
Չեչեն ընդդիմադիր բլոգեր Տումսո Աբդուրահմանովը կապի է դուրս եկել և հրապարակել առաջին տեսանյութը
Չեչեն բլոգեր և Չեչնիայի ղեկավար Ռամզա Կադիրովի քննադատ Տումսո Աբդուրահմանովը, որը նախօրեին՝ փետրվարի 20-ին, կապի էր դուրս եկել իրավապաշտպանների հետ, իր անհետացումից ավելի քան 2 ամիս անց տեսանյութ է հրապարակել YouTube-ում՝ «Վերադարձ» վերնագրով։
Տեսանյութի սկզբում նա պատմում է Աբդուլ Քերիմ Էդիլովի մահվան մասին՝ նրան անվանելով Կադիրովի երեք որդու «դայակ»։
«Եվ երբ ես դադարեցի իմ հոլովակները տեղադրել, կադիրովյան շրջապատը չգիտես ինչու որոշեց, որ ես մահացած եմ, որ ինձ սպանել են։ Եվ Աբդուլ-Քերիմն ուրախությամբ <...> տեղադրեց իմ լուսանկարն ու տակը գրեց «ուտիլիզացվել է»։ Պատկերացնում եք, թե ճակատագրի ինչ հեգնանք է։ Հիմա հենց Աբդուլ-Քերիմն է «ուտիլիզացվել»,- հայտարարել է բլոգերը՝ հավելելով, որ ինքը ողջ ու առողջ է։
Նա նաև հայտարարել է, որ «կարոտել է բլոգերական գործունեությունը, սակայն չի բացահայտում իր անհետացման մանրամասները»։
Փետրվարի 20-ին իրավապաշտպան «Վայֆոնդ» ասոցիացիան «Новой газета Европа»-ին պատմել էր, որ Աբդուրահմանովը կապ է հաստատել Շվեդիայում համայնքի ներկայացուցիչների հետ և հայտնել, որ ողջ է։ Թե որտեղ է նա գտնվում, իրավապաշտպանները չգիտեն։
Դեկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Աբդուրահմանովը և նրա եղբայրը, որոնք ապրում էին Շվեդիայում, անհետացել են։ «Ազատություն» ռադիոկայանը պնդում էր, որ Աբդուրահմանովին սպանել են Շվեդիայում՝ դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը։ Դեկտեմբերի 10-ին Մյունխենի բարձրագույն դատարանի ներկայացուցիչ Լորան Լաֆլերը հայտարարել էր, որ Աբդուրահմանովը ողջ է և պետք է ցուցմունք տա իր կրտսեր եղբոր վրա հարձակման գործով։
Աբդուրահմանովը Կադիրովի գլխավոր քննադատներից մեկն էր, չեչեն ընդդիմադիր բլոգեր, որը 2015 թվականին լքել էր Չեչնիան՝ Կադիրովի հարազատներից մեկի՝ Իսլամ Կադիրովի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Ավելի ուշ, նա սկսել էր վարել յութուբյան ալիք, որտեղ քննադատում էր Չեչնիայի ղեկավարությանը։
Մասնավորապես, 2019 թվականի մարտին Աբդուրահմանովը տեսագրություն էր հրապարակել, որտեղ Չեչնիայի առաջին նախագահ Ահմատ Կադիրովին անվանում էր «չեչեն ժողովրդի դավաճան»։ Ժամանակի ընթացքում բլոգը բավականին հեղինակավոր էր դարձել Չեչնիայի ողջ տարածքում։
2020 թվականի փետրվարին անհայտ անձը Շվեդիայում ներթափանցել էր Աբդուրահմանովի բնակարան և մուրճով մի քանի հարված հասցրել քնած բլոգերին։ Աբդուրահմանովը կարողացել էր զինաթափել նրան և ոստիկանություն կանչել։ Շվեդիայի դատարանը երկու ռուսաստանցու հարձակման մեջ մեղավոր էր ճանաչել և նրանց դատապարտել 8 և 12 տարվա ազատազրկման։
Լուսանկարը՝ Francesca Ebel / AP
Մեկնաբանել