HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փորձագետների կանխատեսմամբ՝ Ստամբուլում հնարավոր երկրաշարժը մեծ աղետի կհանգեցնի

Փորձագետները երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլում, որը զոհերի թվով կգերազանցի փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գրանցված երկրաշարժը։ Այդ մասին գրում է թուրքական Hürriyet պարբերականը։

Սեյսմոլոգները նշում են, որ Ստամբուլը գտնվում է Անատոլիական ու Եվրասիական տեկտոնական սալերի սահմանագծին՝ Հյուսիսատլանտյան բեկվածքի այն հատվածից 15-20 կիլոմետր հարավ, որն անցնում է Մարմարա ծովով։ Այդպիսով, երկրաշարժը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ «Այլ բառերով ասած, Քահրամանմարաշում երկրաշարժը Ստամբուլի երկրաշարժի փորձն էր»,- նշվում է հոդվածում։

Ստամբուլում կա մոտ 1 միլիոն 164 հազար շինություն ու 4,5 միլիոն բնակարան, դրանցից յուրաքանչյուրում բնակվում է միջինում 3,3 մարդ։ 7,5 մագնիտուդ ու բարձր ուժգնությամբ երկրաշարժի պարագայում 13 492 շինություն մասամբ կվնասվի, իսկ 39 325 շինություն՝ ամբողջապես։

Հայտնի է, որ Ստամբուլում շինությունների 70 %-ը կառուցվել է մինչև 2000 թվականը։

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը Թուրքիայում տեղի էր ունեցել փետրվարի 6-ին՝ տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

Թուրքիայում ավերվել է ավելի քան 6000 շինություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ վնասված տները պետությունը կվերականգնի մեկ տարվա ընթացքում։ Էրդողանն այս աղետն անվանել է 1939 թվականի Երզնկայի երկրաշարժի ժամանակներից ի վեր վերջին հարյուրամյակում ամենախոշորը։

Լուսանկարը՝ alphacoders.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter