HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մանկական տակդիրների շուկայում երկու գերիշխող ընկերություն կա, կաթնախառնուրդների շուկան ավելի մրցակցային է

Հայաստան ներմուծվող և վաճառվող կաթնախառնուրդների և մանկական տակդիրների շուկան կենտրոնացված է մի քանի խոշոր տնտեսավարողի ձեռքում: Եթե կաթնախառնուրդ ներմուծողների դեպքում շուկան համեմատաբար մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցողներ, այսինքն՝ այնպիսիք, որոնք շուկայի մեկ երրորդը զբաղեցնեն, ապա մանկական տակդիրների շուկայում միայն երկու տնտեսվարող իրացման 80%-ն է զբաղեցնում: Այս մասին են վկայում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նոր ուսումնասիրության արդյունքները:

2021 թվականին Հայաստան է ներմուծվել 481 340 կգ մանկական սնունդ, որի շուրջ 83%-ը եղել է կաթնախառնուրդը և միայն 17% է կազմել տարբեր մանկական շիլաների ու խյուսերի ներմուծման ծավալը:

Ներմուծված կաթնախառնուրդի 51%-ը Ռուսաստանից է: Ընդ որում՝ Ռուսաստանից ներմուծվում են ինչպես ռուսական արտադրության, այնպես էլ՝ հայտնի ոչ ռուսական ֆիրմաների կաթնախառնուրդներ: Վերջիններս գործարաններ ունեն տարբեր երկրներում, այդ թվում ՝ Ռուսաստանում: Հայաստանը կաթնախառնուրդ է ներմուծում նաև Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ավստրիայից, Էստոնիայից և այլ երկրներից:

Վերջին հինգ տարվա ընթացքում ներմուծման ամենամեծ ծավալը գրանցվել է 2019 թվականին, որին հաջորդող երկու տարում այն նվազել է:

Հայաստան մանկական կաթնախառնուրդներ է ներմուծել 14 ընկերություն, նրանցից 6-ը առավել խոշոր ներմուծողներ են: Մրցակցության հանձնաժողովը, ելնելով առևտրային գաղտնիքից, չի նշում ընկերությունների անունները: Նրանց անունների փոխարեն պարզապես համարակալված սյունակներ են հրապարակվել, որոնցից երևում է, որ 2021 թվականին առավել խոշոր երկու ներմուծողներից յուրքանչյուրին բաժին է հասել ամբողջ ներմուծման 22%-ը: Այսինքն՝ միայն երկու ներմուծող ապահովել է ներմուծման 44%-ը:

Հայաստանում կաթնախառնուրդների արտադրություն չկա, հետևաբար՝ շուկայում միայն ներմուծվածն է:

Տարեկան վաճառվող՝ իրացվող կաթնախառնուրդի ծավալները համահունչ են ներմուծմանը: 2021 թվականին իրացվել է 420 011 կգ կաթնախառնուրդ: Իրացման ծավալներով առաջին երկու տնտեսվարող սուբյեկտները զբաղեցրել են յուրաքաչյուրը 21% մասնաբաժին:

Ենթադրվում է, որ խոսքը նույն խոշոր ներմուծողների կամ նրանց հետ փոխկապակցված ընկերությունների մասին է:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից շեշտում են, որ կաթնախառնուրդ ներմուծող և իրացնող տնտեսվարող սուբյեկտները, որպես կանոն, լինում են որևէ ընկերության կամ մի քանի ընկերության պաշտոնական ներկայացուցիչները (դիստրիբյուտոր) Հայաստանում:

Այնուամենայնիվ, Մրցակցության հանձնաժողովը եզրահանգել է, որ կաթնախառնուրդների շուկայում գերիշխող դիրք ունեցողներ չկան: Շուկան ունի միջին կենտրոնացվածության աստիճան:

Այս ոլորտը, ըստ Հանձնաժողովի հաշվարկների, համարվում է բարձր շահութաբերություն ունեցող: Հանձնաժողովը շուկայում մրցակցային խախտման դեպքեր չի հայտնաբերել:

«Ընդհանրացնելով առաձին դեղատներում տարբեր մատակարարների ապրանքատեսականու ներկայացվածության, ինչպես նաև՝ դրանց նկատմամբ վերադիրների կիրառման քաղաքականության ուսումնասիրությունը՝ Հանձնաժողովի գնահատմամբ օրենսդրության խախտման առերևույթ դրսևորումներ չեն բացահայտվել: Միևնույն ժամանակ, դեղատների կողմից տարբեր ապրանքանիշների նկատմամբ մարժաների որոշակի տարբերությունները հասկանալու համար անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել առանձին ուսումնասիրություն (կիրառված զեղչերը, ակցիաները և գնի վրա ազդող այլ գործոնները հաշվի առնելով)»,- նշված է ուսումնասիրության մեջ:

Հանձնաժողովից նաև նկատում են, որ կաթնախառնուրդների շուկայում գոյություն ունի «բրենդի ուժը», այսինքն՝ երբ սպառողը կողմնորոշվում և ընտրում է որևէ ապրանքանիշի կաթնախառնուրդ, հետագայում հեշտությամբ չի հրաժարվում ընտրված բրենդից, եթե չի ստացել բուժաշխատողից նման ցուցում, կամ եթե երեխայի մոտ ի հայտ չեն եկել մարսողական կամ այլ խնդիրներ: Այդ պայմաններում, այլ տնտեսվարողների շուկա մուտք գործելը ավելի է բարդանում՝ արդեն իսկ եղած սպառողներին գրավելու տեսանկյունից:

Կաթնախառնուրդի սպառման ծավալները և պահանջարկը հասկանալու համար դիտարկվել է 0-2 տարեկան երեխաների թիվը՝ 2021 թվականի դրությամբ՝ 71 932 երեխա: Տարեկան 420 011 կգ կաթնախառնուրդի սպառման ծավալ ունենալու դեպքում ստացվում է, որ տարեկան մեկ երեխայի հաշվով սպառվում է 5 839 գրամ կաթնախառնուրդ, ինչև 350 գրամանոց տուփի դեպքում ստացվում է մոտ 17 տուփ կաթնախառնուրդ: Սա այն պարագայում, երբ նորածին և մինչև 2 տարեկան բոլոր երեխաները կերակրվեն կաթնախառնուրդով: Սակայն, ենթադրվում է, որ նախ նրանցից շատերը 1 տարեկանից հետո կաթնախառնուրդով չեն կերակրվում, մինչև մեկ տարեկանների դեպքում էլ ոչ բոլորն են կաթնախառնուրդ ուտում: Հետևաբար, կաթնախառնուրդով կերակրվող երեխաների թիվը ավելի ցածր և նրանց տարեկան բաժին ընկնող քանակն ավելի բարձր է: Թե որքան՝ հստակ հաշվարկներ չկան:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ կաթնախառնուրդներից հրաժարվելու և կրծքով կերակրման տարատեսակ քարոզարշավներ են իրականացվում, սակայն կաթնախառնուրդների նկատմամբ պահանջարկը կա:

Ներմուծվող մանկական տակդիրների 81%-ը երկու տնտեսվարող է ներմուծում

2021 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 102 մլն 626 հազար մանկական տակդիր: Նախորդ տարվա համեմատ այն նվազել է մոտ 5%-ով:  Հայաստանը մանկական տակդիր է ներմուծում ամենաշատը Ռուսաստանից (46%-ը) և Լեհաստանից (35%-ը): Ոչ մեծ քանակով ներմուծվել է Վրաստանից (6%-ը) և Բուլղարիայից (5%):

Եթե կաթնախառնուրդների շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, ապա մանկական տակդիրի շուկայում երկու ընկերություններին միայն բաժին է ընկնում ներմուծման 81%-ը: Ընդ որում՝ նախորդող տարվա համեմատ նրանց մասնաբաժինները զգալի ավելացել են:

Առաջին ընկերությունը 2021 թվականին ապահովել է ներմուծման 43%-ը, երկրորդը՝ 38%-ը: Ընդհանուր առմամբ, մանկական տակդիր է ներմուծել 91 ընկերություն:

Իրացման շուկայում ևս գերիշխում է երկու ընկերություն՝ 41% և 39% մասնաբաժիններով:

Այս դեպքում ևս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը անուններ չի նշում:

Սակայն, ակնհայտ է, որ մրցակցությունը այս շուկայում 2021 թվականին թուլացել է, քանի որ 2020 թվականի համեմատ 2021 թվականին երկու խոշոր ընկերության մասնաբաժինները միասին թե՛ ներմուծման, թե՛ իրացման ոլորտում մոտ 20 տոկոսային կետով ավելացել են:

Այսինքն՝ այս երկու ընկերությունները՝ որպես իրացնող, իրացման ծավալներով զբաղեցնում են տվյալ շուկայի ավելի քան մեկ երրորդը, հետևաբար, ըստ օրենքի, նրանք համարվում են գերիշխող դիրք ունեցող:

Հանձնաժողովն ուսումնասիրել է այս երկու ընկերության գնային տատանումները և եզրակացրել, որ թե՛ դրանց նվազեցման, թե՛ աճի միտումները համընկել են, ինչը կարող է նշանակել, որ երկու ընկերությունները մանկական տակդիրների շուկայում հետևել են մեկը մյուսի գնային առաջարկներին:

Մանկական տակդիրների ձեռքբերման գնից մինչև վեջնական սպառողին ներկայացվող գին շղթայում տակդիրի արժեքն աճում է 2-2.9 անգամ: Դրա մեջ հաշվարկվում են տեղափոխման ծախսերը, մաքսատուրքերը, մարժան և այլն:

Հանձնաժողովից եզրակացնում են, որ մանկական տակդիրների շուկայում հնարավոր է ոչ գնային մրցակցության առկայություն: Ավելին չի մանրամասնվում, սակայն ենթադրվում է, որ խոսքը գերիշխող դիրքի չարաշահման և ոչ հիմնավորված գներ սահմանելու մասին է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter