
Դատավոր Ղարսլյանի կամայական որոշումները՝ Վաչագան Ղազարյանի ապօրինի գույքի գործով
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա մերձավորների դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումը՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով: Նիստը լուսաբանելու նպատակով դատարանում էինք, սակայն դատավոր Աշխեն Ղարսլյանը Վաչագան Ղազարյանի ներկայացուցչի առարկության պատճառով չթույլատրեց լուսանկարել: Դատախազության ներկայացուցիչը չառարկեց լուսանկարելուն: Իսկ «Factor TV»-ի և Հանրային հեռուստաընկերության լրագրողները չկարողացան տեսանկարահանել, և լրատվամիջոցի օպերատորը հեռացավ դահլիճից:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունն ընդդեմ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի, որդու՝ Մհեր Ղազարյանի, դստեր՝ Արև Ղազարյանի և Արամ Դանիելյանի հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Դատախազությունը, հօգուտ պետության, պահանջում է բռնագանձել 23 միավոր անշարժ գույք, 10 միավոր շարժական գույք և 1 մլրդ 600 մլն դրամ:
Դատավորը լուսանկարել չթույլատրելու որոշումը հիմնավորեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 9-րդ մասով, ըստ որի՝ «Դատական նիստի կամ դրա մի մասի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ»:
Լուսանկարելու արգելքից հետո դատարանի դահլիճ մտան նաև «Factor TV»-ի և Հանրային հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորները:
Դատավոր Ղարսլյանը օպերատորից պահանջեց թեքել տեսախցիկը, որ համոզմունք ձևավորվի՝ այն չի նկարում: Սա այն դեպքում, երբ տեսախցիկն ընդհանրապես դրված չէր եռոտանու վրա (շտատիվ):
Լրագրողը ճշտեց՝ արդյոք դատարանն անդրադարձե՞լ է նաև տեսանկարահանման հարցին, ինչին ի պատասխան Աշխեն Ղարսլյանը պատասխանեց. «Տեսանկարահանման թույլտվություն ստանալու համար պարտավոր է լրատվական ծառայությունը մինչև դատական նիստի բացումը, համապատասխան դիմումը հղել քարտուղարին և դատական նիստի բացումից հետո կքննարկվի այդ հարցը: Քանի որ դուք ուշացել եք, արդեն իսկ այդպիսի հնարավորությունը բացառվում է սույն դատական նիստով»:
Երբ լրագրողները տեղում շշուկով քննարկում էին, թե ինչպես իրականացնեն նիստի լուսաբանումը, դատավորը զգուշացրեց, որ սանկցիա կկիրառի նրանց նկատմամբ:
Քանի որ դատավորը տեսանկարահանում իրականացնող լրատվամիջոցներին զրկեց միջնորդություն ներկայացնելու իրավունքից, «Factor TV»-ին չկարողացավ ապահովել դահլիճից հեռարձակումը և նիստի լուսաբանումը, օպերատորը ստիպված հեռացավ դատարանի դահլիճից: Սա այն դեպքում, երբ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատական նիստերն ունեն հանրային մեծ հետաքրքրություն, և կա տեղեկատվություն ստանալու պահանջ։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հակակոռուպցիոն դատարանում լրագրողները թիրախավորվում են: Կան դատավորներ, ովքեր նույնիսկ լրագրողի վկայականները պատճենում և կցում են քննվող գործին: Իսկ Աշխեն Ղարսլյանը մեկ այլ գործի՝ Միհրան Պողոսյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով հայցադիմումի քննության ժամանակ հայտարարել էր, որ թույլ կտա տեսանկարահանում միայն կողմերի «անվերապահ համաձայնության դեպքում»: Ապօրինի գույքի բռնագանձման գործերով հիմնականում պատասխանողները շահագրգռված չեն, որ հանրությունը տիրապետի ամբողջական տեղեկատվությանը: Հատկապես դատավոր Աշխեն Ղարսլյանի վարույթում գտնվող գործերով հանրությունն այդպես էլ ամբողջական տեղեկատվություն չի ստանալու դատավարություններից, քանի որ դատավորը ոչ միշտ է ստանալու կողմերի «անվերապահ համաձայնությունը»:
Նշենք, որ դատական պրակտիկան ձևավորվել է այնպես, որ եթե կողմերից մեկն առարկում է տեսալուսանկարահանմանը, ապա դատարանն արգելում է տեսալուսանկարահանել միայն տվյալ անձին, և հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանել դատավորին և չառարկող կողմին:
Այս գործով հնարավոր էր նույն պրակտիկան կիրառել, քանի որ դատախազության ներկայացուցիչը չառարկեց: Ստացվում է՝ Վաչագան Ղազարյանի ներկայացուցչից էր կախված նաև դատավորին և դատախազին նկարելը:
Դատավոր Ղարսլյանի վարությում գտնվող գործերի լուսաբանման առումով ևս մեկ դժվարություն կա: Դատավորի թույլտվությամբ կողմերն ամբողջական չեն անդրադառնում միջնորդություններին, գրավոր միջնորդություններին և այլն: Այդ ամենը պատճառաբանվում է «ժամանակ շահելով», քանի որ դատարանը և կողմերը նախապես ստացած են լինում գրավոր միջնորդությունները և կարիք չեն տեսնում ամբողջությամբ հրապարակել դատարանի դահլիճում:
Այսօր մոտ մեկուկես ժամ տևած դատական նիստի ժամանակ քննարկվում էր դատախազության ներկայացրած՝ հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ Վաչագան Ղազարյանի դիրքորոշումը: Կողմերն այնպես խոսեցին, որ դահլիճում գտնվող լրագրողները չհասկացան, թե ինչ են քննարկում:
Նույնիսկ դատավոր Աշխեն Ղարսլյանն էր զլանում ամբողջական տվյալներ հայտնել: Մասնավորապես, երբ խոսք եղավ Վաչագան Ղազարյանից բռնագանձման ենթակա գումարի մասին, դատավորը նույնիսկ ամբողջական գումարի չափը չասաց. «1 մլրդ 647 մլն, և ամբողջությամբ չընթերցեմ թիվը…»:
Դատական նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու համար ստիպված գրավոր պետք է դիմենք Գլխավոր դատախազություն։
Նիստի ավարտից հետո դատախազ Միհրան Բուլղադարյանը պարզաբանեց՝ հայցի առարկայի փոփոխությունն այն պատճառով է, որ կատարվել է վերահաշվարկ, որի արդյունքում ապօրինի ծագման և օրինական ճանապարհով ձեռք բերված գույքերի տոկոսային հարաբերակցությունը փոխվել է:
Օրինակ՝ եթե սկզբնական հայցով բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույքերի արժեքը կազմել է 8 մլրդ 600 մլն դրամ, վերահաշվարկից հետո դարձել է մոտ 8 մլրդ 400 մլն դրամ:
Դատախազ Միհրան Բուլղադարյանն ասաց, որ դատարանի և պատասխանող Վաչագան Ղազարյանի համար անհասկանալի են մնացել դրամական փոխանցումները: Հաջորդ դատական նիստի ժամանակ ներկայացնելու են դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկությունները:
Գործի մանրամասներին կանդրադառնանք լրացուցիչ պարզաբանումներ ստանալուց հետո: Վաչագան Ղազարյանը նիստից հետո հրաժարվեց որևէ պարզաբանում ներկայացնել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին:
Լուսանկարում՝ Աշխեն Ղարսլյանը, այլ դատական գործի քննության ժամանակ
Մեկնաբանել