Dolce far niente
Նաիրա Համբարձումյան
Էոն
Երեկ հավանաբար հինգշաբթի էր,
և դու հավանաբար նորից
Վագներ էիր լսում,
այն խոնավ ու թախծոտ միստերիան`
«Պարսիֆալը»,
որ ծորում էր մատներիս
եռանկյուն գաղտնիքներից,
հետո հավանաբար սուրճ էիր խմում
ու ծխում էիր:
(խցանել եմ ականջներս,
որ ծանոթ բառերից չգայթակղվեմ նորից):
Աշխարհի վերջնական ձևերը,
(իսկ վերջնական ձև ուղղակի չկա),
շարունակում են բացահայտել իրենց,
բացահայտել հավերժը:
Եթե չես ապրել, ուրեմն
մահվան սարսափն անտեղի է,
աշխարհին հոգուդ խորքի պես նայիր:
Գրկում եմ ծնկներս ամուր,
հասկանում, որ միևնույն է,
Լոուելի «Կյանքի ուսումնասիրությունները»
չեն փրկելու ինձ,
որ Երևանը իր հազար ութ հարյուրամյա
արդեն ճաղատացած պատմության մեջ
հազար ութ հարյուր անգամ հաստատ
տեսել է ցորենի հազար ութ հարյուր
չթաղված հատիկներ
և երկնքի մեղրագույն աչքերում
հազար ութ հարյուր անգամ հաստատ
ինձ տեսել է մերկ` հայելու առջև
և օրերը,
որ հիշողությունն են Աստծո,
վերադառնում են մեզ`
սպառված ժամանակի միջով:
***
Իրերն են,
միայն իրերն են հյուծված,
ժամանակի գծում չսպառվող:
իրերն են,
միայն իրերն են հիվանդ,
զոհերը սեփական
աստվածուրացության:
***
Բառը
առկայացնում է ներկայությունդ,
մի քանի քայլը դեպի քեզ,
հավիտենություն է թվում:
***
Սարդոստայնում պարող սարդի նման
բուսախեժե զգեստով կինը
տանում էր համբույրի պատրաստ
անծանոթի կիրքը անթթվածին:
Ճանապարհի դեղին փոշում
զգեստն արևելյան
համբուրում էր գետինը:
***
Այնքան գաղտնապահ են
հայելիները,
լուռ և մոռացկոտ,
մի վայրկյան հետո`
առանց տեսարանի:
***
Արթնացա,
արթնացումը ձգվեց
ջրերի պարզության,
հուշերիս ու թռչունի միջև:
Սահման
Սերը կարթնացնի մեզ,
և լույսը` կրակից պոկված թևերով
կհասնի շնչառությանը ձիերի:
Նույնիսկ մահի մեջ
ժամանակը մերը կլինի…
Մահը
Գալիս է,
երբ չենք սպասում:
գալիս է,
ու խառնվում են
երկինքն ու հողը:
***
Խնձորը համտեսեց.
ծածկեց մերկությունը իր:
Դրախտից արտածվող լույսը
կանաչ շղարշ հագավ.
Ադամը չասաց. «ես էլ եմ մեղավոր»:
***
Որպես աստղ
անապաստան երկրի,
թափառեցի երկնակամարներում,
բազմացրի հացը,
բաժանեցի տնանկներին,
զսպեցի մոլուցքը գետերի,
լսեցի աղոթքը լեռան,
հասկացա
նշանները Տիեզերքի…
ինձ մնաց մենակությունս…
Ոչ ոք,
ոչ ոք չասաց.
«գոհանամք…»:
Dolce far niente
Օրերը, որ ապրում ենք,
մեզ են դառնում նորից ու նորից:
Օրերը, մեզ են դառում
սպառված ժամանակի միջով:
***
Գետը`
Ուշացած մարգագետին:
Երկինքը`
Խարույկ աստղերի:
Ես`
Երգը կյանքի:
Մահը`
Հաղթված ինձանից:
***
Մեռնում է ջերմությունը
նոյեմբերի փսփսացող արյան.
խոտերը, երկնքում հորիզոն որոնողի պես,
խոնարհվում են մթնշաղի հարթավայրերում:
Անցնելով երկյուղի պատեհ
ավազաբլուրներից այն կողմ`
հանդիպում եմ «Կարմիր Հողմաղացների» Աստծուն:
Misterioso
Քարի փլվածքում`
երկինքը,
երկնքում`
մարմինը թռչունի,
թռչունից`
երկու կաթիլ արև,
արևից`
դողացող երգ,
երգից`
գիշերը ջրերի…
Conditio humana
Ես գրում եմ քեզ համար.
Եվ մի լուսատտիկ,
Թղթե թևիկներով
Հուշում է ինձ.
«Այնտեղ,
Պատուհանից այն կողմ
Հասունանում է խաղողը սև,
Եվ պտտվում է աշխարհը`
Կյանքի արագությամբ»:
Շանտի, շանտի, շանտի…
Գիտեմ,
Նորից կլսեմ արձագանքները
Հավերժական բախումների:
Գիտեմ,
Որ մշտապես
Առավել հասուն կլինեմ,
Քան մահը իմ:
Մամմոնա
Դու միշտ էլ
Նախասկիզբն ես եղել
Իմ պատմության:
Դու կլինես նաև
Վերջին երգը
Իմ ժամանակի:
Ես գիտեմ,
Որ իմ սկզբի
Եվ վերջի մեջ
Չեն լինի
Այն փոքրիկ, փոքրիկ
Գազանիկները,
Որոնք նաև
Աշխարհում չեն լինի:
Finis Operis
Փնտրում եմ
Ամենախաղաղ առանցքը
Պտտվող աշխարհի,
Ուր ցավից ու մարմնից դուրս
Կորչում է
Ահագնացող տեսիլքը մահվան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել