HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարդանք հայերեն». գիրք նվիրելու տոնը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում

-Գիրք նվիրել սիրում եք, չէ՞։

-Այո։

-Ինձ գիրք կնվիրե՞ք։

-Իհարկե, ո՞րն եք ուզում։

Այսպիսի զրույցներով Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկեց Հովհաննես Թումանյանի 154-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական գրքի տոնը։

«Կարդանք հայերեն» գրական-երաժշտական միջոցառմանը մի շարք հրատարակչություններ գրքերի տաղավարներ էին բացել։ Ընթերցասեր հյուրերին էին ներկայացվել էին հայերեն հրատարակությամբ բազմաժանր գրքեր։

Տաղավարներից մեկում Վարսենիկ Հովսեփյանն իր աղջկա՝ Լիայի համար գիրք է ընտրում։ Ընտրությունը բարդ է, փորձում է իր սիրելի՝ դետեկտիվ ժանրն առաջարկել աղջկան։ Լիան ասում է, որ շատ է սիրում գիրք կարդալ։ Ընթերցասիրությունը դստեր մեջ Վարսենիկն է սերմանել։

«Այնքան շատ, որ երկու տարեկանում գիրքը դնում էր բարձի տակ ու քնում, բայց եթե ես գնում էի գրադարան, ինձ ասում էին՝ այ բալես էլ գիրք չմնաց, որ կարդաս, իրենց դեպքում շատ դժվար է ստացվում, գրեթե չի ստացվում։ Գիրքը լույս է, ապագայում գրքին փոխարինող ոչինչ չի կարող գալ։ Այն երևակայությունը, որ ինքդ ես ստեղծում. ես կարդում եմ, ամեն տողը վերապատկերում եմ, ուրիշ ոչինչ չի կարող քեզ այդ հաճույքը տալ»,-ասում է նա։

«Էդիթ Պրինտ» հրատարակաչության տաղավարում դետեկտիվ ժանրն է գերակշռում։ Գրավաճառ Էմմա Սիմոնյանն ասում է՝ մարդկանց հարցերն ամենաշատը Ագաթա Քրիստիի, Շերլոք Հոլմսի մասին են, ուշադրության կենտրոնում են Ռեմարկի «Հաղթական կամարն» ու, իհարկե, «Ծովահենի գրադարանը» շարքը։

«Երիտասարդներին կառաջարկեմ անպայման կարդալ «Աշխարհի մեծագույն վաճառականը». շատ արդյունավետ է, ինքս էլ փորձել եմ։ Անպայման ծանոթանալ Ագաթա Քրիստիին ու Ռեմարկին, նաև նորություն ունենք՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Միջնաբերդը», ու չմոռանանք Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Րաֆֆու «Խենթը». սրանք այն ստեղծագործություններն են, որոնք պետք է կարդալ»,-ասում է նա։

«Վերնատուն» հրատարակչության տաղավարում հանդիպեցի Սուրեն Խաչատրյանին. նա շատ մեծ գրադարան ունի։ Ներկայացված տեսականուց գոհ է, ասում է՝ ազգանպաստ գործ են կատարում, գրքերում պատմական դեմքեր են, հայոց պատմությունն է։ Իր կարծիքով, սակայն, մարդիկ հիմա շատ քիչ են գիրք կարդում։

«Կցանկանայի, որ կարդան ու՝ հայատառ, ԽՍՀՄ տարիներին հայատառ գրականություն շատ քիչ էր հրատարակվում, բայց հիմա շատ քիչ են կարդում»,-ասում է նա։

Այցելուներից Մելո Հարությունյանը համաձայն չէ. «Մարդիկ պարզապես չեն նկատում կարդացողներին, կարդացող երիտասարդները շատ-շատ են։ Ես ունեմ ընկերներ, ովքեր դպրոցական են, ընդամենը 13-14 տարեկան, բայց շատ լավ գրքեր են վերլուծում»,-ասում է նա։

Այսօր Ազնավուրի հրապարակում է գրքի փնտրտուքով, չի կարողացել գտնել իր ուզածը, փոխարենը երկու մեծ տոպրակ այլ գրքեր է գնել։ Նվեր է ստացել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Գեներալն իր լաբիրինթոսում», «Օպերացիա զոդ»-ը, ինքն էլ պատրաստվում է «Ոգիների տունը» գիրքը նվիրել ընկերոջը։

Միջոցառման ամենակարևոր հյուրերը երեխաներն են։ Նրանց համար առանձին տաղավարում ցուցադրվում են Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունները։ Տաղավարի դիմաց իր 6-ամյա դստերն է սպասում Ռիմա Այվազյանը, եկել են՝ գիրք ընտրելու։

«Ես շատ եմ սիրում կարդալ։ Վերջերս կարդացի Վիլյամ Սարոյանի «Ռոք Վագրամ»-ը, դա խորհուրդ կտամ կարդալ որպես նոր տպագրված գիրք, Նարինե Աբգարյանի գրքերն եմ սիրում, համաշխարհային գրականությունից ինչ էլ կարդամ, շատ լավ է։ Սիրում եմ, որ ինձ են գիրք նվիրում, այսօր դեռ չեմ ստացել»,-ասում է նա։

Լուսինե Ղարիբյանը սիրում է, բայց հաճախ չի հասցնում կարդալ, ճամփորդելիս միշտ նոր գիրք է վերցնում իր հետ։

Միջոցառմանը ներկա էին նաեւ գրողներ։

«Գրքերս հայրենաճանաչության ակունքներից են բխում, երկրում տեղի ունեցած դեպքերի փաստական վավերագրություններ են հիմնականում, կան գեղարվեստական կերպարներ, ովքեր իրական հերոսներ են։ Օրինակ՝ «Ոգու ամրոց» գրքիս մեջ ներկայացված է հատակում մնացած նվիրյալների կյանքը, «Ճակատագրերի արահետներով» գիրքս Շուշիի ազատագրման ընթացքում տեղի ունեցած իրական և գեղարվեստական կերպարների մարմնացումն է։ Քանի որ ես արմատներով Արցախից եմ, «Արցախախոսություն» խորագրի տակ գիրք ունեմ, որտեղ Արցախի բարբառով բողոք, անհանգստություն, վիրավորանք, հավատ և հավատարմություն է ներառված գրքիս ամեն մի էջում»,-ասում է գրող Վիոլետա Մնացականյանը։

Ամենամեծ աշխուժությունը «Գրանիշ» հրատարակչության տաղավարում է։ Գրականագետ Հասմիկ Հակոբյանը մե՛րթ վաճառված գրքերի գումարներն է ստանում, մե՛րթ հարցերին պատասխանում։

««Գրանիշ»-ի նպատակը ժամանակակից հայ գրականության հանրահռչակումն է, և ես բոլորին հորդորում եմ գնել և նվիրել նաև ժամանակակից հայ գրողների գրքեր։ Այսօր վաճառել ենք Աննա Դավթյանի «Խաննա»-ն, Սարգիս Հովսեփյանի «Հանդարտություն«-ն են գնում մեր ընթերցողները, մեր առաջին թարգմանական գիրքը՝ Յոկո Տավադայի «Պատվիրակը», որը, քանի որ շատ գեղեցիկ տեսք ունի, նաև շատ մատչելի է, նվիրում են, Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ը՝ Սիրիայի մասին պատմող խաբուսիկ վերնագրով վեպը»,-ասում է նա։

Հասմիկի խոսքով՝ ժամանակակից գրողները ուշադրության կարիք ունեն, և նրանք ավելի դժվար են ճանապարհ հարթում, որովհետև անծանոթ են. «Մի բան է Թումանյանը, Չարենցը, Ագաթա Քրիստին, մի այլ բան՝ ներկայացնել ժամանակակից հայ գրողի»։

Միջոցառումը, որն ուղեկցվում էր «Կաթիլ», «Բայ դը վեյ», «Կամի» և «Նեմրա» խմբերի կենդանի կատարումներով, շարունակվեց մինչև երեկո։

Քնարիկ Վարդանյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter