HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 44 000-ին

Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 43 844-ի։ Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 38 044-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով կա առնվազն 5 800 զոհ։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժից ավելի քան 10 օր անց ևս չորս մարդու հնարավոր է եղել ողջ դուրս բերել փլատակների տակից։ Առաջին երկրաշարժից 257 ժամ անց էլ Քահրամանմարաշում փրկել են 42-ամյա Նեսլիհան Քըլըչին։ Երկրաշարժից 260 ժամ անց Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում փրկվել է 12-ամյա տղա երեխա, իսկ դրանից մեկ ժամ անց էլ փլատակների տակից հանել են երկու տղամարդու՝ 26-ամյա Մեհմեթ Ալի Շաքիրօղլուին և 32-ամյա Մուսթաֆա Ավչիին։

Գիշերը թուրքական Հաթայ նահանգում գրանցվել է 5 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ նոր երկրաշարժ։ Փլուզվել են մի քանի շենքեր, որոնք վնասվել էին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի հետևանքով։

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին՝ տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

Թուրքիայում ավերվել է ավելի քան 6000 շինություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ վնասված տները պետության կողմից կվերականգնվեն մեկ տարվա ընթացքում։ Էրդողանն աղետն անվանել է 1939 թվականի Երզնկայի երկրաշարժի ժամանակներից ի վեր վերջին հարյուրամյակում ամենախոշոր աղետը։ 

Լուսանկարը՝ Burak Kara/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter