
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը հիվանդներին աշխատեցրել է և խոշտանգման ենթարկել․ ոստիկանություն
Ոստիկանությունը հայտնում է՝ տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ:
«Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը:
Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ տնօրենը աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:
Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը:
Այնուհետև, նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Վարդենիսի տուն-ինտերնատի ներկայիս տնօրենը Կարեն Խաչատրյանն է։
Լուսանկարում՝ Կարեն Խաչատրյանը՝ ձախից երրորդը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել