
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը
Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 41 218-ի։ Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 35 418-ի, իսկ Սիրիայում, վերջին տվյալներով, կա առնվազն 5800 զոհ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ ևս 105 505 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Էրդողանը նշում է, որ վիրավորում ստացած անձանցից միայն 13 208-ն է բուժում ստանում այդ երկրի հիվանդանոցներում։ Էրդողանը հայտարարել է, որ ողջ աշխարհում փորձագետներն այս երկրաշարժն անվանում են «բացառիկ բնական երևույթ»։ Նրա պնդմամբ՝ որոնողափրկարարական աշխատանքներում և աղետի գոտում աշխատում է մոտ 250 000 պետական ծառայող։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները հաջորդ ամսվանից կանցնեն երկրաշարժից տուժածների համար 30 000 տների կառուցմանը։ Նրա խոսքով՝ ներկա պահին ապահովվել են 1,6 միլիոն մարդու կենցաղային պայմաններ։ «Երկրաշարժերի գոտում տեղադրվել է ավելի քան 175 հազար վրան, կոնտեյներային տիպի 5,4 հազար տուն»,- ասել է նա։
Էրդողանը նաև հավելել է, որ թուրքական իշխանությունները զոհվածների ընտանիքներին կտրամադրեն նաև նյութական օգնություն՝ 100 000 թուրքական լիրայի չափով (մոտ 5 300 դոլար)։
Լուսանկարը՝ AP/Hussein Malla
Մեկնաբանել