
Կտրոնով տրամադրվող պարենային ապրանքների ցանկն ընդլայնվել է. «Արցախպրես»
Քաղաքացիներին սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար նախատեսված կտրոնների տրամադրման երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 18-ից ու կկազմակերպվի նախորդի պես։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Իննա Իշխանյանը։
«Քաղաք Ստեփանակերտում 19 սպասարկման կետերի փոխարեն կգործեն 18-ը։ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության թիվ 2 մասնաշենքի սպասարկման կետը՝ տեղակայված Կնունյանցների 1 հասցեում, չի սպասարկելու: Քաղաքացիները ժամը 09:00-ից կարող են մոտենալ սպասարկման վայրեր՝ իրենց հասանելիք կտրոններն ստանալու նպատակով։ Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան ևս երեք պարենային՝ ձու, միրգ ու բանջարեղեն, և մեկ ոչ պարենային (լվացքի փոշի) ապրանքներ: Ավելացած ապրանքատեսակները յուրաքանչյուր անձի համար ամսվա կտրվածքով կտրամադրվեն հետևյալ սահմանաչափով՝ ձու 10 հատ, բանջարեղեն` 6 կգ, միրգ` 4 կգ, լվացքի փոշի` 1 տուփ»,- նշել է Ի. Իշխանյանը։
Մեկնաբանել