HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորների գերծանրաբեռնվածության մասին Զարուհի Նախշքարյանի հարցազրույցը կարգապահական խախտում է դիտարկվել

Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այսօր սկսվեց Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը: Պատճառն այն է, որ դատավոր Նախշքարյանը կարծիք է հայտնել լիազորություններն արդեն դադարեցված դատավոր Աննա Փիլոսյանի կարգապահական վարույթի վերաբերյալ և գնահատողական դատողություններ արել: Այդ ենթատեքստում խոսել է նաև դատավորների գերծանրաբեռնվածության մասին:

Նիստը սկսելուց հետո ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ինքնաբացարկ հայտնելու հարց բարձրացրեց: Մասնավորապես, նշեց, որ դեռևս 2022թ. դեկտեմբերի 2-4-ին, Դիլիջանում ԲԴԽ-ի կազմակերպած աշխատաժողովի ընթացքում առանձնազրույց է ունեցել Զարուհի Նախշքարյանի հետ: Առանձնազրույցի ընթացքում արտահայտած մի շարք տեսակետներն անհնար են դարձնում իր մասնակցությունը կարգապահական վարույթին:

Խորհուրդը, խորհրդակցական սենյակում քննարկելով Կ. Անդրեասյանի դիմումը, որոշեց բավարարել: Դրանից հետո Կարեն Անդրեասյանը հեռացավ դահլիճից, իսկ նիստը նախագահեց ԲԴԽ անդամներից ամենաավագը՝ Նաիրա Հովսեփյանը:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ՝ նախարարության վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանը ներկայացրեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Միջնորդությունը ԲԴԽ էր ներկայացվել արդարադատության նախարարի 2023թ. հունվարի 31-ի որոշմամբ: Կարգապահական վարույթ հարուցելու հիմք են հանդիսացել զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ինչպես նաև դատավորի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառումները:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցրել է 2022թ. դեկտեմբերի 26-ին: Ըստ ԲԴԽ որոշման՝ դատավոր Փիլոսյանը չորս քաղաքացիների վճիռները տրամադրել է սահմանված ժամկետից 1-2 տարի ուշացումով, ինչն էլ համարվել է էական խախտում։ Դրան նախորդող օրերին և ԲԴԽ-ի որոշման հրապարակումից հետո մի շարք իրավաբաններ մտահոգություն հայտնեցին: Դատավոր Նախշքարյանը ևս այդ շրջանակներում է արտահայտել իր դիրքորոշումը՝ վկայակոչելով դատավորների գերծանրաբեռնվածությունը:

Հայկ Սանոյանը նշեց, որ դատավոր Նախշքարյանը թույլ է տվել վարքագծի կանոնների խախտումներ: Մասնավորապես, ըստ նախարարության ներկայացուցչի՝ «Կողմ քվեարկած անձինք, դո՛ւք եք այս որոշման հետ ապրելու՝ ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը, դո՛ւք»:

Դատավորը կարծիք է հայտնել նաև այն մասին, որ տվյալ որոշումը չէր կարող կայացվել այն պարագայում, երբ դատարանում առկա է գերծանրաբեռնվածության խնդիր: Կայացված որոշումը հիմք ընդունելով՝ ըստ Սանոյանի՝ Նախշքարյանը գնահատականներ է տվել պետության կողմից իր պոզիտիվ պարտականությունը չկատարելու, մասնավորապես՝ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները լուծելու փոխարեն անհատ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ :

Բացի այդ, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ Նախշքարյանը միտում է տեսել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում: Բացի այդ, խնդրահարույց է որակել ԲԴԽ-ի որոշումը՝ համաչափության տեսանկյունից:

Նախարարության ներկայացուցիչը, հղում կատարելով մի շարք ակտերի, նշեց, որ դատավորը պետք է ձեռնպահ մնա հրապարակային կամ այլ մեկնաբանություններից, որը կարող է ազդել անձի կամ խնդրի վրա: Դատավորը միշտ պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են դատական իշխանության անաչառության և անկախության հետ, ինչպես նաև դրսևորի այնպիսի վարքագիծ, որ բարձր պահի դատավորի պաշտոնի համբավը:

Զարուհի Նախշքարյանը ներկայացրել է բացատրություն՝ խնդրելով կարճել վարույթը: Մասնավորապես բացատրության մեջ նշել է, որ օգտվել է Սահմանադրությամբ ամրագրված կարծիք արտահայտելու իրավունքից և այդ համատեքստում նախարարությունն ունի բավարար հիմքեր հարուցված վարույթը կարճելու համար:

Նախարարը գտել է, որ կարճման հիմքեր առկա չեն, ինչին հաջորդել է միջնորդությունը ԲԴԽ ուղարկելու որոշում կայացնելը:

Հայկ Սանոյանն ասաց, որ նկարագրված կարգապահական խախտումները դրսևորվել են դիտավորությամբ, քանի որ ցանկացած հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելը, այդ թվում կայացված դատական ակտի իրավաչափությունը կասկածի տակ դնելը ինքնին ենթադրում է անձի սուբյեկտիվ գնահատողական վերաբերմունքի արտացոլում՝ այս կամ այն հանգամանքի վերաբերյալ:

Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը կարգապահական վարույթի հիմք հանդիսացած դատավորի հարցազրույցներից մեջբերում արեց. «Տարիներ ի վեր 5000-ից ավել քաղաքացիական գործի տակ անմարդկային ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորին մեղադրում են 4 գործով վճիռը տևական ժամանակ ուշացնելու համար»։ Հետաքրքրվեց՝ արդյոք նշվածը դատարանում քննվող գործի վերաբերյալ կարծիք հայտնել է:

Նախարարության ներկայացուցիչ, նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը, դրական պատասխան տվեց, ինչին հաջորդեց Մելիքյանի հարցը՝ թե որ գործի վերաբերյալ է դիտարկվել որպես կարծիք: Մելիքյանն այլ մեջբերումներ էլ արեց նախարարի միջնորդությունից, որը վերցված էր դատավոր Նախշքարյանի հարցազրույցներից, գրառումներից, ինչին Ա. Սուջյանը պատասխանեց, որ հոդվածը դիտարկում են ամբողջության մեջ, ոչ թե առանձին դրվագներով:

«Կողմ քվեարկած անձինք, դո՛ւք եք այս որոշման հետ ապրելու՝ ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը, դո՛ւք». այս միտքը Զարուհի Նախշքարյանինն է, որն արտահայտել է Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու հանգամանքի վերաբերյալ:

Սա նույնպես դրվել է կարգապահական միջնորդության հիմքում: Նախարարության ներկայացուցիչ Սուջյանն այդ միտքը դատարանին ուղղված «սպառնալիք» որակեց:

Նախարարության դիրքորոշումն այն է, որ Նախշքարյանն առանձնացրել է Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը կողմ քվեարկած ԲԴԽ անդամներին:

Զարուհի Նախշքարյանը հարց ուղղեց Արդարադատության նախարարության ներկայացուցչին՝ թե ինչպես է ստացվում, որ միջնորդությունը ներկայացնելուց «ծաղկաքաղ» են արել իր հարցազրույցից, մինչդեռ, երբ իր ներկայացուցիչներն են հատվածներ մեջբերում, նախարարության դիրքորոշումը հակառակն է, որ պետք չէ առանձին մեջբերումներ անել, դիտարկել ամբողջության մեջ:

«Դա նշանակում է, որ այդ գործիքից մենք էլ կարող ենք օգտվել, այդպես չէ՞»,- հարցրեց Նախշքարյանը:

«Օգտվեք»,- հնչեց պատասխանը:

Զարուհի Նախշքարյանը խնդրեց, որ նախարարության ներկայացուցիչը մեջբերի այն դրվագները, որոնք պարսավելի են, ինքն անհամաձայնություն է հայտնում դատական ակտին: Հնչեց Արտյոմ Սուջյանի պատասխանը, որ առհասարակ կասկածի տակ է դրվել գործի անաչառ քննությունը: Հասարակական ընկալումն էլ այնպիսին է եղել, որ դատավորն ահազանգում է անարդար դատական ակտի մասին:

«Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջև և իրավունք ունեմ իմ հարցերը հնչեցնել մինչև վերջ»,- հայտարարեց Զարուհի Նախշքարյանը՝ դարձյալ պնդելով, որ որևէ մեջբերում չի անում նախարարության ներկայացուցիչը, որով ապացուցում է իր կողմից ԲԴԽ-ի որոշումը կասկածի տակ դնելը կամ ոչ օրինական անվանելը:

Արտյոմ Սուջյանն ասաց, որ «Դատական ակտը խնդրահարույց է իրավաչափության տեսանկյունից», «Դուք եք այս որոշման հետ ապրելու» մեջբերումներն արդեն կասկածի տակ են դնում ԲԴԽ-ի որոշումը:

Նախշքարյանը նաև հարց բարձրացրեց, որ դատավորների գերծանրաբեռնվածության հարց բարձրացնելը և այդ հիմքերով ԲԴԽ-ի առաջ դատավորներին կանգնեցնելը, որ ենթարկվեն կարգապահական պատասխանատվության, վերաբերել է գործադիր իշխանությանը, հետևաբար, ինչպես է դրանով կասկածի տակ դրվել դատական իշխանության կայացրած ակտը: Նախարարության ներկայացուցիչը դարձյալ ընդհանրական պատասխան տվեց՝ պնդելով, որ Նախշքարյանի ասածը վերաբերում է դատական իշխանությանը:

Հարց ու պատասխանից հետո Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչներից Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրականում, դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու քողի տակ Արդարադատության նախարարությունը պատժում է դատավոր Նախշքարյանին՝ դատավորների գերծանրաբեռնվածությունը չլուծելու հարցի առնչությամբ: Թիրախը եղել է արդարադատության նախարարը, վերջինս էլ, օգտագործելով գործիքակազմը, հարուցել է վարույթ դատավոր Նախշքարյանի նկատմամբ:

Բացի այդ, Սահակյանը նշեց հիմնավորումներ, որ վարույթը նախաձեռնվել է ոչ օրինական հիմքերով, հետևաբար միջնորդեց վարույթը կարճել:

Նախարարության ներկայացուցիչները խնդրեցին միջնորդությունը մերժել:

ԲԴԽ-ն որոշեց միջնորդությանն անդրադառնալ վերջնական որոշմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter