HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ում կադրերի անընդմեջ տեղաշարժ է

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է ԲՀԿ-ին մնա սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պորտֆելը, հաշվի առնելով այն, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պահպանեց ՀԱՕԿ նախագահի պաշտոնը:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմելու հետ կապված  իր հստակ դիրքորոշումն արդեն հայտնել է, եւ որեւէ փոփոխություն չի լինելու: Թե սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարն անձամբ ինչ որոշում կկայացնի, դա արդեն քաղաքական-իրավական որոշումներից դուրս է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի ժամանակավոր պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ինչ վերաբերում է վերջին օրերին ԲՀԿ-ի ներսում կադրային փոփոխություններին, մասնավորապես` կուսակցության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Բաղդասար Մհերյանի աշխատանքից ազատվելուն եւ ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանի հրաժարականին, ապա, ըստ Տիգրան Ուրիխանյանի, կուսակցությունում անընդմեջ կադրերի տեղաշարժ կա, ինչը կախված է նրանից, թե ով ինչ որակի գործունեություն է իրականացնում: «Եթե  իմ օգտակար գործողության գործակիցը բավարար չլինի, բնականաբար, իմ տեղը պետք է զբաղեցնի այլ մարդ, կարեւոր չի՝ նախկինը, թե այլ մարդ»,- ասաց Տ. Ուրիխանյանը:

Լրատվության պատասխանատուի խոսքերով` Բաղդասար Մհերյանն առողջական խնդիրներ ունի եւ վիրահատվելու է, սակայն նա ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ է եւ իր տեղը կունենա կուսակցությունում, նույնը սպասվում է նաեւ Խաչիկ Գալստյանին, սակայն թե ինչ ոլորտում, Տիգրան Ուրիխանյանը դժվարացավ ասել:

«Ես շատ կուզենայի եւ հուսով եմ, որ այդպես էլ կլինի, մամուլի խոսնակի կամ լրատվության պատասխանատուի գործունեությունից բավարարված լինեն նախ լրատվամիջոցները, երկրորդը` հասարակության լայն զանգվածները: Ես ուզում եմ, որ համապատասխան տեղեր զբաղեցնող մադիկ լիարժեք կատարեն իրենց ֆունկցոնալ գործառույթային պարտականությունները: Թե նախկիններն ինչ են արել, արդարացրել են իրենց, թե ոչ, դրա գնահատականը պիտի տա այն մարդն, ով իրենց նշանակել է»,- ավելացրեց Տիգրան Ուրիխանյանը:

Նշենք, որ Խաչիկ Գալստյանի փոխարեն Գագիկ Ծառուկյանը կուսակցության նախագահի մամուլի խոսնակ է նշանակել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Իվետա Տոնոյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter