
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 37 400-ը
Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 37 457-ի։ Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների` միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 31 643-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով՝ կա առնվազն 5814 զոհ։
ՄԱԿ-ում հայտարարում են, որ ավելի քան 800 000 մարդ զրկված է լիարժեք սննդից, իսկ նրա կառույցները զգուշացնում, որ երկրաշարժի հետևանքով զոհերի վերջնական թիվը, ամենայն հավանականությամբ, կկրկնապատկվի։
Երկու երկրներում սննդի պաշարներն սպառվում են։ ՄԱԿ-ի աշխատակիցներից մեկը, որը գտնվում է Թուրքիայի Ադանա քաղաքում, BBC-ին հայտնել է, որ անհրաժեշտ պարագաների ցանկն ահռելի է, շատ բարդ է գտնել ներքնաշոր, վրաններ ու ծածկոցներ։
Այս շաբաթ Թուրքիայում և Սիրիայում սպասվում է ցածր ջերմաստիճան, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում ինչպես փրկարարների, այնպես էլ փրկվածների համար։ Շաբաթ օրը, երբ երկրաշարժից զոհերի թիվը հասել էր 28 000-ի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը կարծիք էր հայտնել, որ զոհերի թիվը «կկրկնապատկվի կամ նույնիսկ ավելի շատ կլինի»։ Գրիֆիթսի խոսքով՝ այս փուլում դժվար է որևէ գնահատական տալ, քանի որ պետք է մաքրել փլատակները, որոնք առաջացրել են աղետի հետևանքով։ Այդուհանդերձ, նա կարծում է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել արդեն 50 000-ը։
7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին՝ տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։
Լուսանկարը՝ Murat Kocabas/SOPA Images/LightRocket/Getty Images
Մեկնաբանել