HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ դեմ անհիմն արշավ է իրականացվում». Արցախի գլխավոր դատախազը՝ ներքաղաքական զարգացումների մասին


«Հետքը» պարզաբանումներ է խնդրել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանից՝ Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների և իր մասին վերջին օրերի հրապարակումների վերաբերյալ:

Հարց - Վերջին օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական ակնհայտ լարվածության պայմաններում հայտնվել եք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ձեր անունը շրջանառվում է որպես Արցախի պետական նախարարի թեկնածու, Ձեզ ներկայացնում են՝ որպես հայաստանյան իշխանությունների հետ կապված անձ: Ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս կմեկնաբանեք:

Գ. Ներսիսյան - Տեղեկատվական գրոհը, որը տեղի է ունենում իմ նկատմամբ, կարող է ունենալ մեկ պատճառ ու հետապնդել մեկ նպատակ՝ սևացնել իմ բարի համբավը և հանրային հեղինակությունը: Որպես գլխավոր դատախազ՝ ես ունեմ աշխատանքային այնպիսի ծանրաբեռնվածություն, որ նույնիսկ չեմ հասցնում լիարժեքորեն հետևել քաղաքական գործընթացներին, լրատվական դաշտում իմ անձի հետ կապված հրապարակումներին, սակայն վերջին շրջանում ակնհայտ է, որ իմ դեմ անհիմն արշավ է իրականացվում:

Ես այն անձանցից ու պաշտոնյաներից եմ, ով որևէ կերպ կապված չէ ոչ նախկին, ոչ ներկա իշխանություններին: Այս փաստը շատ է մտահոգում երկու կողմին էլ, որին գումարվում է նաև դատախազությանը և գլխավոր դատախազին «հպատակեցնելու» կամ «ճնշելու» զգուշավոր, բայց և չհաջողված քայլերը: Ապատեղեկատվություն տարածող կողմը փորձում է օգտվել նաև այն հանգամանքից, որ ես գլխավոր դատախազ եմ և պարտավոր եմ խոսքում զսպվածություն ցուցաբերել:

Ի դեպ, եկեք չմոռանանք, որ ի պաշտոնե տիրապետում եմ իրավիճակին ու տեղեկացված եմ շատ գործընթացների մասին: Հետևաբար՝ ես ոչ թե կարծում եմ, այլ իրազեկված եմ հետապնդվող նպատակների ու նույնիսկ հեղինակների վերաբերյալ: Ինձ լրագրողներ են զանգում ու հայտնում կոնկրետ անձանց անուններ, որոնք իմ անձի հետ կապված, մեղմ ասած, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ու պնդումներ են փոխանցել այդ նույն լրագրողներին: Բարեբախտաբար, այդ անձինք պարկեշտ ու անկաշառ են գտնվել, փորձ են արել կապվել նաև ինձ հետ ու անմիջապես համոզվել իրենց փոխանցված տեղեկությունների ակնհայտ ստահոդ լինելու մեջ: Ամեն դեպքում, ես չեմ կարող ու չեմ տրվելու նման բնույթի անորակ ու ցածր սադրանքներին և մնալու եմ բացառապես բարոյականության և օրինականության դաշտում:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության հետ իմ կապին, ապա ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք գիտի իմ վերաբերմունքի մասին. ես մեր հայրենիքի անձնուրաց նվիրյալն ու ծառան եմ: ՀՀ քաղաքական իշխանությունների հետ առնչություն կարող էի ունենալ միայն գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո, սակայն նման առիթներ չեն եղել և ես երբևէ դրան չեմ էլ ձգտել: Քանի որ էությամբ կողմ եմ գործընկերային հարաբերություններին, հայաստանյան իրավապահ համակարգի իմ գործընկերների հետ ունեմ արդյունավետ փոխգործակցություն, որից միայն շահել են Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը:

Հարց - Փորձ է արվում ներկայացնել, որ Արցախը բաժանվել է երկու մասի․ ոմանք դեմ են Ադրբեջանի հետ ինտեգրացմանը, ոմանք՝ կողմ։ Տպավորություն է, որ Ձեզ ուզում են ներկայացնել երկրորդ խմբում: Արդյոք նման իրավիճա՞կ է Արցախում:

Գ.Ներսիսյան - Երբեք քաղաքականությունը և քաղաքական եսասիրությունը այդքան սանձարձակ չի եղել, որքան այդ կեղծ թեզի ներկայացումը: Արցախում նման բաժանում չկա, ուղղակի ոմանք փորձում են յուրացնել ու մենաշնորհել արցախցու պայքարը՝ մնացածի պայքարի ու նվիրումի հաշվին, որը շատ տգեղ ու անընդունելի երևույթ է: Արցախում ամենափոքրից մինչև ամենամեծ, սովորական քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ վճռական են պայքարի հարցում, և ոչ մի խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում լինելու մասին:

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ծնվել ու մեծացել եմ Արցախում՝ զինվորականի ընտանիքում, և եթե ոմանք պայքարը տեսնում են ընդամենը թղթային պլանների ու տեղեկատվական արշավների տեսքով, ապա ես դա մանկուց զգում եմ և ապրում եմ դրանով: Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը կայացած պետություն է, իսկ Արցախի ժողովուրդը՝ անկոտրում: Նրանք, ովքեր չեն կարող օգնել այդ ճանապարհին, լավ կլինի գոնե չխանգարեն մեր պետականապահպան ու պետականաշեն գործունեությանը, մեր ինքնամաքրման ու ներքին կյանքի կայունության ապահովման գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter