HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ». Արցախի նախագահի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Արցախյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես շրջադարձային ու վճռորոշ օր և դարձավ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանավորվեց որպես Արցախի վերածննդի օր:

Այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով իրավական ուժ ստացավ իր իրավունքների ու ազատությունների, ազգային արժանապատվության պաշտպանության համար արցախահայության բազմամյա պայքարը: Մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք հայրենի հողում ազատ, անկախ ու միավորված ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր վճռական ու անսասան կամքի մասին:

35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ու հաստատակամությամբ ապացուցեց, որ ինչպես պատմական 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը, տեր է իր ընտրած ուղուն և իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պետք է լինի հայկական:

Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են այս դժվարին ճանապարհին, մեր բոլոր հայրենակիցներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, Արցախի հավատարիմ բարեկամներին աշխարհի տարբեր ծայրերում, ովքեր իրենց աջակցությամբ անսպառ ուժ են հաղորդում մեզ՝ հանուն համամարդկային արժեքների, ժողովրդավարության հիմնարար նորմերի ու սկզբունքների պաշտպանության մեր պայքարում:

Գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակների պայծառ հիշատակի առջև: Նրանք միշտ մեզ հետ են, մեր կողքին և առաջնորդում են մեզ Արցախի ապագայի կերտման մեր ճանապարհին: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան մեր հերոսների նվիրական իղձերն ու նպատակները: 

Թող Աստված խաղաղություն, ուժ ու եռանդ, ամուր հավատ ու հույս պարգևի մեր ժողովրդին՝ արժանապատվորեն հաղթահարելու բոլոր փորձություններն ու կյանքի կոչելու համազգային ծրագրերն ու երազանքները»,- ասված է ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter