HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում շաբաթ օրը երեկոյան 5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին, TACC գործակալության փոխանցմամբ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է մոտ 364 հազար բնակչություն ունեցող Քահրամանմարաշ քաղաքից 54 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ու եղել 10 կիլոմետր խորության վրա։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 23:31-ին և շարունակվել 10 վայրկյան։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Քահրամանմարաշում և հարևան Ադըյամանի ու Գազիանթեփի նահանգներում։ Դեռևս տվյալներ չկան նոր հնարավոր փլուզումների մասին։ Իշխանությունները բնակիչներին խնդրել են չմոտենալ վնասված շենքերին, քանի որ ցանկացած պահի դրանք կարող են փլվել։ 

Քանդիլիի սեյսմիկ կայանի տվյալներով էլ՝ երկրաշարժի ուժգնությունը եղել է 5,3 մագնիտուդ։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության պետ Յունուս Սեզերն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 40 642-ի:

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը Թուրքիայում տեղի էր ունեցել փետրվարի 6-ին՝ տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

Թուրքիայում ավերվել է ավելի քան 6000 շինություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ վնասված տները պետությունը կվերականգնի մեկ տարվա ընթացքում։ Էրդողանն այս աղետն անվանել է 1939 թվականի Երզնկայի երկրաշարժի ժամանակներից ի վեր վերջին հարյուրամյակում ամենախոշորը։

Լուսանկարում՝ փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքներն են Իսքենդերուն քաղաքում/Burak Kara / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter