HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանի զավակների նամակները հրատարակվել են մատենաշարով 

Հովհաննես Թումանյանի անվան թանգարանը հրատարակել է «Թումանյանի զավակները» մատենաշարը։ Երեկ՝ փետրվարի 20-ին, Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի 130-ամյա հոբելյանի առթիվ «Զանգակ» գրատանը կայացավ 5 գրքից բաղկացած մատենաշարի շնորհանդեսը։

Այն մեկնարկեց կինոդիտմամբ։ Թումանյանի թանգարանի աշխատակազմի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմը մատենաշարի հինգ գրքերում զետեղված նամակների մասին է, որոնք գրողի զավակները գրել են նրան տարբեր ժամանակաշրջաններում։

Գրքերում առանձնացված են նաեւ Թումանյանի զավակների նամակներն ու հուշերը հոր մասին։ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց, որ մատենաշարիգաղափարը վաղուց է եղել. «Գրքերի ստեղծման հիմքը դրվել է տարիներ առաջ՝ Նարինե Թուխիկյանի հետ միասին, թանգարանի աշխատակազմի և գիտական կազմի շնորհիվ։ Սա հեշտ գործընթաց չի եղել, եղել են բավականին դժվարություններ։ Որոշ նամակներ ռուսերեն են եղել, և թանգարանի աշխատանքներից մեկն էլ եղել է դրանք թարգմանելը»։ 

Թանգարանում պահված նամակները հրատարակության են պատրաստել Սուսաննա Ադամյանը և Անահիտ Նալբանդյանը (Հրանտ Մաթևոսյանի քրոջ դուստրը)։ Սուսաննա Ադամյանը պատմում է դժվարությունների, իրենց ապրումների և հույզերի մասին. «Արտավազդի ձեռագրերը վերլուծելը բավականին բարդ էր՝ և՛ ուրախանում էինք, և՛ լաց էինք լինում։ Նվարդի գրքի հետ կապված ամենածանրը և հուզիչը 1923 թվականի նամակներն էին։ Երբ Մոսկվայից ընտանիքին գրում էր նամակներ հայրիկի՝ նրա առողջության, իրենց հույսերի մասին, որ օր օրի հալչում էին»։

Խոսելով նամակների բարդության մասին՝ Սուսաննա Ադամյանը պատմում է, որ 1923 թվականի նամակները Նվարդը գրել է թղթի կտորների, ապրանքների վրայի թղթիկների վրա, ծնկներին դրած։ Այս պատճառով է, որ ընթեռնելի հատվածները հաճախ հենց էդպես էլ տպագրվել են և կից գրվել, որ բնագրից վերծանել հնարավոր չի եղել։

Անահիտ Նալբանդյանը եւս մեկ խոչընդոտ է առանձնացնում. «Նամակներում շատ էին հանդիպում բարբառային բառեր՝ Աշխենի, Արտավազդի և Թումանյանի նամակներում, Նվարդի նամակներում այդքան չկան։ Դրանք հաճախ անծանոթ բառեր էին, որոնք նույնիսկ բառարաններում չկային։ Ես արմատներով լոռեցի եմ, դա մեզ օգնում էր, բայց երբ պատի էինք դեմ առնում, զանգում էինք ծնեղներիս»։

Գրականագետ Ազատ Եղիազարյանը, որը ներկա էր շնորհանդեսին, կարևորեց կատարված աշխատանքը՝ հետագա սերունդներին կրթելու իմաստով։ «Այս գործը մշակութաբանական մեծ նշանակություն ունի, մենք չունենք այս ավանդույթը մեր ընտանիքների վերաբերյալ։ Իսկ Թումանյանի ընտանիքը հասարակության միկրոպատկերն էր և իբրև հայ ընտանիք չափազանց հետաքրքրական էր։ Գրքեր տպելը քիչ է, այս գրքերը պիտի տարածվեն»,- ասաց նա։ 

Շնորհանդեսն ավարտվեց Թումանյանի թանգարանի գեղեցիկ ավանդույթով. գինու մի կաթիլ կաթեցրին գրքի առաջին էջին, և բոլոր ներկաները մակագրեցին գիրքը։ Մակագրված գիրքը կպահվի թանգարանի արխիվում՝ որպես արխիվային գանձ։

Գլխավոր լուսանկարում՝  (ձախից) Սուսաննա Ադամյան, Արքմենիկ Նիկողոսյան, Անի Եղիազարյան, Անահիտ Նալբանդյան

Էմմա Միքայելյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter