HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր բոլոր հայտարությունների հիմքում առկա են փաստական տվյալներ»․ հրդեհից մահացած զինծառայողների գործով փաստաբան

Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհից 13 տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն արձագանքել է ՀՀ քննչական կոմիտեի այսօր տարածած հայտարարությանը, որով Քննչական կոմիտեն ապատեղեկատվություն էր համարել հրդեհից մահացած զինծառայողների գործով փաստաբանի հայտարարությունները։

«Ինձ դասեր տալու, սենտիմենտալ զեղումներով ու սիրողական մակարդակով հայտարարություններ անելու փոխարեն Ձեր աշխատանքով փարատեք հանրության մոտ առկա կասկածանքները, քննության առարկա դարձրեք հնարավոր բոլոր վարկածները, այդ թվում՝ Ձեր բնորոշմամբ, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային ենթադրություններն ու ասեկոսեները։

Եթե Ձեր պնդմամբ, տուժող կողմի հայտարարությունները որևէ աղերս չունեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, այլ ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, ապա պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր կողմից արված բոլոր հայտարությունների հիմքում առկա են փաստական տվյալներ, միաժամանակ՝ բխում են գործի վերաբերյալ տուժողների դիրքորոշումից և համաձայնեցված են նրանց հետ, հետևաբար՝ չեն կարող հետապնդել զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու նպատակ։

Բացի այդ, իմ կողմից հրապարակայնորեն աված պնդումների հիմքում դրված են իրավասու պաշտոնատար անձանց կողմից դեպքի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, ինչպես նաև դեպքի վայրում գտնվելու ընթացքում իրականացված ուսումնասիրությունները, որոնք այս փուլում բավարար են նման պնդումներ կատարելու համար։

Ինչ վերաբերում է տուժողների կողմից առաջ քաշված վարկածին կամ հնարավոր այլ վարկածներին, ապա վարույթն իրականացնող մարմինը ոչ թե պետք է քամահրական վերաբերմունք դրսևորի նման վարքագծի նկատմամբ և փորձ անի հանրությանը «Պարտադրել» հավատալու ՀՀ կառավարության նիստում հրապարակված պաշտոնական վարկածին, այլ պարտավոր է քննության առարկա դարձնել հնարավոր բոլոր վարկածները։

Մեկ անգամ ևս պնդում ենք, որ տուժող կողմը չի հավատում պաշտոնական վարկածին և պահանջում է իրականացնել անկողմնակալ ու օբյեկտիվ քննություն՝ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Տվյալ դեպքում ինքս եմ հորդորում Ձեզ՝ զերծ մնալ նման սրտաճմլիկ հայտարարություններ տարածելուց, ավելորդ լարվածություն ստեղծելուց, տուժող կողմի առաջ բարիկադներ կառուցելուց և Ձեր նկատմամբ ավելի մեծ անվստահություն ձևավորելուց։

Իրավասու բոլոր մարմինները պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում անել առավելագույնը՝ այս գործում ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է Նարիկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter