
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Քննարկվել են շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, սահմանադրական փոփոխության նախաձեռնությունը, ռազմաքաղաքական իրավիճակը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը ստեղծված ծանր վիճակում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ պետական նշանակության բոլոր գործընթացների և որոշումների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը, հետևաբար՝ հանրային համերաշխությունն ու ներքին կայունությունն առավել քան պահանջված են եղած մարտահրավերներին դիմակայելու և հնարավոր նոր փորձություններից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Մեկնաբանել