Մրցավար Կարբալյո. «Իմ երազանքը իրականացել է՝ ես այստեղ եմ»
Իսպանացի մրցավար Կառլոս Վելասկո Կարբալյոն, ով դատելու է «Եվրո-2012»-ի Լեհաստան-Հունաստան բացման խաղը պատասխանել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հարցերին:
«Նման կարեւոր ու հիշարժան խաղ դատելու հնարավորությունը առաջին հերթին ուրախության եւ հպարտության հզոր աղբյուր է: Ես անչափ ուրախ եմ, որ մրցավարության ու մարզումների 25 տարիներից հետո, բոլոր խաղերից ու մարզադաշտերից հետո, որտեղ ես եղել եմ՝ սկսած սիրողական եւ երիտասարդական մակարդակից, ի վերջո հասա նման խոշոր իրադարձության»,- ասել է իսպանացին: Վերջինս հանդիպումներից առաջ միշտ վերլուծում է թիմերի խաղը: Այդ առիթով Կարբալյոն նշել է. «Կարծում եմ՝ վերջին տարիներին պրոֆեսիոնալ մրցավարության մակարդակը զգալիորեն բարձրացել է ֆիզիկական, հոգեբանական, տեխնիկական, ինչպես նաեւ կայունության տեսանկյունից: Պետք է շարունակել այդ ուղով ընթանալ: Պետք է հետեւել ֆուտբոլի տեխնիկական կողմի զարգացմանը, քանի որ, անկասկած, մարտավարությունն ազդում է մեր աշխատանքի վրա: Այսօր պրոֆեսիոնալ մրցավարները պետք է ամեն ինչ իմանան նման բաների մասին»:
Իսպանացին նշում է, որ խաղից առաջ իր բրիգադի անդամներին հորդորելու է հաճույք ստանալ: «Նման հանդիպումներում շարժառիթի եւ կենտրոնացման մասին ավելորդ անգամ խոսելու կարիք չկա, խաղն ինքը դա կանի: Գլխավորը անհանգստությունից ու լարվածությունից ազատվելն է, որպեսզի բրիգադի ներսում դրական տրամադրություն տիրի»,- ասել է մրցավարը:
«Ինչպե՞ս եք պատրաստվում խաղերին» հարցին Կարբալյոն պատասխանել է. «Ես բավականին հնաոճ մարդ եմ: Ի տարբերություն շատերի՝ ինձ դուր չի գալիս հանդերձարանում երաժշտություն լսելը: Նախընտրում են գործընկերների հետ շփվել եւ կատակել: Ես հանգիստ մարդ եմ, եւ այն, որ ուրբաթ օրը կարեւոր խաղ պիտի դատեմ, ինձ վրա գրեթե չի ազդում: Իմ երազանքը իրականացել է՝ ես այստեղ եմ: Հիմա իմ նպատակը ինձ վրա դրված հույսերն արդարացնելն է: Ցանկանում եմ, որ մրցաշարի վերջում բոլորը ֆուտբոլի մասին խոսեն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել