HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում գրանցված նոր երկրաշարժերի հետևանքով կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ

Վեց մարդ է զոհվել, ևս 294-ը վիրավորվել փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայում գրանցված երկու նոր երկրաշարժի հետևանքով, որը գրանցվել էր Հաթայ նահանգում։ Այդ մասին հայտնում է Hurriyet-ը։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթի Քոջայի խոսքով՝ 18 մարդ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։ Նրանց օդային և ցամաքային փոխադրամիջոցներով տեղափոխել են Ադանա և Դորթյոլ քաղաքներ։ Փլուզումների վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ինչպես հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը, առնվազն 320 մարդ էլ վիրավորվել է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում, ևս 150-ն էլ՝ երկրի հյուսիս-արևմուտքում։

Al Arabiya հեռուստաընկերության տվյալներով՝ Հալեպում և Տարտուսում չորս մարդ զոհվել է խուճապի և հրմշտոցի պատճառով, որն առաջացել էր ստորգետնյա ցնցումների պատճառով։ Ինչպես հավելում է Sky News Arabia-ն, մեկ կին էլ զոհվել է Լաթաքիա քաղաքում, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին։

Երկու նոր երկրաշարժը գրանցվել էր փետրվարի 20-ի երեկոյան թուրքական Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային։ Առաջին երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 6,4 մագնիտուդ, գրանցվել էր Դեֆնեում, երկրորդը՝ Սամանդաղում (5,8 մագնիտուդ)՝ Սիրիայի հետ սահմանից ոչ շատ հեռու։ Ստորգետնյա ցնցումները զգացվել էին նաև Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում, Իսրայելում և Եգիպտոսում։

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը Թուրքիայում տեղի էր ունեցել փետրվարի 6-ին՝ տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, զգացվել էին նաև հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել էր Սիրիայի հյուսիսը։ Վերջին տվյալներով՝ այդ երկու երկրում զոհերի թիվը գերազանցել է 46 000-ը։

Լուսանկարը՝ AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter