
Հեղինակային իրավունքի վեճ՝ քանդակագործի կնոջ ու Կենտրոնական բանկի միջև
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի այրին՝ Հասմիկ Եղիազարյանը, դատական կարգով փորձում է պաշտպանել ամուսնու հեղինակային իրավունքը: Եղիազարյանը պնդում է, որ Կենտրոնական բանկի (ԿԲ) թողարկած «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամի դիմերեսին և դարձերեսին պատկերված են ամուսնու ստեղծագործությունների պատկերները, որի համար ԿԲ-ն թույլտվություն չի ստացել: Դրանով խախտվել է քանդակագործի հեղինակային իրավունքը:
«Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի շրջանակներում քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը իրականացրել է ճեմուղու ստեղծման հետ կապված աշխատանքներ: Ճեմուղում կանգնեցվել են Առաքելjանի հեղինակած` հայ բարերարներ Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները: Իսկ ճեմուղու միջնամասում տեղադրվել է բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող:
22.03.2019թ. Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: Որպես էսքիզների հեղինակներ նշվել են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):
Ֆերդինանտ Առաքելյանը մահացել է 2018թ. ապրիլի 21-ին: Վերջինիս ժառանգ է ճանաչվել կինը՝ Հասմիկ Եղիազարյանը: Նրա ներկայացուցիչը պնդում է, որ հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո 70 տարի:
Հասմիկ Եղիազարյանի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ հուշադրամի դիմերեսին պատկերված է Ճեմուղու Գալուստ Գյուլբենկյանի հուշակոթողը, իսկ դարձերեսին՝ բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը:
2019թ. հայցվորի ներկայացուցչի կողմից ԿԲ հարցում է կատարվել: ԿԲ-ն, հղում կատարելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքին, նշել է, որ «հուշահամալիրի պատկերի օգտագործումը ՀՀ օրենսդրությամբ չի հանդիսանում Ձեր՝ որպես քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի իրավահաջորդի հեղինակային իրավունքների խախտում»:
Դրանից հետո կողմերը նաև հանդիպել են: ԿԲ-ից խոստացել են իրենց պաշտոնական կայքում թարմացնել տեղեկատվությունը՝ հուշահամալիրի հեղինակ նշելով քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանին:
Այնուհետև տևական ժամանակ կայքում այդպես էլ չի թարմացվել տեղեկատվությունը: Ըստ Հ. Եղիազարյանի ներկայացուցիչ Անի Դավթյանի՝ 24.08.2020թ. դրությամբ ԿԲ կայքում նոր միայն կատարվել են փոփոխություններ, և տեղեկատվության մեջ ավելացել է՝ դիմերես՝ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆերդինանտ Առաքելյան):
2021թ. մարտին հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ հեղինակային իրավունքը ճանաչելու և առանց իրավատիրոջ թույլտվության` ստեղծագործությունն օգտագործող անձից հոնորարի կրկնակի չափով փոխհատուցման պահանջի մասին:
«Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամի արժեքը 205 հազար դրամ է, իսկ տպաքանակը եղել է 1000 հատ:
Ներկայացուցիչը հաշվարկել է, որ ԿԲ-ն հուշադրամի վաճառքից ընդհանուր հոնորար կստանա 205 մլն դրամի չափով: Փորձել է տեղեկատվություն ստանալ հուշադրամի էսքիզի հեղինակների վարձատրության չափի վերաբերյալ, սակայն չի ստացել: Նկարիչների միությունը ևս տեղեկություն չի ունեցել, թե որքան վարձատրություն է ստանում հեղինակը նմանատիպ դեպքերում:
Ֆերդինանտ Առաքելյանի և այդ ժամանակ գործող Սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն «Հայ բարերաների հուշարձաններ» քանդակագործական աշխատանքների համար վարձատրությունը կազմել է 21 մլն դրամ, իսկ հայ անվանի բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողի «4 բրոնզե կռունկ» քանդակների համար՝ 5 մլն դրամ:
Անի Դավթյանը պնդել է, որ ԿԲ-ն Հասմիկ Եղիազարյանի հետ չի կնքել որևէ պայմանագիր՝ քանդակների՝ որպես էսքիզի օգտագործման վերաբերյալ: Քանդակագործի իրավահաջորդը վիճարկվող քանդակների՝ որպես էսքիզի օգտագործման թույլտվություն չի տվել ԿԲ-ին և առհասարակ՝ հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման վերաբերյալ պայմանագիր չի կնքվել, և ի սկզբանե չի նշվել հեղինակի անունը: Ֆերդինանտ Առաքելյանի անունը Կենտրոնական բանկի կայքում՝ միայն դիմերեսի վերաբերյալ, ավելացվել է բազմաթիվ գրություններից հետո:
«Կարևոր է արձանագրել, որ ըստ Մտավոր սեփականության իրավունքի էության և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի՝ այցելության համար ազատ վայրերում տեղադրված հեղինակային իրավունքի օբյեկտները թույլ է տրվում օգտագործել առանց հեղինակի թույլտվության անձնական նպատակներով, կամ այլ Բեռնի կոնվենցիայում նշված նպատակներով, եթե միայն այդ նպատակները չեն կրում ձեռնարկատիրական գործունեության բնույթ: Իսկ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին կից «Դրամագետ» վաճառասրահում տվյալ հուշադրամները վաճառվում են 205 000 ՀՀ դրամով, ինչը չի կարող չորակավորվել, որպես ձեռնարկատիրական գործունեություն»,- դատարանին հայտնել է քանդակագործի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Հասմիկ Եղիազարյանը խնդրել է հեղինակային իրավունքի խախտման համար բռնագանձել Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս Կենտրոնական բանկի, հօգուտ Ֆերդինանտ Առաքելյանի իրավահաջորդի, հոնորարի կրկնակի չափով փոխհատուցում՝ 10 մլն 400 հազար դրամ։
Անի Դավթյանն ասում է, որ Հայաստանում «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի փոփոխություններից հետո «ազատ օգտագործում»-ն այնքան լայն հասկացություն է դարձել, որ գրեթե հավասարվել է հանրային սեփականության: Ստացվում է, որ դե ֆակտո մտավոր սեփականության իրավունքի օբյեկտը այցելության համար բաց վայրում տեղադրելը վերածում է այն հանրային սեփականության:
Փաստաբանի դիտարկմամբ՝ ներքին օրենսդրությունը հակասում է Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտականություններին և մտավոր սեփականության ինստիտուտին, հատկապես՝ Բեռնի կոնվենցիային:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողի՝ «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրի ստեղծագործության նկատմամբ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի՝ հեղինակ ճանաչվելու իրավունքը երբևէ չի վիճարկվել:
Նշել են, որ «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամի դիմերեսի էսքիզը պատրաստող հեղինակ նշվել է Հ. Սամույելյանը, սակայն վերջինս տվյալ դեպքում հանդիսանում է հուշադրամի դիմերեսի ընդհանուր էսքիզի հեղինակ, քանի որ այն իր մեջ ներառում է Հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը, «Երախտապարտություն» երկլեզու մակագրությունը և այլ գրություններ:
ԿԲ-ից հայտնել են նաև, որ կայքում՝ հուշամեդալի նկարագրության բաժնում կատարել են համապատասխան փոփոխություն՝ նշելով հեղինակ Ֆ. Առաքելյանի անունը: Իսկ լրացումը կատարելու որոշակի ուշացումը պայմանավորված է եղել նրանով, որ փոփոխությունները կատարվել են ոչ միայն Կենտրոնական բանկի կայքում, այլ նաև հուշադրամների բուկլետներում, որոնց փոփոխված տարբերակների պատրաստման համար անհրաժեշտ էր որոշ ժամանակ:
ԿԲ-ի դիրքորոշումն այն է, որ «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը պատրաստելիս օգտագործվել է միայն քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող Հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող ստեղծագործությունը: Նշված ստեղծագործության պատկերը տեղադրվել է հուշադրամի դիմերեսի վրա, իսկ հուշադրամի դարձերեսի վրա տեղադրված Գ. Գյուլբենկյանի դիմանկարի հետ կապված աշխատանքներում քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի ստեղծագործությունները չեն օգտագործվել: Դիմանկարի աշխատանքներում օգտագործվել է համացանցում ազատ օգտագործման իրավունքով տեղադրված Գ. Գյուլբենկյանի դիմանկարը:
ԿԲ-ն պնդել է, որ հանրային վայրում տեղադրված հուշակոթողի պատկերների օգտագործման որևէ մեկից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկա: Այն ազատ է օգտագործման համար: Ավելին, պնդում են, որ առանց համապատասխան վարձատրության կամ թույլտվության քանդակների վերարտադրման և տարածման հետևանքները, Ֆերդինանտ Առաքելյանը կանխատեսել է և գիտակցաբար տվել իր համաձայնությունը քանդակները վաճառելու և այցելությունների համար բաց վայրում տեղադրելու համար:
Ինչ վերաբերում է հուշադրամի վաճառքից ստացած եկամուտներին, ապա ԿԲ-ն հայտնել է, որ հուշադրամ թողարկելը և դրանց տարածումը ինքնին չի կարելի համարել առևտրային նպատակով կատարված, քանի որ Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության արժույթ հանդիսացող հուշադրամի թողարկելը ի սկզբանե չի իրականացվել և չէր կարող իրականացվել շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ հուշադրամի դիմերեսը վերցված է Ֆերդինանտ Առաքելյանի «Հայ բարերարների ճեմուղի» հուշարձանից, իսկ հուշադրամի դարձերեսը նույն հուշարձանից վերցված լինելը հավաստող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց՝ գործում չի գտել։
Դատարանը ևս փաստել է՝ դիմերեսի պատկերի օգտագործման համար չէր պահանջվում թույլտվություն, քանի որ «քանդակները տեղադրված են հանրային վայրում՝ Երևանի օղակաձև այգում»:
Միաժամանակ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ անձը ստեղծագործությունն օգտագործել է հանրային վայրից՝ վերջինս չի կրում հեղինակի անունը և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշում կատարելու պարտականություն։
«Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը փաստում է, որ ՀՀ Կենտրոնական բանկն իրավասու էր օգտագործելու Ֆերդինանտ Առաքելյանի մտավոր սեփականության վերոնշյալ օբյեկտը՝ առանց վերջինիս թույլտվությունը ստանալու և առանց նրա հետ համապատասխան պայմանագիր կնքելու, այսինքն՝ վերջինս չի կատարել Ֆերդինանտ Առաքելյանի հեղինակային իրավունքի խախտում համարվող որևէ գործողություն»,- գրված է վճռում: Դատարանն առարկայազուրկ է համարել անդրադառնալ հայցվորին պատճառված ենթադրյալ վնասի հարցին։
Հասմիկ Եղիազարյանի հայցը մերժվել է:
Անի Դավթյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վճիռը բողոքարկել են վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն ընդունվել է վարույթ:
Փաստաբանը նշում է, որ այս գործի իրավական հանգուցալուծումը շատ կարևոր է Հասմիկ Եղիազարյանի համար: Ըստ նրա՝ Հայաստանում հեղինակային գործերի ազատ օգտագործման սահմանները լայն են, որով էլ խախտվում է հեղինակի իրավունքը: Առկա են օրենսդրական բացեր, ինչը խոցելի է դարձնում հեղինակներին:
Ա. Դավթյանը նշում է, որ դատարանը պետք է առաջնորդվեր Բեռնի Կոնվենցիայով, որտեղ ավելի հստակ են տրված կարգավորումները, այնինչ դատարանը կիրառել է ներքին օրենսդրությունը՝ չվերացնելով հեղինակային իրավունքի խախտումը:
«Տիկին Հասմիկ Եղիազարյանը մինչև վերջ պայքարելու է այս գործի համար»,- հավելեց վերջինիս ներկայացուցիչ Ա. Դավթյանը:
Մեկնաբանել