HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ռազմի դաշտից մինչև բակային խաղ. Իմ ֆռռիկը

Գագիկը, վերցնելով դարակի վրա շարած բազմագույն ֆռռիկներից մեկը, խորամանկ կկոցում է աչքերն՝ առաջարկելով խաղալ: Ես ծիծաղում եմ՝ ձեռքով հրաժարվելու նշան անելով. «Ֆռռիկն իմ մանկության խաղերից է, բայց մեր ժամանակ միայն տղաներն էին խաղում,- նկատում եմ ես,- խաղն աղջկական չէր համարվում, մենք էլ չէինք խաղում: Շատ-շատ կանգնեինք, նայեինք, թե ինչպես են տղաները խաղում: Բայց շատ ժամանակ դա էլ չէին թողնում, հեռու էին քշում, ասում էին․ «Գնացեք ձեր պարանը խաղցեք, կարողա ֆռռիկը թռնի, կպնի ձեզի»: Հիմա տարիներ անց եմ հասկանում, թե ինչու էին մեզ հեռացնում․ աղջկա մոտ պարտվելը կրկնակի ծանր էր երեւի»:

«Հիմա էլ աղջիկները չեն խաղում,- Գագիկը գլխով համաձայնության նշան է անում,- բայց մեծ սիրով փորձում են սովորել, ու ասեմ, որ տղաներից ավելի շուտ են սովորում: Տղա երեխաները մի քիչ անհամբեր են, ուզում են, որ միանգամից ամեն ինչ ստացվի, այդ առումով աղջիկ երեխաներն ավելի համբերատար են: Չիմանալը թերություն չէ, չձգտելն է պախարակելի: Չիմանալ-սովորելու հետ կապված մի դեպք պատմեմ: Ընկերներով հավաքվել, հրապարակում ֆռռիկ կխաղայինք, մոտեցավ բավական տարիքով մի պապիկ՝ ձեռնափայտով էր, նայեց-նայեց, հետո քմծիծաղով հարցրեց․ «Յանըմ ֆռռիկ կխաղա՞ք...»։

Մենք հարգանքով առաջարկեցինք, օր վերցնե ինքն էլ փորձե: Էդ տարիքին էն ձեւ խփեց, օր ֆռռիկը պիտի մեջտեղից կիսվեր, խփելուց հետո էլ, երբ օր ֆռռիկը կֆռռար ձեռքը տարավ՝ ոչ թե ափով, այլ բութ մատի օգնությամբ վերցրեց ցուցամատի վրա, հաղթական նայեց դեմքիս ու հարցրեց. «Կռնա՞ս... »: Մենք հմայված կնայեինք էդ մարդուն, ինքը շուռ եկավ ու հպարտ հեռացավ՝ մի տեսակ ձիգ քայլերով»:

«Իմ ֆռռիկը» ապրանքանիշի հիմնադիր, գյումրեցի Գագիկ Մխիթարյանն առանց ժպիտի չի կարողանում հիշել այդ դեպքը: Ասում է՝ տպավորված էին, հիացած, այդ օրը մի քիչ էլ ամաչեցին. «Օր չէին կռնա ֆռռիկը գետնից թռցնե»:

«Այսինքն՝ ինքը մեզի էդ խաղի մաստեր կլասը ցույց տվեց: Ու դա մեծ դաս էր, կսկսես մտածել՝ ինչի չպիտի կռնանամ, ինչի չձգտեմ իմանամ, որ ես էլ ինձնից փոքրերին սովորեցնեմ»,- նկատում է զրուցակիցս:

Հայկական ավանդական խաղերից ֆռռիկի մոռացության խորխորատներից կրկին լույս աշխարհ հանելու գաղափարը ծնվեց 2017թ․-ին: Գագիկը մենակ չէր, ուներ գաղափարակիցներ, որոնց շնորհիվ էլ միտքը միս ու արյուն ստացավ: Կարողացան մեծ դժվարությամբ հայթայթել երկու փայտե հոլ: Մեկը հենց առաջին փորձարկումից կոտրվեց, սակայն դա չհուսահատեցրեց տղաներին: «Սկզբի համար պատվիրեցինք եւ ունեցանք շատ փոքր քանակ՝ 20 հատ: Շատ դժվար էր լավ արհեստավոր գտնելը, որ կհամաձայնվեր սարքեր, հետո իրան համոզել, որ էն, ինչին ձեռնամուխ ենք եղել՝ հաջողություն է ունենալու, որ կա պահանջարկ, որ մարդիկ անպայման նորից կհետաքրքրվեն էս խաղով: Մեր ունեցած խմբաքանակն հենց առաջին օրն էլ վաճառվեց,- պատմում է Գագիկը,- առաջին գնորդներից մեկը տատիկ էր, վաճառքի մասին իմացել էր համացանցից, պարզվեց ֆեյսբուքյան էջ ուներ, եկավ, մի հատ առավ, գնաց, երկրորդ օրն եկավ՝ մի քիչ դժգոհելով, թե. «Տարա թոռիս, տեսա բիձես վիզը ծուռ կնայե, եկել եմ մի հատ էլ բիձուս համար առնիմ, իրար հետ խաղան»: էդ արդեն ցուցիչ էր մեզ համար, որ ավագ սերնդի մոտ դեռ չի մարել իր մանկության խաղերի նկատմամբ կարոտը, նոր սերունդն էլ պատրաստ է սովորելու»:

Հոլ կամ գյումրվա բարբառով՝ ֆռռիկ.

Խաղին մասնակիցների թիվն անսահմափակ է: Պարագաներն են՝ փայտե հոլը՝ կոնանման մետաղե ծայրով և խայտան՝ ոլորած պարան հանգույցով: Հանգույցը անցկացվում է մատին, իսկ պարանը փաթաթվում է հոլի վրա: Խաղացողը կտրուկ առաջ է նետում ձեռքը, պարանը բացվում է, և հոլը սկսում է պտտվել գետնին: Նախապես գետնի վրա փոքրիկ փոս է փորվում և դրանից որոշակի հեռավորության վրա դրվում է կոճ՝ հոլ առանց ծայրի: Խաղացողների մասնակցության հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Խաղի իմաստն այն է, որ, հերթով պտտեցնելով հոլը, դեռ պտտվելու ընթացքում ափի մեջ վերցնեն ու հարվածեն կոճին՝ այնպես առաջ տանելով, որ փոսի մեջ ընկնի: Յուրաքանչյուր կոճի հայտնվելը փոսում միավոր է բերում: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկին հաջողվում է հավաքել նախապես պայմանավորված միավորների քանակը: Մրցանակը, որպես կանոն, հակառակորդի հոլն է: Սրանք խաղի հիմնական կանոններն են, թեև ամեն բակ կամ թաղ ուներ խաղի իր կանոնները: Իսկական վարպետները տիրապետում էին հոլը պտտեցնելու ամենատարբեր հնարքներին՝ ուժեղ նետում վերևից, պարանի ձգում դեպի հետ, հոլի նետում դեպի օդ և այլն

«Ես հիշում եմ, որ մեր ժամանակ թաղերով իրար դեմ կխաղայինք,- պատմում է զրուցակիցս,- կարող են երկուսով էլ խաղալ, բայց թաղը թաղի դեմ՝ թիմային խաղը մի ուրիշ ազարտ է: Ֆռռիկը մրցակցային խաղ է՝ կրվելուց արցունք կքամե կորցնողի աչքերից, կրելուց՝ հաղթական ժպիտ: Էն, որ ֆռռիկդ կջարդի՝ մի հատ տրագեդիա է: Փողոցային խաղերից թերեւս ամենադաստիարակչականն է տղաների համար: Չմոռանանք, որ ֆռռիկը նախկինում խաղ չի եղել, այլ ծառայել է որպես զենք, ինչպես պարսատիկը:  Հետագայում մտել է կենցաղ, դարձել խաղ: Ֆռռիկ խաղացողի մոտ մշտապես կա ռեւանշի զգացում՝ կորցրածը հետ բերելու առումով, կա թիմակցի համար պայքարելու ցանկություն, սեփականը չզիջելու, ունեցածը պաշտպանելու զգացողություն: Էս խաղում լավագույն մրցանակը ֆռռիկի քիթն է: Երբ որ ֆռռիկը կկոտրվի, ինքը ֆիզիկապես էլ ոչ մի բանի պիտանի չէ, շատ հազվադեպ կարող է նորից իր նպատակին ծառայել: Եվ այսպես, արդեն անպիտան երկաթի կտորն էն պարգեւն է, որին կձգտե յուրաքանչյուրը: Ով շատ ֆռռիկի քիթ ուներ՝ կհամարվեր վարպետ խաղացող»:

Գագիկի համոզմամբ, ներկայիս վիրտուալ խաղերը թուլացնում են մտերմության, համախմբվածության զգացումը երեխաների մոտ: Նոր խաղերն եկան եւ շատ արագ դուրս մղեցին ավանդականը: Եկավ մի պահ, երբ սերունդը, որ մեծացել էր փողոցում խաղալով, չկարողացավ կամ չհասցրեց հաջորդ սերնդին փոխանցել իր ունեցած լավագույնը: Տարիքով ավագներն առաջինն իրենք վերցրին նորություն համարվողը, սկսեցին խաղալ, ու դա՛ փոխանցեցին՝ մոռանալով նախնիներից իրենց հասածը: 

«Մինչեւ 90-ականների վերջերը մենք դեռ ֆռռիկ խաղում էինք: Երբ հերթն եկավ, որ մենք պիտի մեզնից փոքրերին սովորեցնեինք, իրանք արդեն «Մարիո» կխաղային,- նկատում է Գագիկը,- նորություններ էին հայտնվել ու դրանցով տարվել էին առաջին հերթին հենց նույն երեխաների ծնողները: Այնպես որ, եկող սերունդը չիմանալու մեջ այդքան էլ մեղքի բաժին չունեցավ՝ ինչ տվեցին, ինչ սովորեցրեցին, դա էլ վերցրեց; Բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ բաց թողածն ուղղել: Տեսեք, մենք հիմա ոչ միայն վաճառում ենք, այլեւ սովորեցնում ենք, եթե ցանկանում են, որովհետեւ լինում են դեպքեր, որ հուշանվեր են գնում, ոչ թե՝ խաղ: Արեւելյան այլ ժողովուրդներ էլ ունեն հոլ՝ հայկականից որոշակի տարբերվող, բայց գործածելու սկզբունքները նույնն են: Այո, մենք միակը չենք երկրագնդի վրա, որ հոլ ուեննք, բայց մենք պարտավոր ենք տեր կանգնել հայկական հոլին կամ գյումրվա բարբառով ասած՝ ֆռռիկին»

2022թ-ի դեկտեմբերին Երեւանում կայացած մանկական Եվրատեսիլի խորհրդանիշը հոլն էր, նշանաբանը՝ «Պտտենք հրաշքը»: Որպես «Իմ ֆռռիկը» ապրանքանիշի հիմնադիր եւ խաղի գիտակ, Գագիկին կազմակերպիչները հրավիրել էին տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին վարպետության դասեր տալու, ինչպես նաեւ հոլի պատմությունը ներկայացնելու: «Անշահախնդիր համագործակցել ենք Եվրատեսիլի կազմակերպիչների հետ, փորձեցինք օգնել ինչով հնարավոր էր: Գնահատելի էր, որ ինչ ինֆորմացիա տվել էինք, առանց ձեւափոխելու հասցվեց լայն հանրությանը: Նույնիսկ հոլովակ թողարկվեց, որտեղ ներկայացվում են ֆռռիկ խաղալու կանոնները,-պատմում է Գագիկը,-ափսոսում եմ իհարկե, որ մեզ չտրվեց եվրատեսիլյան հոլերի վաճառքի իրավունք, նաեւ ցավում, որ այդ օրերին շուկայում հայտնվել էին խորհրդանշանի գույներով ու նկարազարդումներով անորակ ֆռռիկներ: Մարդիկ բավական թանկ գնել էին, հետո պարզել, որ ոչ թե փայտից է, այլ գիպսից՝ շատ արագ կոտրվել էր»:

Գագիկի կարծիքով՝ պետք է մտածել ոչ միայն վաճառքի, այլեւ հանրայնացման մասին, պետք է կարողանալ ճիշտ մատուցել թե՛ խաղի պատմությունը, թե՛ կանոնները, հարգել վարպետների աշխատանքը՝ փայտի, երկաթի մշակումից սկսած, թելով վերջացրած, այդ ամենը ձեռքի աշխատանք է: Ֆռռիկի արժեքն էլ ավելի է բարձրանում, երբ թիմին միանում են նկարիչները: «Անցած հինգ տարվա ընթացքում կարող եմ ասել, որ ֆռռիկը կրկին ճանաչվեց, սիրվեց, բայց դեռ չունի այն մասսայականությունը, ինչ ունեցել է ասենք 30-40 տարի առաջ: Սա էլ է հասկանալի, բայց մեզ պետք է, որ ընդհատված սերնդափոխությունը գոնե 80 տոկոսով կարողանանք վերականգնել: Եթե հանրության մի մասն էլ կանոնավոր մեր ավանդույթների կրողն ու փոխանցողը դառնա, դա արդեն մեծ հաղթանակ է»,- շեշտում է զրուցակիցս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter