Պլատինի. առաջնության սպասման էմոցիաները հասել են եռման կետին
ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներն ու բարձրաստիճան հյուրերը երեկ երեկոյան հավաքվել էին Վարշավայի Թագավորական պալատում, որտեղ նշել են «Եվրո-2012»-ի մեկնարկը: Դիմելով հավաքվածներին՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարծիք է հայտնել, որ Եվրոպայի առաջնության սպասման էմոցիաները հասել են եռման կետին:
«Մենք վերջապես այստեղ ենք: Լեհաստանի եւ Ուկրաինայի բնակիչներն այս պահին սպասել են ավելի քան 5 տարի: Այդ հրաշալի պահն արդեն մեր շեմին է,- ասել է Պլատինին:- Ժամեր անց կսկսվի «Եվրո»-ն, ու ամբողջ Եվրոպան նորից կշնչի ֆուտբոլով, գրավված կլինի ֆուտբոլով ու ավելի քան երեք շաբաթ կապրի ֆուտբոլով առանց դադարի: Առաջին սուլոցը ազատման պահ կլինի մեզ բոլորիս եւ ֆուտբոլիստների համար, ովքեր սպասում են միայն մի բանի՝ դաշտ դուրս գալու հնարավորության եւ ապացուցելու, որ կարող են մտնել պատմության մեջ»:
«Գալիք երեք շաբաթները կլինեն իսկական տոնախմբություն, աշխարհում ամենագեղեցիկ խաղի տոն, որովհետեւ ֆուտբոլը երջանկություն է: Էմոցիաները լինելու են առաջին պլանում՝ ուրախություն, արցունքներ եւ երկրպագուների մրցակցություն: Եվրոպայից ու դրա սահմաններից դուրս գտնվող տեղերից եկած կրքոտ երկրպագուները տուն կվերադառնան անմոռանալի տպավորություններով՝ յուրահատուկ փորձ ստացած»,- հավելել է ՈւԵՖԱ-ի նախագահը:
Նա շնորհակալություն է հայտնել Լեհաստանի եւ Ուկրաինայի կառավարություններին, վերջիններիս ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Գժեգոժ Լյատոյին եւ Գրիգորի Սուրկիսին այն աշխատանքի համար, որ արել են 2007-ից սկսած. «Սա յուրահատուկ եւ բացառիկ հնարավորություն է ձեր երկրների համար: Այդ հնարավորությունը պետք է օգտագործել, այն պատմական նշանակություն ունի: Նրանք, ովքեր չեն հասկանում սա, սխալվում են, եւ դուք կապացուցեք, թե որքան սխալ էին նրանք»:
ՈւԵՖԱ-ի նախագահը մրցաշարի մասնակից 16 երկրների ֆեդերացիաների նախագահներին արծաթե խաղակոշիկի տեսքով խորհրդանշական նվերներ է հանձնել: «Հաջողություն բոլորիդ: Հույս ունեմ, որ ձեր խաղացողները դաշտում իրենց վարքագծով օրինակ կծառայեն: Հույս ունեմ՝ նրանք կկարողանան մեզ երազել տալ այս մրցաշարի ժամանակ»,- եզրափակել է Պլատինին:
Լուս.՝ UEFA-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել