HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ պաշտոնյայի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում անդամ երկրները կարող են Կովկասում իրենց դաշնակցի թիկունքին կանգնել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն կանգնել իրենց դաշնակցի թիկունքին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Եթե հանկարծ իրավիճակը պահանջի Կովկասյան տարածաշրջանում ուժերի ու միջոցների և հավաքական անվտանգության համակարգերի ներգրավում, ապա փորձը կա, պլանները ևս որոշակիորեն մշակված են։ Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն կանգնել իրենց դաշնակցի թիկունքին»,- ասել է Սիդորովը։

Խոսելով իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման որոշումից հրաժարվելու՝ հայկական կողմի նախաձեռնության մասին՝ Սիդորովը նշել է, որ դա միավորման յուրաքանչյուր անդամ երկրի իրավունքն է։ «Ես որևէ պարագայում չեմ մեկնաբանի այդ հայտարարությունները<...>, դա ցանկացած պետության իրավունքն է։ Այս կամ այն իրավիճակում կարող են հրավիրել լրացուցիչ զորավարժություն, կարող են առաջարկել տեղափոխել մեկ այլ տարածք»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանի նման որոշումը կարող է ազդել տարածաշրջանում ՀԱՊԿ պարտավորությունների վրա։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը գրավոր ընթացակարգով տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Երևանը նպատակահարմար չի համարում Հայաստանի տարածքում այդ կազմակերպության զորավարժությունների անցկացումը։ Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում էր ողջ 2023 թվականին։ Ընդ որում, Հայաստանում արդեն իսկ պլանավորված էր անցկացնել «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունը։

Ավելի ուշ, ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել էր, որ Երևանից չի ստացել Հայաստանի տարածքում «Անխախտ եղբայրություն - 2023» զորավարժությունների չեղարկման պաշտոնական ծանուցումը։ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը ըմբռնումով է մոտենում Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա իրավիճակին, որը կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ պլանավորված խաղաղապահ զորավարժությունները»։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը՝ պնդելով, որ Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ «ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների ըմբռնում: <...>Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- ասված էր հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter