HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

58 մլն դրամ հափշտակելու կասկածանքով ձերբակալվել են Արմավիրի քոլեջի նախկին տնօրենը և նրան օժանդակած անձինք

ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ. Մ.-ն, զբաղեցնելով «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2019-2021թթ. ընթացքում վատնման եղանակով կատարել է իրեն վստահված շուրջ 58 մլն դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք:

Ըստ քրեական վարույթի նյութերի՝ 2019 թ. նոյեմբերի 8-ին «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիր, որով հիշյալ ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման՝ արհեստագործական մասնաշենքի շինարարական աշխատանքների կազմակերպման համար ԿԳՄՍ նախարարության կողմից նույն տարվա ընթացքում ՊՈԱԿ-ին փոխանցվել է 156.721.600 դրամ գումար:

Վերը նշված պայմանագրի շրջանակում Գ. Մ.-ն ՊՈԱԿ-ի անունից պայմանագրեր է կնքել 2020 թ. հունվարին հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված՝ տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող ընկերության և շինարարական աշխատանքներ իրականացնող երկու ընկերությունների կոնսորցիումի հետ: Վերջինիս հետ կնքած պայմանագրի արժեքը կազմել է 135 մլն դրամ:  

 Այնուհետև հիշյալ ընկերությունների ղեկավարներ Դ. Խ.-ն և Ս. Մ.-ն նախնական համաձայնությամբ՝ խեղաթյուրելով կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրական ծավալները և դրանցում ներառելով աշխատանքների կատարված լինելու մասին մտացածին ուռճացված տվյալներ, 2020 թվականի ընթացքում կազմել և ստորագրել են ընդհանուր 103.076.170 դրամ արժեքի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ 6 կատարողական կեղծ ակտեր և ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մ.-ին, այնինչ կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարվել են ընդամենը 58.440.909  դրամ արժեքի աշխատանքներ:

Բացի այդ, Գ. Մ.-ն էլ իր հերթին՝ Դ. Խ.-ի օժանդակությամբ, կատարողական ակտերի ամսաթվերին համապատասխան կազմել է կեղծ տեղեկություններ պարունակող 6 արձանագրություններ և ակտեր, իսկ մեկ դեպքով՝ առանց որևէ կատարողական ակտի, կազմել է 12.210.600 դրամի աշխատանքների կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն և ակտ: 

Արդյունքում՝ փաստացի 58.440.909 դրամ արժեքի շինարարական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմաններում, Գ. Մ.-ն, հիշյալ ընկերությունների ներկայացուցիչների օժանդակությամբ, ՊՈԱԿ-ին հատկացված և ի պաշտոնե իրեն վստահված դրամական միջոցներից կապալառու կազմակերպությանը վճարել է 115.286.770 դրամ գումար՝ կատարելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 56.845.861 դրամ գումարի վատնում:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գ. Մ.-ն 2019 թ.-ին ՊՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել Ս. Հ.-ին, սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականությունները չի կատարել: Տեղեկացված լինելով հիշյալ հանգամանքի մասին՝ Գ. Մ.-ն, վատնման եղանակով հափշտակություն կատարելու նպատակով, իր ստորագրությամբ հաստատել է Ս. Հ.-ի կողմից իբրև մշտապես աշխատանքի հաճախելու վերաբերյալ  կեղծ տեղեկագրերն ու դրանք ներկայացրել վճարման: Հիշյալ փաստաթղթերի հիման վրա ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից Ս. Հ.-ի անվամբ անհիմն ելքագրվել է ընդհանուր 803.161 դրամ գումար, որը Գ. Մ.-ն վատնման եղանակով հափշտակել է:

Գ. Մ.-ն, Դ. Խ.-ն և Ս. Մ.-ն 17.02.2023թ.-ին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: 

Լուսանկարը՝ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter