HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թատրոնների տնօրենների հետ քննարկվել է մշակույթի զարգացման ռազմավարությունը

«Հաստատման փուլում է գտնվում մշակույթի ոլորտի զարգացման ռազմավարությունը, որն ամրագրում է հետագա տարիների անելիքները: Սա հնարավորություն է՝ հասկանալու առաջիկա քայլերը, մասնավորապես՝ քննարկելու մշակութային հաստատությունների գործունեության և ֆինանսավորման սկզբունքների բարելավման հարցը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը թատրոնների, թատերահամերգային հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում:

ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Քննարկվել են հաստատությունների ֆինանսավորման նոր սկզբունքները, որոնց վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչները համապատասխան առաջարկներ և դիտարկումներ են ներկայացրել:

«Իրականացվող որակական փոփոխությունների քաղաքական ուղերձը հանրության ներսում մշակութային հաղորդակցումն առավել հասանելի դարձնելն է, քանի որ մշակույթը հանրային զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունի»,- ասել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթ խնդիրներից է մեծացնել մշակութային հաստատությունների ինքնավարությունը, որպեսզի ընդլայնվեն գործելու հնարավորությունները: Այս տրամաբանությամբ ակնկալվում է, բացի պետական բյուջեի ֆինանսավորումից, ձևավորել որոշակի այլ աղբյուրներ ևս:

Նախարարն ընդգծել է նաև, որ անցյալ տարվանից բազմաթիվ միջոցներ են հատկացվել թատրոնների նյութատեխնիկական բազայի արդիականացման, վերազինման, աշխատանքային միջավայրի բարելավման ուղղությամբ, և կապիտալ ծախսերի հատկացումը դիտվում է իբրև առանձին խնդիր:

«Այս պահին խոսվում է մշակութային գործունեության կազմակերպման սկզբունքների մասին: Փորձելով խրախուսել թատրոնների գործունեության հնարավորինս արդյունավետ իրացման տարբերակները՝ առաջարկում ենք ֆինանսավորման մի մոդել, որը կհիմնվի հաստատության գեներացրած արտաբյուջետային եկամուտների չափի վրա: Եվ այն մուտքերը, որոնք ցույց կտան բարելավումը նախորդ տարվա համեմատ, պետության կողմից առավելագույնը կկրկնապատկվեն՝ սահմանելով որոշակի համամասնություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն առանձնացրել է 2 հիմնական հավելյալ խնդիր, որոնք համատեղ կարգավորման պահանջ ունեն: Առաջին խնդիրը վերաբերում է մշակութային հաստատության ստեղծագործական անձնակազմի վարձատրության սկզբունքին. «Հաստիքային տրամաբանությունից պետք է անցում կատարենք ելույթավճարների տրամաբանության, որը կօգնի նաև բարձրացնել աշխատակիցների մոտիվացիան, կնպաստի բովանդակային ներգրավվածությանը՝ ստեղծելով մասնագիտական զարգացման հավելյալ խթաններ»: Որպես երկրորդ սկզբունք՝ նախարարն ընդգծել է ատեստավորման հնարավորությունը, որն արդեն իսկ կիրառվում է տարբեր ոլորտներում՝ վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման փոխկապակցվածության հիմքով: «Յուրաքանչյուր կառույցում ունենք նմանատիպ որակական ֆիլտրի կարիք: Կարծում եմ՝ մշակութային հաստատություններն ամբողջությամբ կարող են լինել ինքնուրույն՝ սեփական ռեսուրսներով իրականացնելով գործընթացը: Պարբերական քննարկումներով մեխանիզմները կարող են ճշգրտվել, ընթացակարգերը՝ սահմանվել: Նպատակը մեկն է՝ մեր գործունեությամբ նպաստենք մշակութային որակյալ արտադրանքին մարդկանց հաղորդակցմանը, ու համապատասխան վարքականոնի ձևավորմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ներկաները քննարկման թեմաների շուրջ հնչեցրել են առաջարկներ, բարձրաձայնել իրենց հուզող հարցերի մասին: Մասնավորապես՝ ընդգծվել է ատեստավորման չափանիշների հստակեցման անհրաժեշտությունը, ստեղծագործող անձնակազմի սոցիալական պաշտպանվածության սահմանումը: Կարևորվել է խնդիրները համակարգային փոփոխությամբ լուծելու ճանապարհը:

Որպես առաջարկ՝ տնօրենները ներկայացրել են ստեղծագործական անձնակազմը ադմինիստրատիվ անձնակազմից տարանջատելու, ստեղծագործական հաստիքները ժամկետային դարձնելու համար օրենսդրական ակտ մշակելու, աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Նշվել է՝ ստեղծագործողը որքան ազատ լինի հաստիքային պարտականություններից, այնքան որակապես կբարելավվի նրա աշխատանքը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն քննարկումները դարձնել շարունակական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter