե մենք միայն պաշտպանվել կարողանայինք, ապա հիմա այստեղ չէինք լինի»,- ասել է պորտուգալացին:
Վերջինս նաեւ հավելել է, որ ինչպես նախորդ մարզիչ Օտտո Ռեհագելի օրոք էր, այժմ էլ Հունաստանը պրագմատիկ ֆուտբոլ է խաղում: «Սակայն մենք գիտենք մեր որակները: Դրանցից մեկը ստանդարտների ժամանակ վտանգավոր խաղն է, ինչի համար պատասխանատու են Կարագունիսն ու Նինիսը»:
2004-ին հենց Գիորգոս Կարագունիսը դարձավ մրցաշարի առաջին գոլի հեղինակը, իսկ այդ խաղում հույները 2:1 հաշվով հաղթեցին պորտուգալացիներին ու ճանապարհ հարթեցին դեպի չեմպիոնի կոչումը:
Ո՞վ կհաղթի գալիք խաղում՝ Լեհաստանի երիտասարդ ու եռանդով լեցուն թի՞մը, թե՞ փորձառու հույները: «Տոտո» բուքմեյքերական գրասենյակը լեհերի հաղթանակը գնահատում է 2 գործակցով, ոչ-ոքին՝ 3,15, իսկ հույների հաղթանակը՝ 4,35: «Վիվառո»-ի գործակիցներն այսպիսին են. Լեհաստան՝ 1,95, ոչ-ոքի՝ 3,2, Հունաստան՝ 4,3:
Լուս.՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել