HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազատազրկված անձանց մեջ կան մարդիկ, որոնք նույնիսկ տառաճանաչ չեն

Քրեակատարողական հիմնարկներում 19 տարեկանից բարձր 85 դատապարտյալ ստանում է հանրակրթական կրթություն: Նրանց թիվը սկզբում 92 է եղել, սակայն ընթացքում դուրս են եկել ծրագրերից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ազատազրկված 1000 դատապարտյալից 300-ը չեն ստացել հանրակրթական կրթություն կամ ստացած կրթությունը թերի է եղել:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն այսօր «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանս էր հրավիրել Երևանում: Բանախոսները քննարկում էին կրթության կարևորությունը, որպես ազատազրկված անձանց վերասոցիալականացման միջոց:

19 տարեկանից բարձր անձանց՝ հանրակրթական իրավունքից օգտվելու ծրագիրը ներդրվել է 2022թ. սեպտեմբերի 1-ից: Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվել է, որ անկախ տարիքից՝ ազատությունից զրկված անձանց համար հանրակրթությունն իրականացվում է՝ երաշխավորելով ազատությունից զրկված անձանց կրթության իրավունքը: Նպատակը ոչ միայն բուն կրթություն տալն է, այլև ավելի լայն հնարավորությունների ստեղծումը՝ ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու ուղղությամբ:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը շեշտեց, որ կրթությունը ոչ միայն ապահովում է ազատազրկված անձանց վերասոցիալականացումը, այլև դրանով պայքար է մղվում քրեական ենթամշակույթի դեմ: Նա կարևորեց՝ ազատազրկման վայրից դուրս գալուց հետո անձանց հետ կապի պահպանումը: Այսօր դատապարտյալը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից և նրա հետ կապը կտրվում է, տեղեկություններ չկան, թե նա ինչպես է ինտեգրվում, ինչ խնդիրների առաջ է կանգնում:

Արդարադատության նախարարության գլխավոր մասնագետ Աննա Գյուրջյանը նշեց, որ ոլորտում խնդիրներ կան, չեն թաքցնում և իրենք էլ վեր են հանում դրանք: Գյուրջյանն ասաց, որ ՔԿՀ-ներում դասավանդող ուսուցիչներն ընտրվում են մրցութային կարգով, տարին 3 անգամ վերապատրաստվում են՝ կապված առանձնահատկություններով:

Պատմեց, որ դատապարտյալների համար հանրակրթական ծրագիրն իրականացվում է խտացված՝ 1.5 տարվա կտրվածքով: Մասնագետը նշեց, որ կան ազատազրկված անձինք, որոնք նույնիսկ տառաճանաչ չեն եղել: Այդ իսկ պատճառով իրականացվում է կարիքների գնահատում, որպեսզի պարզ լինի դատապարտյալի ակնկալիքը ու կրթության պահանջի բավարարումը:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ կրթության շնորհիվ է վերաինտեգրումը հասարակություն: Քրեակատարողական օրենսգիրքն այժմ անցում է կատարել դեպի վերասոցիալականացում։ Ինչն է դրա հիմքը․ բնականաբար կրթությունը, որպեսզի կրկնահանցագործությունները նվազեցնենք»,- հավելեց Աննա Գյուրջյանը:

Բանախոսը նշեց, որ բացի հանրակրթական ծրագրից քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են նաև համակարգչային, օտար լեզուների, կարուձևի, կահույքագործության ծրագրեր: Արարատ գյուղում բացվել է պրոբացիայի կենտրոն, որտեղ շահառուները սովորում են նշված հմտությունները: Առաջիկայում նախատեսվում է այլ համայնքներում ևս նման կենտրոններ բացել:

Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը փաստեց, որ այն անձինք, որոնք որևէ կրթություն չեն ստացել, նրանց մոտ, ըստ միջազգային ուսումնասիրությունների, կրկնահանցագործությունների ռիսկը 70-80% է:

Նա նշեց, որ փոքր հետազոտություն է անցկացվել: 1000 դատապարտյալի հաշվով 300 դատապարտյալ հանրակրթական կրթություն ստացած չի եղել կամ ունեցել է թերի կրթություն: Բացի «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներից, մյուս ՔԿՀ-ներից ցանկություն են հայտնել մասնակցել հանրակրթական ծրագրերին:

Նշեց, որ ամեն ինչ հարթ չի ընթացել: Դժվարություններ են առաջացել հատակապես այն ՔԿՀ-ներում, որտեղ երբևէ նմանատիպ ծրագրեր չեն իրականացվել: Մարդկանց հետ երկար բացատրական աշխատանքներ են տարվել: Դժվարություններ են առաջացել նաև տարածքների առանձնացման հետ կապված, որպեսզի տրամադրող լինի, բացի այդ համապատասխանեն կրթական պահանջներին:

Նշենք, որ պայմանական վաղաժամկետ ազատման համար դատապարտյալները իրենց վարքի, ծրագրերին մասնակցելու համար հավաքում են միավորներ: Կրթություն ստանալու համար հատկացվում է 3 միավոր:

Նարե Հովհաննիսյանն առաջարկեց, որ տարբերակվի, օրինակ՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ստացողների միավորները, հանրակրթական դասընթացների և այլ կրթական ծրագրերի միավորներից:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանն ասաց, որ իրենց ուսուցիչների միջին տարիքը բարձր է, թեև ոլորտային լավ մասնագետներ են: Մարգարյանի ասելով՝ համայնքային կառույցները ևս անելիք ունեն: Օրինակ՝ Արթիկ ՔԿՀ-ում կրթությունը կազմակերպելու համար, եթե Երևանից մասնագետը գնա-գա, լրացուցիչ ծախսեր են պետք, ինչը հնարավոր չէ իրականացնել: Մինչդեռ այդ ամենը կարելի է անել՝ տեղից մասնագետ ներգրավելով:

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ևս մասնակցում էր կոնֆերանսին: Միայն այն փաստը, որ ցմահ ազատազրկված անձը մասնակցում է կոնֆերանսին, Ենոքյանի խոսքով՝ արդեն ոլորտում տեղաշարժի մասին է վկայում:

Ենոքյանը նշեց, որ բարձրագույն կրթություն ստացողների ճնշող մեծամասնությունը ցմահ դատապարտյալներն են: Նա կարևորեց նաև ընտանիքների աջակցությունը: Նրանք են կրթական նյութերը համալսարանից ՔԿՀ տանում-բերում: Դատապարտյալը կոչ արեց «փոստատարի» դերը ընտանիքներին չվերապահել, քանի որ ոմանք ընտանիք չունեն, հետևաբար նյութերը տանող-բերող չունեն, ստիպված չեն կարողանա ստանալ բարձրագույն կրթություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter