
DigiTec Business ֆորում 2011. ե՞րբ հնարավոր կլինի ակնկալել տեխնոլոգիական առաջընթաց
Մայիսի 25-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «DigiTec Business ֆորում 2011. ե՞րբ հնարավոր կլինի ակնկալել տեխնոլոգիական առաջընթաց» թեմայով:
Բանախոսներն էին`
· Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (կազմակերպիչ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
· «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) (գլխավոր գործընկեր) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
· «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության (պաշտոնական հովանավոր) տնօրեն Գրիգոր Բարսեղյանը
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող DigiTec Բիզնես ֆորումը, որի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները, այս տարի տեղի կունենա հունիսի 24-25-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում, որին զուգահեռ կանցկացվի նաև Մայքրոսոֆթ Նորարարության ֆորումը (Microsoft Innovation Forum):
«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորումի ընթացքում կիրականացվեն տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ, DigiTec Business ցուցահանդես, որի շրջանակներում ՏՀՏ ոլորտի շուրջ 40 ընկերություններ կներկայացնեն տեխնոլոգիական վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների և գործարարների համար: Նախատեսված է Start up ֆորում, որին կմասնակցեն շուրջ 10 հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերություններ:
Ֆորումի ընթացքում Սինգապուրից ժամանած պատվիրակությունը կներկայացնի աշխարհի ամենաաղքատ երկրից ամենազարգացող պետություններից մեկը դառնալու սինգապուրյան փորձը, ինչը հետաքրքիր կլինի թե՛ տեխնոլոգիական ոլորտի, թե կառավարության, թե՛ գործարարների համար: DigiTec բիզնես ֆորումին զուգահեռ կանցկացվի նաև հայ-վրացական բիզնես ֆորում, որի նպատակն է խթանել 2 երկրների բիզնես համագործակցությունը:
Մի շարք ընկություններ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը. «Ֆորումի մասնակիցներն ու այցելուները հիմնականում ամենաառաջադեմ ընկերություններն են: Այն ընկերությունները, որոնց համար տեխնոլոգիաների կիրառումն էական չէ, հիմնականում ոչ մրցակցային դաշտում են գտնվող: DigiTec բիզնես ֆորումին մասնակցում են այն ընկերությունները, որոնք լուրջ ամբիցիաներ ունեն իրենց բնագավառում, և այդ ամբիցիաներն իրականացնելու, ժամանակակից ու արդիական լինելու համար բիզնես լուծումներ կիրառելու անհրաժեշտություն են տեսնում»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօերն Կարեն Վարդանյանը:
«Լինելով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերություն` «ԱրմենՏել»-ը մի կողմից հանդիսանում է բարձր տեխնոլոգիական լուծումների պատվիրատու, մյուս կողմից` մատակարար: Այսօր դժվար է պատկերացնել մի բնագավառ, որտեղ բարձր տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարում չունենան: Այս առումով չափազանց մեծ է DigiTec Բիզնես ֆորումի դերը, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումն իրենց բիզնեսում», - նշում է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«ՏՀՏ արտադրանքների լայնածավալ օգտագործումը ինչպես պետական կառույցներում, այնպես էլ մասնավոր հատվածում, մեծապես խթանում է մրցունակության և արտադրողականության բարձրացմանը: «Մայքրոսոֆթ»-ի համար բիզնես ֆորումը յուրահատուկ հնարավորություն է ներկայացնելու իր ամենաարդիական ծրագրային փաթեթները, հանդիպել առկա և պոտենցիալ գործընկերների և հաճախորդների հետ, քննարկել համագործակցության բոլոր հարցերը և հնարավերությունները, հայտարարել նոր նախաձեռնությունների մասին»,- ասում է «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/, գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և պաշտոնական հովանավորը` «Մայքրոսոֆթ» ընկերություն:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
Մեկնաբանել