HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ նախկին շենքի բնակիչները գիշերելու են դրսում

Այսօր վաղ առավոտյան ոստիկանական ուժերը ներխուժել են ՊՆ նախկին շենքի տարածք և բռնի ուժ կիրառելով՝ դուրս են հանել այնտեղ բնակվող ընտանիքներին։

Հիմա տասնյակ բնակիչներ հավաքվել են շենքի մոտ։ Դարպասների մյուս կողմում տաքանալու համար խարույկ են վառել և ստիպված գիշերելու են դրսում։ Շատ են փոքր երեխաները, դպրոցականները, կան տարեցներ, կանայք։

Ոստիկանները ոչ ոքի ներս չեն թողնում, բոլորի իրերը մնացել են ներսում։

«Երեխես կեղտոտել ա, փոխնորդ շոր չկա, չեմ կարում փոխեմ»,- պատմում է երեխաների և ամուսնու հետ մի քանի ամիս այստեղ բնակվող Մարինեն։ Վեց երեխա ունի, փոքրը` 9 ամսական է, քնած էր մոր գրկում։ Ընտանիքը վարձով բնակվել է Երևանում, վարձը թանկացրել են, ծանոթից լսել են, որ կարող են բնակվել ՊՆ նախկին շենքում և տեղափոխվել են այստեղ։

ՊՆ նախկին շենքում բնակիչները անտուն են, սոցիալական ծանր վիճակում են գտնվում, շատերը դրսում են հայտնվել վարձով տների թանկացումների պատճառով։ Եկել են, իրենց ուժերով տարրական հարմարություններ ստեղծել, վերանորոգել են շենքը, յուրաքանչյուր ընտանիք ըստ անհրաժեշտության մի քանի սենյակ է վերցրել։

Ընտանիքների հստակ թիվը հնարավոր չէր ճշտել, բայց բնակիչների խոսքով՝ մոտ 150 ընտանիք կա։ Առաջին բնակիչները այստեղ են եկել անցած տարի։ 

Խարույկի շուրջ հավաքվածները շատ էին քննարկում Հայաստանի` Թուրքիային հումանիտար օգնություն տրամադրելը, ասում էին` բա իրենց ո՞վ կօգնի, եթե պետությունը նման վերաբերմունք է ցույց տվել, ու՞մ ապավինեն։

«Առավոտ շուտ եկան, նենց հանեցին, ոնց որ մենք տեռորիստ ենք, քաշքշելով վռնդեցին, չէին ուզում ոչինչ լսել, իրենց ոչ մի բան չէր հետաքրքրում, երեխա, կին, մեկ էր»,- պատմում է բնակիչներից մեկը։

Ի՞նչ եք պատրաստվում անել հարցին, բոլորը միաձայն ասացին․ «Չենք գնալու այստեղից, մինչև վերջ կմնանք, մինչև մեր հարցը լուծվի, ոստիկանությունն էլ անմարդկային վերաբերմունքի համար պատասխանատվություն կրի»։

«Մենք չենք ներխուժել, ներխուժումն ենք վերացրել»,- մեկնաբանելով ոստիկանության գործողությունները՝ այսօր հայտարարել է ՆԳՆ ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը։

2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով՝ Կառավարությունը ՊՆ նախկին շենքը ամրացրել է ՊԵԿ-ին՝ այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն դարձնելու նպատակով։

Իր՝ «Դոբերման» ցեղատեսակի շան հետ խաղացող 12-ամյա Արթուրը պատմեց, որ բարեկամներ չունեն, ում տուն որ կկարողանան գնալ թեկուզ մի գիշերով։ «Մորքուրս ա, բայց իրանք էլ են շատվոր, մի 10 հոգի կլինեն մեր պես, տեղ չունեն տանը, որ գնանք իրանց մոտ»,- ասաց նա։ Ո՛չ Արթուրը, ո՛չ իր եղբայրները վաղը դպրոց չեն գնալու․ դասագրքերը, անհրաժեշտ իրերը մնացել են ներսում։

Բնակիչներից շատերը մտավախություն ունեն, որ կեսգիշերին նրանց դեմ նորից կարող է ուժ կիրառեն և այս անգամ դուրս հանեն նույնիսկ շենքի տարածքից։

Խարույկի շուրջ շատ էին նաև Արցախյան պատերազմներին մասնակցած ազատամարտիկները, որոշները մինչև հիմա կամավորական ջոկատների անդամներ են։

«Հետքը» կշարունակի հետևել զարգացումներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter