
Հանրապետական Նիքի Հեյլին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին
Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին հայտարարել է, որ մտադիր է հասնել նրան, որ 2024 թվականին նախատեսվող նախագահական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունն առաջադրի իր թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Հիշեցնենք, որ հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ևս ձգտում է վերադառնալ Սպիտակ տուն։
Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին, որը Թրամփի նախագահության տարիներին զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը, այսօր՝ փետրվարի 15-ին, Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում կնախանշի իր գալիք անելիքներն ու գաղափարները։
Փաստացի, Հեյլին դարձել է Թրամփի առաջին մրցակիցը, սակայն սպասվում է, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Հանրապետական կուսակցության այլ ներկայացուցիչներ ևս կհայտարարեն նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին։ 2024 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հնարավոր է հայտարարեն Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը, նախկին փոխնախագահ Մայք Փենսը, Հարավային Կարոլինայից սենատոր Թիմ Սքոթը, Նյու Հեմփշիրի նահանգապետ Քրիս Սունունուն և Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը։
Get excited! Time for a new generation.
— Nikki Haley (@NikkiHaley) February 14, 2023
Let’s do this! 👊 🇺🇸 pic.twitter.com/BD5k4WY1CP
«Եկել է ժամանակը առաջնորդների նոր սերնդի համար՝ կրկին հասնելու ֆինանսական պատասխանատվությանը, ապահովել մեր սահմանների անվտանգությունը և ամրապնդել մեր երկիրը, մեր հպարտությունն ու մեր նպատակը»,- իր տեսաուղերձում նշել է Հեյլին։
Նա նաև հիշեցրել է արտաքին քաղաքական ոլորտում իր փորձի մասին և խոստացել հակակշռել Ռուսաստանին ու Չինաստանին։ «Նրանք մտածում են, որ մեզ կարելի է ծաղրել… Դուք պետք է իմանաք. ես տանել չեմ կարողանում խուլիգաններին»,- ասել է Հեյլին։
Լուսանկարը՝ AP Photo/Carolyn Kaster, File
Մեկնաբանել