Ադվոկատն ու Բիլեկը խմբից դուրս գալու հույսեր ունեն
«Եվրո-2012»-ի A խմբի երկրորդ խաղում կմրցեն Ռուսաստանի եւ Չեխիայի հավաքականները, որոնց հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Այն տեղի կունենա Վրոցլավի «Քաղաքային» մարզադաշտում: Ռուսների գլխավոր մարզիչ, հոլանդացի Դիկ Ադվոկատը հարգանքով է վերաբերվում մրցակցին: «Չեխիայի ներկայիս թիմը բավականին նոր է, սակայն նաեւ ուժեղ: Խաղից առաջ դժվար է ասել, թե ով է մրցակցի կազմում ամենավտանգավորը: Նրանք հիանալի կիսապաշտանություն ունեն եւ միշտ կռիվ են տալիս մեկը մյուսի համար»,- նշել է հոլանդացին:
Ադվոկատը նշել է, որ, ինչպես ընտրական փուլում, այժմ էլ իր թիմը հավատարիմ է մնալու հարձակողական ֆուտբոլին, սակայն չպետք է մոռանալ նաեւ այս կամ այն մրցակցի ուժեղ կողմերի մասին: Հոլանդացու համար սա հինգերորդ նման մրցաշարն է մարզչական կարիերայում: Ըստ նրա՝ ռուսները «Եվրո-2012»-ի ֆավորիտ չեն, բայց դա չի նշանակում, թե իրենք խմբի աուտսայդեր են:
Իտալացիների նկատմամբ վերջին ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթանակը, ըստ Ադվոկատի, պետք է ոգեւորի թիմին: «Չեմ կարծում, թե մեր թիմում ինչ-որ մեկը նյարդայնանում է: Ցանկացած մարզիչ ու ցանկացած խաղացող երազում է մասնակցել նման մրցաշարի, այդ պատճառով էլ մենք մեծ բավականություն ենք ստանում այս ամենից ու ոչնչից չենք վախենում»:
Չեխերի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկն իր հերթին հույս է հայտնել, որ իր թիմին մեծապես աջակցելու է նվիրված երկրպագուների բանակը: Վրոցլավից մինչեւ Չեխիա մեկ ժամվա ճանապարհ է, ու, նախնական տվյալներով, «Քաղաքային» մարզադաշտում շուրջ 9000 չեխ երկրպագու է լինելու այսօր: «Սա հսկայական առավելություն է մեզ համար,- ասել է Բիլեկը:- Մենք իսկապես աջակցություն ենք սպասում մեր հայրենակիցներից, չէ՞ որ դա միայն կօգնի մեզ»:
Չեխերից հարցականի տակ է միայն թիմի առաջատար հարձակվող Միլան Բարոշի մասնակցությունը, որը մկանային վնասվածք է ստացել օրերս: Սակայն երեկ երեկոյան նա մարզվել է ընդհանուր խմբում: Բիլեկը երեկ կայացած ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ դեռ չի կողմնորոշվել մեկնարկային կազմի հարցում:
Չեխերի մարզիչը հայտնել է, որ իրենց երկրպագուները լավատես լինելու բոլոր հիմքերն ունեն: «Ինչպես արդեն ասել եմ, մեր խումբը բավականին հավասարակշռված է, որտեղից յուրաքանչյուրը կարող է 1/4 եզրափակիչ դուրս գալ: Ես մեզ այս քառյակում (Լեհաստան, Հունաստան, Ռուսաստան, Չեխիա) հաստատ ամենաթույլը չեմ համարում: Մենք միտված ենք խմբից դուրս գալուն, եւ ենթադրում եմ, որ դրա իրավունքն ունենք»,- եզրափակել է չեխ մասնագետը:
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում ռուսներին: «Տոտո»-ն նրանց հաղթանակը գնահատում է 2,37, ոչ-ոքին՝ 3,1, իսկ չեխերի հաղթանակը՝ 3,25: «Վիվառո»-ն այսպիսի գործակիցներ է սահմանել. Ռուսաստան՝ 2,4, ոչ-ոքի՝ 3,1, Չեխիա՝ 3,15:
Լուս.՝ AFP/Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել