
ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա կստեղծվի հետազոտական համալսարան
Փետրվարի 14-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում` նվիրված ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա հետազոտական համալսարանի ստեղծմանը: Քննարկմանը մասնակցեցին ԳԱԱ նախագահության անդամներ, ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավարությունը, ամբիոնների վարիչներ: Այս մասին հայտնում է ակադեմիայի մամուլի ծառայությունը։
«Մենք ունենք մտադրություն Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա ստեղծել հետազոտական համալսարան, որը փորձենք զարգացնել և ներգրավել միջազգային ցանցերի մեջ»,- ասաց ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
ԳԱԱ Զարգացման ծրագրերի և մշտադիտարկման վարչության գիտական կադրերի պատրաստման ծրագրերի պատասխանատու Սամվել Կարաբեկյանը ներկայացրեց հետազոտական համալսարանի ստեղծման նպատակները և քայլերը: Ըստ նրա՝ հետազոտական համալսարանի ստեղծման հիմնական նպատակն է բնագիտական, տեխնոլոգիական, հումանիտար և հասարակագիտական ուղղություններով արդիական գիտական հետազոտություններ կատարելու ունակ, ստեղծագործական-նորարարական մտածելակերպ ունեցող բարձրակարգ մասնագետներ պատրաստելը՝ հաշվի առնելով միջազգային պահանջարկը:
Քննարկման մասնակիցները բարձրացրեցին հետազոտական համալսարանի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում` ներքին կարողությունների գնահատման անհրաժշտության, ֆինանսավորման, ուսանողների մոտիվացման և ներգրավման, գիտահետազոտական ինստիտուտների հետ համալսարանի փոխգործակցության, հետազոտական համալսարանում բուհերի դասախոսների վերապատրաստման կարողությունների մասին:
Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կշարունակի հետազոտական համալսարանի մոդելի ստեղծանն ուղղված աշխատանքները՝ հաշվի առնելով հնչած կարծիքներն ու առաջարկները:
Մեկնաբանել