
Խերսոնի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ
Խերսոնի կենտրոնի հրթիռակոծման հետևանքով հայտնի է առնվազն 6 զոհի մասին։ Այդ մասին հայտնել է «Суспильне»-ն՝ հղում անելով Խերսոնի պաշտպանության մամլո ծառայության պետ Դմիտրի Պլետենչուկին։ Վերջինիս պնդմամբ՝ ևս 12 մարդ վիրավորվել է։
Այն մասին, որ քաղաքը հրթիռակոծության է ենթարկվել, հայտարարել է նաև Խերսոնի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ Նրա տվյալներով՝ քաղաքում լսվել է առնվազն 20 պայթյուն։ Ենթադրաբար, հրթիռակոծությունն իրականացվել է «Գրադ» կայանքից։
«Суспильне»-ի տվյալներով՝ արկերն ընկել են հանրային տրանսպորտի՝ քաղաքի կենտրոնում գտնվող կանգառներից մեկի մոտ, որտեղ այդ պահին մարդիկ են եղել։ Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ զոհերի թիվը կարող է մեծանալ։ Հրթիռներից մեկն էլ ընկել է խանութներից մեկի վրա, մյուսն էլ՝ երկհարկանի երկու բնակելի շենքերի ուղղությամբ։
Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հրապարակել է Խերսոնի հրթիռակոծության հետևանքների կադրերը։
Փետրվարի 2-ի գիշերը Խերսոնի մարզի գիշերային հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 2 մարդ։ Փետրվարի 5-ին ռուսական բանակը դարձյալ հրթիռակոծել էր Խերսոնն ու Չերնոբաևկան, որի հետևանքով էլ մեկ մարդ վիրավորվել էր։
Լուսանկարը՝ The New York Times-ի
Մեկնաբանել