HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտարերկրյա գործակալների մասին օրենք կներկայացվի Վրաստանի խորհրդարան

Վրաստանի խորհրդարանի քննարկմանը կներկայացվի նոր օրինագիծ, որի ընդունման դեպքում արտերկրից գումար ստացող ԶԼՄ-ներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին պետությունը կպիտակավորի որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»:

Վրաստանի քաղհասարակությունը և ԶԼՄ-ները մտավախություններ ունեն, որ այս օրինագիծը կօգտագործվի իշխող ուժի կողմից մամուլը և ընդդիմադիր հայացքներ ունեցողներին լռեցնելու համար։ Նման օրենք արդեն մի քանի տարի է՝ գործում է Ռուսաստանում։

Օրինագծի հեղինակը «Ժողովրդի իշխանությունը» կառավարամետ պատգամավորների խումբն է, որոնք պաշտոնապես լքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Խումբը հայտարարել է, որ նախագիծը հիմնված է «թափանցիկության սկզբունքների վրա»:

Օրենքի նախագիծը նման է օտարերկրյա գործակալների մասին օրենքին, որն առաջին անգամ ընդունվել է Ռուսաստանում 2012-ին։ Ռուսաստանի իշխանություններն այս օրենքն օգտագործել են լրատվամիջոցների ազատությունն ու այլախոհությունը ճնշելու համար, օտարերկրյա գործակալների ցուցակում հայտնվել են տարբեր ակտիվիստներ, հրապարակախոսներ, լրագրողներ, քաղաքական, մշակութային գործիչներ, օրինակ՝ այս ցուցակում վերջերս հայտնվել է հայտնի երգիչ Զեմֆիրան։

Տարածաշրջանը լուսաբանող OC Media օնլայն թերթի ձեռքի տակ է հայտնվել օրենքի նախագծի պատճենը։ Ըստ թերթի՝ օրենքը կազդի երկրում գործող ցանկացած հեռարձակողի, թերթի կամ վրացալեզու առցանց մեդիա հարթակի, ինչպես նաև՝ Վրաստանում որպես հասարակական կազմակերպություն գրանցված ցանկացած կազմակերպության վրա: Այսպես, ցանկացած նման կազմակերպություն, որն իր եկամտի ավելի քան 20%-ը ստացել է «օտարերկրյա ուժից», ստիպված կլինի գրանցվել «Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում» կամ կտուգանվի մինչև 25000 լարի (9400 ԱՄՆ դոլար):

Օտարերկրյա ազդեցության գործակալ համարվող անձինք պարտավոր կլինեն տարեկան եկամուտների հայտարարագրեր ներկայացնել։ Օրենքի նախագիծը նաև լիազորում է Վրաստանի արդարադատության նախարարությանը հետաքննել և փաստաթղթեր ստանալ այն կազմակերպություններից, որոնք, իրենց կարծիքով, օտարերկրյա ազդեցության գործակալներ են:

«Օրենքը, ամենայն հավանականությամբ, կտարածվի Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների մեծամասնության, ինչպես նաև՝ լրատվամիջոցների մեծ մասի վրա»,-տեղեկացնում է OC Media պարբերականը։

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունն առաջարկվող օրինագծի մասին հստակ դիրքորոշում դեռ չի հայտնել։ Նախագծին կողմ են արտահայտվել կուսակցության մի քանի պատգամավորներ։

Ըստ որոշ ԵՄ գործիչների, որոնք մեկնաբանել են այս նախագիծը, այն կարող է վտանգել Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարները։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը նշել է, որ Վրաստանի Կառավարությունը նույնպես ստանում է արտաքին ֆինանսավորում։

«Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի իշխանություններին, որոնք նույնպես ստանում են աջակցություն և ֆինանսական միջոցներ ԵՄ-ից, նրանք կհայտարարե՞ն, որ իրենք նույնպես օտարերկրյա գործակալներ են»,-նշել է Կուբիլիուսը՝ հույս հայտնելով, որ օրինագիծը չի ընդունվի։

Հիշեցնենք, որ 2022-ի հունիսին Վրաստանը չստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ, ինչը հանգեցրեց Վրաստանում հակակառավարական ցույցերի։

Գլխավոր լուսանկարը՝ Վրաստանի խորհրդարանի ֆեյսբուքյանի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter