HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները փոխանցել է Ադրբեջանին. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը երեկ՝ փետրվարի 15-ին, ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին։ Այս մասին Կառավարության փետրվարի 16-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։

Նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկել, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար»,- նշեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ արդեն երեք փուլ տեւող բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։

«Մեր տեսլականը հետևյալն է՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։ Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պիտի վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն»,- ասաց նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը՝ վարչապետը հայտնեց, որ երեկ՝ միջանցքի ապօրինի շրջափակման 66-րդ օրը, Ադրբեջանը վերականգնել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը, բայց երկու ժամ անց կրկին փակել է գազատարը։

Փաշինյանը հիշեցրեց՝ նախորդ անգամ Ադրբեջանը ԼՂ-ին բնական գազ մատակարարող խողովակը փակել էր փետրվարի 7-ին, իսկ դրանից առաջ բացել էր հունվարի 29-ին։

«2023 թ. հունվարի 9-ից արգելափակված է ԼՂ էլեկտրական հոսանքի մատակարարումը։ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ էր սկսվել էներգետիկ բլոկադայի հետևանքով, հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետև ԼՂ բնակչությունը բնակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում։

Սա, ըստ էության, անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են, և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը։

Եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում մեր այս պնդմանը, հիմա, ժամանակի հետ, սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում»,- ասաց Կառավարության ղեկավարը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պատահական չէ, որ ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին երեք ամսում երեք հայտարարություն է արել։

«Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ, որը հրապարակվել է 2023 թ. հունվարի 18-ին, Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել ԼՂ-ում հայերի ցեղասպանության սպառնալիքին։ Այս ահազանգն ամբողջ աշխարհում պետք է ամեն օրվա հետ ավելի ու ավելի ահագնանա, և այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական»,- եզրափակեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter