HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

Կառավարությունը հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը՝ համապատասխանեցնելով կրթության զարգացման միտումներին համահունչ մասնագետների պաշտոնի նկարագրին: 

Որոշումը տարածվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող բոլոր այն ուսումնական հաստատությունների վրա, որոնք անցում են կատարում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կառավարման նոր համակարգին:

Ընթացիկ իրավիճակ և նոր կարգավորումների անհրաժեշտություն

Մանկավարժների՝ ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պիտի օժտված լինի անձը՝ կրթության կազմակերպման արդյունքում կարողունակ քաղաքացիներ ձևավորելու համար։ Գործող կարգով սահմանված են մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը, որոնցում առկա մի շարք գործառույթներ առհասարակ չեն կիրառվում կամ իրագործելի են մասնակի դեպքերում՝ փոքրաթիվ դպրոցների աշխատակիցների կողմից: Հաստատության տնօրենի պաշտոնի նկարագիրը գործող կարգում ներառում է նաև վարչատնտեսական մասի գործառույթներ, ինչն առանձնացվել է օրենքի նոր փոփոխության արդյունքում, և բնականաբար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու հստակեցնել տնօրենի լիազորությունների  շրջանակը: 

 

Տնօրեն

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ նոր կարգավորումներով հստակեցվել են տնօրենին ներկայացվող պահանջները՝ իր պարտականություններն առավել ամբողջական և համապարփակ իրականացնելու համար: Այն կարող է հանդիսանալ նաև իբրև ուղեցույց՝ դպրոցի զարգացման ծրագիր մշակելու համար, որի առանցքային ուղղվածությունը հաստատության բաց և թափանցիկ կառավարումն է, ինչպես նաև կրթության որակի շեշտադրումը: Կրթության արդյունավետ կազմակերպման համար կարևոր է տնօրենի համագործակցային աշխատանքը վարչատնտեսական համակարգողի հետ՝ համատեղ նախատեսված գործընթացի կազմակերպման առումով:

Տնօրենի իրավասությունների շրջանակը, որը սահմանված է պաշտոնի նկարագրում, ներառում է կրթական ողջ գործընթացը՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ընտրության, մանկավարժական հաստիքների համալրման, կանոնադրական պարտավորությունների կատարման, ներքին կարգապահական կանոնների սահմանման գործառույթից՝ մինչև կրթության որակի ապահովում: Վերոգրյալ փոփոխությունների տրամաբանական շարունակությունն է տնօրենի տեղակալի գործառույթների նկարագրի վերանայումը:

 

Ուսուցիչ    

Հանրակրթության ոլորտի փոփոխությունների կարևորագույն բաղադրիչ են ուսուցչին ներկայացվող պահանջները՝ ներառելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին համապատասխան կրթության վերջնարդյունքների ապահովման վերաբերյալ պատասխանատվության շրջանակ, սովորողների կարողունակությունների զարգացման համար անհրաժեշտ մասնագիտական և որակավորման չափանիշներ: Կարևոր բաղադրիչ է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ի կազմումը և վարումը, դրանց հիման վրա կրթության կազմակերպումը: Հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի փոփոխությամբ պայմանավորված՝ մանկավարժական աշխատողներին ներկայացվող ընդհանրական պահանջ է իրազեկվածությունը օրենսդրական ոլորտի փոփոխություններին: 

Ուսուցչին ներկայացվող պահանջ է նաև ծանոթությունը դասավանդման ժամանակակից մեթոդներին և նորագույն կրթական տեխնոլոգիաներին: Ուսուցիչները մասնագիտական գործունեություն իրականացնելիս կկատարեն վերլուծություններ, կկիրառեն նորարարություններ, կիրականացնեն ուսումնական նախագծեր, կյուրացնեն դասավանդման նոր մեթոդների առանձնահատկությունները և կուսումնասիրեն գործընկերների առաջավոր փորձը: 

Մանկավարժական աշխատողների կարողունակություններում էական նշանակություն է տրվել Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում աշխատանքների իրականացմանը, համակցված/հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացի կարգավորումներին՝ ըստ պատասխանատվության աստիճանի: Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի պաշտոնի նկարագիրը սահմանվում է առաջին անգամ, որով ներկայացվում է աշխատողի կարևոր դերակատարումը ուսման գործընթացի պատշաճ կազմակերպման առումով:

Կառավարության որոշմամբ սահմանվել են նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչական աշխատողների պաշտոնների նկարագրերը:

Մեկնաբանություններ (1)

Ն.Հակոբյան
Հիմա ոչ մեկ ուշադրություն չի դարձնու ուսուչի դաս վարածին։ Ուսուչի վերաբերմունքին,չեն նայում թե ինչպես է ուսուցիչն հոգեբանորեն մոտենում երերխաներին,ես ինքս ուսուցիչ եմ ,բայց քանի որ չունեմ ստատուս աշխատանքս օդից կախված է, որն ճիշտ չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter